Թեքեյան թատերախումբը ներկայացրեց «Առնետաորսը» պիեսը
Հասնել ինքնամաքրման: Այսպիսի նպատակ էին իրենց առջեւ դրել «Առնետաորսը» ներկայացման հերոսները: Դրամատուրգ Պետեր Տուրինիի մեկ գործողությամբ համանուն պիեսը Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում հոկտեմբերի 29-ին ու 31-ին ներկայացնում էր Թեքեյան թատերախումբը: Ամսի 29 ու 31-ը պրեմիերային օրեր էին: Ներկայացման բեմադրիչն Աիդա Հովհաննիսյանն է: Հայաստանի Թեքեյան մշակութային միության (ՀԹՄՄ) Թեքեյան թատերախմբի տնօրեն Գայանե Մուրադյանը տեղեկացրեց, որ թատերախումբը ստեղծվել է 2004 թվականին ու հասցրել է բեմադրել շատ հետաքրքրական ներկայացումներ` Հրանտ Մաթեւոսյանի «Աշնան արեւը», Շեքսպիրի «Վերջի սկիզբը», Պերճ Զեյթունցյանի «Մի՛ նայիր հայելուն» ստեղծագործությունները: Թատերախումբը նաեւ բեմադրել է ներկայացումներ պատանիների ու երեխաների համար: «Որեւէ գործ բեմադրելուց առաջ Թեքեյան թատերախումբը հրավիրում է դերասաններին ու բեմադրիչին, որոնք խաղում են աշխատանքային պայմանագրով», ասաց Գայանե Մուրադյանը: Ներկայացումներում խաղացել են սիրված ու ճանաչված դերասաններ, օրինակ «Աշնան արեւի» մեջ խաղացել է Վիոլետա Գեւորգյանը, «Վերջի սկիզբը» ներկայացման մեջ` Գուժ Մանուկյանը:
Թեքեյան թատերախմբին օգնում եւ ֆինանսապես աջակցում է մշակույթի նախարարությունը: Գայանե Մուրադյանը տեղեկացրեց, որ թատերախումբը մասնակցել է հայաստանյան թատերական փառատոների, բարեգործական ծրագրերով հանդես է եկել մանկատներում: «Առնետաորսի» բեմադրությանը թատերախումբը ձեռնամուխ է եղել այս տարի: Հերոսները երկու հոգի են` կին ու տղամարդ, որոնք մինչեւ վերջ մեկը մյուսի անունները չեն իմանում: Ոչ էլ հանդիսատեսն է իմանում նրանց անունները: Պիեսը կնոջ ու տղամարդու փոխհարաբերությունների մասին է, որի տակ որոշակի գաղափար է թաքնված: Միմյանց լրացնելով` հերոսները ձգտում են հասնել ինքնամաքրման: Դերասանուհի Անի Պետրոսյանը ներկայացնում էր կնոջ կերպարը: Հայ հանդիսատեսին նրա խաղն ու կերպարը բավականին անսովոր ու համարձակ էին թվում. դերասանուհին մարմնավորել էր անբարոյական մի կնոջ: Տղամարդը, որի դերակատարը Հովակ Գալոյանն էր, մեքենաների գերեզմանոցում` աշխարհից կտրված, աղբով ծածկված մի վայրում, ստեղծել էր իր աշխարհը, որտեղ նա ձգտում էր հասնել բացարձակ ազատության: Ոչ պիտանի մեքենաների կտորներից նա հավաքել էր իր մեքենան, որով պետք է թռչեր ու հասներ ինքնամաքրման: Հերոսը անբարոյական կնոջը բերում է մեքենաների գերեզմանոց, սկզբում միմյանց չեն հասկանում, բայց հետո աննկատորեն սկսում են համաձայնության գալ եւ ազատվելով ամեն մի նյութականից` հասնել ինքնամաքրման: «Վերջում հերոսուհու ներքին աշխարհն այնքան տպավորիչ է դառնում ինձ համար», «Ազգի» հետ զրույցում ասաց Հովակ Գալոյանը :
Բոլոր գործողությունները կատարվում են մեքենաների գերեզմանոցում: Անի Պետրոսյանի խոսքով` պիեսն անդրադառնում է այնպիսի հարցերի , որոնց մասին հասարակությունը, տվյալ դեպքում նաեւ հանդիսատեսը խուսափում են խոսել:
Ինքնամաքրումից հետո հերոսների միջեւ սեր է ծնվում: Նրանք հնարավորություն ունեին երջանիկ լինելու, սակայն կյանքի ճահիճը նորից ձգում է նրանց ներքեւ, բայց այս անգամ ամենադաժան ձեւով. հերոսներին սպանում են... առնետները: Երկու կրակոց, եւ հերոսներն այլեւս չկան:
Խոսելով ներկայացման մասին, վաստակավոր ռեժիսոր Վահե Շահվերդյանը նշեց, որ աշխատանքը կարելի է հաջողված համարել. «Վերջում ծնվեց սեր, սակայն հերոսները դատապարտվեցին առնետների նույն ճակատագրին: Մարդիկ ոչնչացրին նրանց սերը: Իմ համար զգացմունքը չհասավ իր բարձրակետին»: Վահե Շահվերդյանի կարծիքով` թեեւ դերասանների խաղը շատ էր, բայց ընդհանուր առմամբ` ներկայացման դրական կողմերն ավելի շատ էին:
Աիդա Հովհաննիսյանը պատմեց, որ «Առնետաորսը» բեմադրել է նաեւ 1989 թվականին իր ուսանողների հետ Երիտասարդական էքսպերիմենտալ փոսի թատրոնում, որն այլեւս գոյություն չունի: «Ժամանակի պահանջից ելնելով` ստացվել են տարբեր ներկայացումներ», հավելեց բեմադրիչը: Աիդա Հովհաննիսյանը նաեւ դասախոսում է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կուլտուրայի ֆակուլտետի հեռուստառեժիսուրայի, օպերատորության եւ գեղարվեստական լուսանկարչության ամբիոնի վարիչն է: Ներկայացման նկարչական ձեւավորումը կատարել է Նարեկ Մարտիրոսյանը, երաժշտական ձեւավորումը` Ավետիս Պետրոսյանը, խորեոգրաֆն է Վլադիմիր Շահվերդյանը:
Գայանե Մուրադյանը տեղեկացրեց, որ ներկայացումները շարունակական են լինելու: Այստեղ տեղին է նորից մեջբերել Վահե Շահվերդյանի խոսքերը. «Ամենակարեւորն այն է, որ անկախ բոլոր ծանր պայմաններից, արվեստագետը չի դադարեցնում իր գործը: Երբ սպասվում է, որ արվեստագետների աշխատավարձը բարձրանալու է ընդամենը 15 տոկոսով, արվեստագետներն այնուամենայնիվ չեն վհատվում եւ շարունակում են արարել»:
ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ