Տրանսպորտի եւ կապի նախարարությունում բացվեցին միջազգային մրցույթի առաջարկները
Ինչպես հայտնի է, Հյուսիս-հարավ ճանապարհի մաս կազմող Երեւան-Աշտարակ 11,7 կմ հատվածի վերակառուցման վերաբերյալ տրանսպորտի եւ կապի նախարարությունը միջազգային մրցույթ էր հայտարարել այս տարվա սեպտեմբերի 18-ին: Երեկ նախարարությունում հայտարարվեցին մրցույթի արդյունքները: Մինչ այդ տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հայտնեց, որ այս ճանապարհահատվածի վերակառուցման համար դիմել էին 13 կազմակերպություններ, բայց գրանցվել են 3 ընկերությունՙ ավստրիական, ամերիկյան եւ իսպանական: Ըստ նախարարի, նկատի ունենալով, որ առաջին անգամ միջազգային չափանիշներին համապատասխանող ճանապարհ ենք կառուցում, մինչեւ վերջ գործընթացն ընթանալու է հրապարակայնության սկզբունքով: Ուստի Մանուկ Վարդանյանը կոչ արեց բոլոր հայտնի ճանապարհաշինական ընկերություններինՙ մասնակցել հաջորդ մրցույթներին:
Այնուհետեւ ներկաները տեղեկացան մրցույթի մասնակից ընկերությունների գումարային առաջարկների մասին: Մասնավորապես, ավստրիական «Ստրաբագ ինտերնեշնլ» ընկերությունը Երեւան-Աշտարակ հատվածի վերակառուցման համար առաջարկել էր 51,1 մլն դոլար, ամերիկյան «Ֆելետեքնոլոջիս» ընկերությունըՙ 18,9 մլն դոլար, իսպանական «Էմ Ջի գրուաս» ընկերությունըՙ 22,6 մլն դոլար:
Արդյունքները հայտարարելուց հետո տրանսպորտի եւ կապի նախարարն ասաց, որ մրցույթների ամփոփման գործընթացը կտեւի 1 ամիս: Ներկայացված առաջարկները կներկայացվեն Հյուսիս-հարավ ճանապարհի կառավարման խորհրդի, ֆինանսավորող կառույցիՙ Ասիական զարգացման բանկի քննարկմանը, ապա հաղթող համարված ընկերության հետ կկնքվի ճանապարհի կառուցման պայմանագիրը: Ըստ Մանուկ Վարդանյանիՙ նախատեսվում է ճանապարհի կառուցման աշխատանքները սկսել եկող տարվա մարտին եւ ավարտել 2012-ի հոկտեմբերին:
Թե ո՞ր ընկերության առաջարկը կհամարվի լավագույնը Հայաստանի ճանապարհաշինության ոլորտում հայտարարված առաջին միջազգային մրցույթում, պարզ կդառնա ապագայում, բայց, ամենայն հավանականությամբ, ավստրիական ընկերության հնարավորությունները մեծ չեն: Նրա ներկայացրած գնային առաջարկը անհամեմատ թանկ է եւ 2,5-3 անգամ գերազանցում է մյուս ընկերությունների առաջարկներին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ