Գերմանիայի արտգործնախարար Գվիդո Վեստերվելեն կոչ է արել, որ Ռուսաստանի, Ուկրաինայի ու Բելառուսի քաղաքացիները առանց վիզայի կարողանան այցելել Եվրոմիության անդամ երկրներ, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը` հղում անելով գերմանական DPA գործակալությանը:
Գերմանիայի արտգործնախարարը նշել է, որ մուտքի արտոնագիր տրամադրելու համակարգում անհրաժեշտ է «հիմնարար թարմ սկիզբ»:
«Արեւելյան գործընկերության երկրների ու Ռուսաստանի քաղաքացիների համար տեղաշարժվելու իրավունքը ուժգին խթան կհանդիսանա Արեւելյան Եվրոպայի երկրների սոցիալ-տնտեսական զարգացման համար», հայտարարել է Վեստերվելեն: Հիշեցնենք` Արեւելյան գործընկերության ծրագրում ընդգրկված է նաեւ Հայաստանը:
Գերմանիայի արտգործնախարարի ելույթի տեքստը նախօրոք տրամադրվել է մամուլին: Նա ելույթ է ունենալու Բեռլինի համաժողովում, որի կազմակերպիչը Գյոթեի անվան միջազգային մշակութային գործակալությունն է:
Հ. Ա.