«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2010-10-28 | #198, 2010-10-29 | #199, 2010-10-30


ԲՆԱՊԱՀՊԱՆՆԵՐԸ ՊԱՀԱՆՋ-ՆԱՄԱԿՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ

Այսպիսի եզրահանգման են եկել հոկտեմբերի 20-ին Գավառի ԲՏՀ Օրհուս կենտրոնում տեղի ունեցած կլոր սեղանի մասնակիցները: Բնապահպանները ՀՀ բնապահպանության նախարարությունից եւ ՀՀ դատախազությունից պահանջում են կատարել իրենց պարտավորությունները` «պետական, ռազմավարական եւ ազգային առաջնահերթության` Սեւանա լճի պահպանման վերաբերյալ եւ ապահովել Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա կառուցված ապօրինի շինության ապամոնտաժման մասին անհրաժեշտ իրավական փաստաթղթերով որոշում»:

Կլոր սեղանի մասնակիցները նաեւ հոկտեմբերի 29-ին բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին եւ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին ուղարկել են նամակ, որտեղ մանրամասն ներկայացրել են խնդիրը, մասնավորապես այն, որ, ըստ բնապահպանների, «պետական մարմինները չեն կատարել իրենց պարտականությունները, հաշվի չեն առնված ո՛չ սոցիալական, ո՛չ էկոլոգիական ռիսկերը: Խախտվել են մի շարք օրենքներ, օրինակՙ «Սեւանա լճի մասին» օրենքը, ՀՀ ջրային օրեսգիրքը, հողային օրենսգիրքը, «Կենդանական աշխարհի մասին» օրենքը, ինչպես նաեւ ՄԱԿ-ի Օրհուսի կոնվենցիան»: Բնապահպանները պատկան մարմիններից պահանջում են ստուգումներ անցկացնել ապօրինի շինության վայրում, գնահատել վնասները, որոնք հասցվել են Սեւանա լճի էկոհամակարգին եւ լեռնային լանդշաֆտին, ինչպես նաեւ խմելու ջրի պաշարներին, ապահովել ապօրինի կառույցի ապամոնտաժման գործընթացը բնապահպանական պետական տեսչության կազմած ակտերով եւ մարզային իշխանությունների ու համայնքների ներակայացուցիչների հետ համատեղ ստեղծել մոնիտորինգային խումբ` նշված պահանջների կատարմանը հետեւելու համար: Առանձին ՀՀ դատախազությունից պահանջում են հետաքննել «Զանգեզուր Էքսիմպ» ՓԲԸ-ի գործունեությունը` Արգիճի գետի Գայլաձոր վտակի վրա ապօրինի շինարարության վերաբերյալ, եւ ապահովել Գեղարքունիքի մարզպետի գրավոր հանձնարարության կատարումը` ժամանակին ապօրինի շինության ապամոնտաժման վերաբերյալ: Հիշեցնելով նախագահ Սարգսյանի խոսքը` «Եկել է Սեւանին պարտքերը վերադարձնելու ժամանակը», բնապահպանները հորդորում են այն ընդունել որպես կոչ: Վերոհիշյալ նամակի պատճեններն ուղարկվել են ՀՀ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանին եւ ՀՀ նախագահին առընթեր` «Սեւանա լճի հիմնահարցեր» հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Մովսիսյանին:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4