«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2010-10-29 | #199, 2010-10-30 | #200, 2010-11-02


ԱՂԴԱՄԸ ԴԱՐՁԱՎ ԱՍԿԵՐԱՆԻ ԹԱՂԱՄԱՍ

Արցախի կառավարության որոշմամբ Աղդամը վերանվանվել է Ակնա եւ դարձել Ասկերան քաղաքի թաղամասերից մեկը: Արցախի տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման վարչության պետ Սերգեյ Նասիբյանը, «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, ասել է, որ այդ որոշման նպատակն է «կարգավորել Աղդամում ապրող բնակիչներին հողահատկացումների գործընթացը եւ այլ կենցաղային հարցեր»: «Քանի որ կարգավիճակ առայժմ տրված չէ Աղդամին, այն որպես թաղամաս` Ակնա թաղամաս, մտնում է Ասկերանի քաղաքային համայնքի մեջ», ասել է Նասիբյանը:

Արցախի կառավարության տվյալներով` Աղդամում մշտապես բնակվում են 360-ից ավելի բնակիչներ, որոնք հիմնականում զբաղվում են հողագործությամբ եւ անասնապահությամբ:

Պետք է նկատել, որ մինչեւ այսօր Աղդամը, ի տարբերություն շրջակայքում գտնվող գյուղերի, կառավարության կողմից իրականացվող վերաբնակեցման ծրագրերում ընդգրկված չէր: Շրջանի բնակիչները, որպես հիմնական խնդիր, մատնանշել են հատկապես ջրի եւ հոսանքի բացակայությունը:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4