Վերջին օրերին մեկը մյուսի հետեւից կազմակերպվող գրքերի շնորհանդեսները անշուշտ ուրախալի փաստեր են, մանավանդ որ այդ գրքերն առնչվում են տարբեր ոլորտների: Հերթական շնորհանդեսը Հայաստանի գրողների միությունում էր: Օրվա հերոսուհին դերասանուհի, գրող, թարգմանչուհի Անահիտ Թոփչյանն էր: Այս տարի լույս է տեսել Անահիտ Թոփչյանի «Անհետացում» վեպը, որի շնորհանդեսը կազմակերպվել էր երեկ: Խոսելով գրքի մասին` հեղինակը նշեց, որ հերոսուհու ճակատագրի միջոցով փորձել է ներկայացնել մի ամբողջ սերնդի ու մշակութային շերտի կորուստը. «Հայաստանում անկախությունից հետո շատ կորուստներ ունեցանք` ե՛ւ մտավոր, ե՛ւ մարդկային ռեսուրսների»: Իր թվարկած կորուստները հեղինակն անվանել է անհետացում, որի համար շատերի սիրտն է ցավում, սակայն այդ մասին խուսափում են խոսել շիտակորեն: «Վեպում ես փորձել եմ խոսել դաժան ու շիտակ», ասաց հեղինակը:
Շնորհանդեսի ժամանակ Գրողների միության հախագահ Լեւոն Անանյանը նշեց, որ «Անհետացում» վեպը իրապես արժանի է մեծարանքի: «Ժամանակակից արձակի ժանրում ես դա համարում եմ նոր քայլ», ասաց Լեւոն Անանյանը ու ընդգծեց, որ վեպը կարդացվում է մի շնչով: Խոսելով ժանրային առանձնահատկությունների մասին` Լեւոն Անանյանը շեշտեց, որ գրքում առկա են ե՛ւ քաղաքական, ե՛ւ արկածային ու գեղարվեստական շերտերը: Գրքում հեղինակն անդրադարձել է նաեւ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերին: «Սա նաեւ քաղաքական վեպ է», «Ազգի» հետ զրույցում ասաց Անահիտ Թոփչյանը:
Վեպը դեռ անտիպ վիճակում ու ծածկանունով այս տարի արժանացել է Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի գրողների միության «21-րդ դարասկզբի հայը» մրցանակին: Մրցանակի գումարով էլ Անահիտ Թոփչյանը կարողացել է հրատարակել «Անհետացումը»: Շնորհանդեսի ժամանակ առանձին խոսքով հանդես եկավ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աելիտա Դոլուխանյանը . «Ի՞նչն էր պատճառը, որ դերասանուհւին դարձավ արձակագիր»: Ա. Դոլուխանյանն ինքն էլ պատասխանեց իր հարցին. «Երբ մարդն ունի տաղանդ, նա ինքնաարտահայտման ձեւեր է փնտրում: «Անհետացում» վեպը ե՛ւ համամարդկային է, ե՛ւ ազգային»: Ա. Դոլուխանյանը չհամաձայնեց այն կարծիքին, որ վեպն արկածային է. «Այն ավելի շատ հոգեբանական է»: Անահիտ Թոփչյանն արդեն իր որոշակի ավանդն ունի հայ արձակի մեջ: Աելիտա Դոլուխանյանը ցանկություն հայտնեց, որ «Անհետացումը» թարգմանվի տարբեր լեզուներով. «Վեպը հանգիստ կարելի է թարգմանել եվրոպական լեզուներով»:
«Անհետացումը» լույս է տեսել 500 օրինակով, վաճառվելու է գրախանութներում:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ