«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#198, 2010-10-29 | #199, 2010-10-30 | #200, 2010-11-02


ՔԱՀԱՆԱ ՁԵՌՆԱԴՐՎԵՑԻՆ 16 ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐ

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ բարձրաստիճան հոգեւորականների, ինչպես նաեւ բազմախուռն հավատացյալների ներկայությամբ Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում հոկտեմբերի վերջին կիրակի օրը` ամսի 31-ին, ձեռնադրության խորհուրդ կատարվեց: Քահանա ձեռնադրվեցին 16 սարկավագներ: Նրանցից 12-ն ամուսնացյալ են, իսկ 4-ը` կուսակրոն քահանաներ, այսինքն` աբեղաներ: Ձեռնադրող սրբազանը Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանն էր: Դիմելով նորաօծ քահանաներին` Մկրտիչ սրբազանն ասաց. «Իբրեւ այսօրվա ամենամեծ պատգամ ձեզ ենք թողնում հայերեն առաջին նախադասությունը` «Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»: Սիրելի՛ նորաօծ եղբայրներ, 3-րդ հազարամյակի շեմին ձեզ է պատիվ արված լինելու մեր ընտրյալ ժողովրդի անտեսանելի Աստծո թարգմանիչները: Անտեսանելի Աստծուն լավագույնս թարգմանելու ձեր կարողությունից է կախված մեր ժողովրդի ապագան: Եթե դուք լավ թարգմանիչներ եք, ուրեմն կենդանի է Աստված ու նրա զորությունն ի մեջ հայկազյան ցեղի»:

Ձեռնադրությունը Հայ առաքելական եկեղեցու յոթ խորհուրդներից է: Կիրակի օրը ձեռնադրման խորհրդի մեջ որպես խարտավիլակ հանդես էր գալիս Կոմիտաս վարդապետ Հովնանյանը: Արման սարկավագ Ահարոնյանը , որը Մկրտիչ սրբազանի քարտուղարն է, բացատրեց, որ ձեռնադրության խորհրդի մեջ խարտավիլակն այն հոգեւորականն է, որը սարկավագներին ներկայացնում է ձեռնադրող եպիսկոպոսին: 16 սարկավագները, ձեռնադրվելով քահանա, ստացան նոր անուններ: Վեհափառ հայրապետն անձամբ մոտեցավ ու շնորհավորեց նորաօծ քահանաներին: Վերջում քահանաներին շնորհավորելու հնարավորություն ունեցավ նաեւ հավատավոր ժողովուրդը:

Նորաօծ քահանաներից Մովսես աբեղա Սարգսյանը , խոսելով իր ապրումների եւ զգացողությունների մասին, ասաց. «Երկար ենք սպասել այսօրվան ու երկար պատրաստվել: Հիմա հասել ենք արդյունքի, բայց սա վերջը չէ: Ամեն ինչ դեռ նոր է սկսվում»: «Ազգի» հետ զրույցում Մովսես աբեղան ամենից շատ կարեւորեց հետեւյալը. «Կա գիտակցումը, որ ունենք ամուր կամքՙ հաղթահարելու ամեն տեսակի փորձություններն ու դժվարություններն ի սեր մեր եկեղեցու եւ ի փառս Աստծո»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4