Ըստ Գալուստ Սահակյանի
ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը երեկ մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել: Նա նախ կրկնել է իր ավելի վաղ արտահայտած տեսակետը, թե առաջիկա (2012-ի) խորհրդարանական ընտրություններում հաղթելու շանս ունեն խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերն ու ՀԱԿ-ը, եթե վերջինս լավ աշխատի: ՀԱԿ-ն ավելի շուտ պետք է լարված աշխատանք սկսեր, վերջին տարիներին շատ քիչ գործ է արել:
ՀՀԿ-ն, ըստ նրա, հակված չէ դաշինքներով գնալու խորհրդարանական ընտրությունների` Հայաստանի քաղաքական դաշտում դաշինքները մեծ արդյունավետություն չունեն, ավելի լավ կաշխատի քաղաքական ուժերի հետ համաձայնեցված համագործակցությամբ մասնակցությունն ընտրություններին:
Գագիկ Ծառուկյանի այն հայտարարությունը, թե ԲՀԿ-ն պայքարելու է 50+1 տոկոսի համար` Գ. Սահակյանը նորմալ համարեց, ՀՀԿ-ն էլ է պայքարելու մեծամասնություն ունենալու համար:
Իսկ թե ՀՀԿ-ն կատարե՞լ է անցյալ խորհրդարանական ընտրություններին տված իր խոստումները` Գ. Սահակյանն ի պատասխան նկատեց, թե աշխատել են, չնայած գուցե եւ արվածը չգոհացնի ժողովրդին, բայց եւ` ճգնաժամ են հաղթահարել. «Ֆորսմաժորային մի ժամանակաշրջան ապրեցինք: Որեւէ մեկը չէր մտածում, որ ճգնաժամ կլինի, բայց անգամ այդ պայմաններում կարողացել ենք բավական խնդիրներ լուծել: Սոցիալական բլոկին ձեռք չենք տվել: Իսկ կատարել ենք շատ մեծ ծրագրեր: Մենք միակ պետությունն ենք, որ երբեք սոցիալական բլոկին ձեռք չենք տվել»: Ավելի ուշ նա հավաստիացրեց. «Կոնկրետ քաղաքական այն ուժը, որ ես ներկայացնում եմ, հիմնական խնդիր ունիՙ այն, ինչ խոստացել ենք, մինչեւ ընտրվելը, մինչեւ նոր ընտրություններ հաղթահարված տեսնել, եւ այն խոստումները, որ տվել ենք ժողովրդին, կարողանանք կատարել: Մեր խնդիրը դա է: Մյուսները պետք է ծրագրեր ձեւավորեն, ներկայացնեն ժողովրդին, ինչու չէՙ նաեւ երազային խաբկանք տպավորություն թողնեն, որ կամաց-կամաց ժողովրդի վերաբերմունքը ձեւավորվի դեպի իրենց կողմ: Ընտրությունները բարդ բան են, պարզապես անհրաժեշտ է շատ չխոսել, ավելի լավ նախապատրաստվել», նկատեց նա:
Լրագրողներն ուզեցին Գ. Սահակյանից հավաստիացում ստանալ, թե ՀԱԿ-ն է միայն իրական ընդդիմությունը. «Ընդդիմադիր է, բայց ո՞ւմ է ընդդիմադիր, ինչի՞ համար է ընդդիմադիր, այդ ընդդիմադիր լինելն ինչքանո՞վ առնչություն ունի ժողովրդի հետ, կամ ժողովրդի մեջ կատարած ո՞ր աշխատանքի մասին է խոսքը: Մեր քաղաքական ուժերի գործունեությունը հիմնականում Երեւանի սահմաններից դուրս չի գալիս` դրա համար եմ ասում` պետք լավ քարոզչական մեքենա աշխատեցնեն... Գոնե մի քանի երգ պետք է ունենալ, տարբեր ժամանակներում փոփոխել: Անընդհատ նույն երգը, նույն խոսքը... ՀԱԿ-ի հաջորդ հանրահավաքին Լեւոն Տեր-Պետրոսյանի ելույթն արդեն ակնկալում են, թե ինչ պետք է խոսի, կամ ելույթ ունեցողներն ի՞նչ պետք է ասեն»:
ՀՀԿ-ն էլ նորություններ չի ասում. այս դիտարկմանն ի պատասխան Գ. Սահակյանը նկատեց, թե իշխանական ուժերը երգելու խնդիր չունեն` իշխանության գալու համար նոր երգ պիտի հորինի ընդդիմությունը. «Մենք մեր երգն արդեն երգել ենք: Չէ, կարապի երգը չէ, մենք պետք է աշխատենք, մենք երգելու ժամանակ չունենք», ասաց Գալուստ Սահակյանը` հավելելով, որ նոր ուժը պետք է համարյա հեքիաթասաց լինի, իդեալներից խոսի, իսկ ժողովրդին ոգեւորել է նաեւ ՀՀԿ-ն, բայց քաղաքական պոպուլիզմն այդպես էլ չի կարողացել սովորել: Վա՞յ:
Մ. Խ.