Սփյուռքահայ ազգային-կրթական գործի լավագույն կազմակերպիչներից մեկիՙ Սիլվա Լ. Տեր-Ստեփանյանի նվիրումը հայ դպրությանը փաստվում է նրա անխոջ գործունեությամբ, որի արդյունքում սփյուռքի մեր կրթօջախները համալրվում են ոչ միայն բազմաբովանդակ դասագրքերով, մեթոդական ձեռնարկներով, բառարաններով, նաեւ օժանդակ-լրացուցիչ նյութերով. դրանք պատկերազարդ գրքույկներ, պարբերաթերթեր, խաղ-գրքույկներ, երաժշտական խտասալիկներ, տեսասալիկներ են եւ այլնՙ հասցեագրված ինչպես տարբեր տարիքի երեխաներին ու պատանիներին, նաեւ ուսուցիչներին: Նկատի են առնված ե՛ւ տարիքային առանձնահատկությունները, ե՛ւ սփյուռքահայ երեխայի միջավայրային դժվարությունները (ոչ հայախոս ընտանիքների): Գիտելիքի հաղորդման մեթոդի հիմքում ընկած է բնականաբար աստիճանական անցումները պարզից բարդին, նյութերիՙ ոչ միայն մատչելի, այլեւ պատկերավոր ներկայացումով:
Սիլվա Տեր-Ստեփանյանի կրթական ծրագիրըՙ մանրակրկիտ աշխատասիրված ուսուցման ամբողջական համակարգ է, որն ընդգրկում է մանկապարտեզային (3-5)ՙ «Բողբոջ», «Կոկոն», «Ծաղիկ», նախակրթարանային հասակները եւ ավելի բարձրՙ Զ եւ Է դասարանները: Արա-Մարալ դասագրքերի շարքը եւ ուսուցման օժանդակ նյութերը ներառում են գիտելիքի փոխանցման ամենատարբեր մակարդակներ եւ միջոցներ: Դասագրքերը տարբաժանվում են ընթերցանության, խոսելավարժության, քերականության, գրականության, աշխարհագրության, հայոց պատմության, կրոնի, ոտանավորների, թատերգության, ձեռարվեստի եւ այլն: Ուսուցման օժանդակ նյութերը ուղեցույցներ են, որոնք դյուրացնում են ուսուցչի գործըՙ մեկնաբանական-բացատրական տեքստերով եւ լրացուցիչ տեղեկություններով: Մեթոդական ձեռնարկներում տրված հանձնարարականները դասագրքերում ընդգրկված նյութերի ժամաբաշխումներին եւ չափաքանակին են նաեւ վերաբերում: Հաշվի առնելով լեզվական դժվարությունը, հայերենինՙ աշակերտի երբեմն ամբողջովին անհաղորդ լինելը, յուրաքանչյուր թեմայի համար սահմանված է որոշակի չափս (օրինակՙ 8-ական տողով): Դասընթացները հարստացնում եւ հետաքրքրական են դարձնում համապատասխան թեմաներով կազմված երաժշտական եւ այլ բնույթի խտասալիկները, ուսուցողական խաղերը, ժամանցային եւ խաչբառեր գունավորելու գրքույկները, զանազան պարբերաթերթերը եւ այլն:
Նախադպրոցական հասակի փոքրիկներին հասցեագրված են ընդհանուր զարգացմանն ուղղված մեթոդներՙ գունավոր պատկերազարդ դասագրքերով: Հայոց այբուբենի տառերի առաջին ծանոթացումը կատարվում է համարժեք հնչյունի, համապատասխան բառերի արտաբերումով, տառերը գունավորելով, երգերի, խաղերի, հայախոս եւ ոչ հայախոս հայերի համար նախատեսված բառարաններով, երեխայի կրթության դպրոցական մակարդակները նախապատրաստող այլ միջոցներով:
Սիլվա Տեր-Ստեփանյանի հեղինակած դասագրքերը, մեթոդական ուղեցույցներն ու մնացած ձեռնարկները գործածվում են Միացյալ Նահանգների Արեւելյան թեմին կից գործող Խրիմյան ճեմարանում (Նյու Ջերսի), ինչպես նաեւ հայկական ամենօրյա այլ կրթարաններում: Նրա ուսուցման մեթոդի հիմքում ընկած են ուսուցիչ-աշակերտ փոխհարաբերությունների անկաշկանդ անմիջականությունը, տվյալ դասաժամի սահմաններում գիտելիքի մատչելի փոխանցում ուսուցչի կողմից այնպես, որ աշակերտը դպրոցից տուն վերադառնա դասը սովորած: Նա մերժում է միակողմանի, վարժապետական «քարոզի» մեթոդըՙ առավելությունը տալով ուսուցման անհատականացված ձեւերին:
Հայ դպրոցների կրթական ծրագիրը նա հասցեագրել է 0-101 տարեկաններին, ինչը եւս ուսուցման մեթոդի բաց, մատչելի, համակողմանի բնույթի վկայություն է:
Առանձին հետաքրքրություն են ներկայացնում մեկօրյա, ամառային ութնօրյա եւ լրացուցիչ դասընթացների հեղինակային բազմաբովանդակ ծրագրերը, որոնք ամենատարբեր բնույթի ենՙ հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին, եկեղեցուն, կրոնին, նաեւ ձեռարվեստին, բարոյագիտությանը, կենցաղավարությանը վերաբերող: Ուշադրության են արժանի ազգային խորհրդանիշների ամենաաներեւակայելի ձեւերով նրա ստեղծած բազմաթիվ հուշանվերներն ու բացիկները, էջանիշները եւ այլ առարկաներ:
Մ. Բ.