Միջազգային կառույցների գնահատականները ներկայացնելովՙ ահազանգում են ոլորտի ներկայացուցիչները
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) ոլորտում Հայաստանը թեեւ որոշ զարգացումներ ունի, բայց աշխարհում այս ոլորտն անհամեմատ ավելի արագ, կարելի է ասել, հեղափոխական զարգացում է ապրում: Սա էր երեկ «Հենարան» ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի բանախոսներ, Հանրային խորհրդի անդամ Հովիկ Մուսայելյանի եւ «Տնտեսություն եւ արժեքներ» կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանի արտահայտած հիմնական միտքը: Այդ գնահատականը հիմնված է միջազգային կառույցների հրապարակած զեկույցներում Հայաստանի գրանցած ցուցանիշների եւ զբաղեցրած տեղի վրա:
Մանուկ Հերգնյանը, ներկայացնելով Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած ցանցային պատրաստվածության համաթիվը, հայտնեց, որ այդ ցուցանիշով Հայաստանը 133 երկրների մեջ զբաղեցնում է 101-րդ տեղը: Ադրբեջանը զբաղեցնում է 64-րդ տեղը, Ղազախստանըՙ 68-րդ, Ռուսաստանըՙ 80-րդ, Ուկրաինանՙ 82-րդ, Վրաստանըՙ 93-րդ տեղը: Ըստ «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահի, թեեւ 13 աստիճանով առաջընթաց ենք գրանցել, բայց 101-րդ տեղը բավարար ցուցանիշ չէ: Համակարգիչների օգտագործման ցուցանիշով զբաղեցնում ենք 105-րդ տեղը, պատրաստվածության ցուցանիշովՙ 91-րդ: Կոնկրետ անհատների պատրաստվածության ցուցանիշով շատ ավելի առջեւում ենքՙ 52-րդ տեղ, իսկ բիզնեսի եւ կառավարության պատրաստվածության ցուցանիշով համապատասխանաբար 120-րդ եւ 111-րդ տեղերում ենք: Մանուկ Հերգնյանի ներկայացրած մի շաք այլ ցուցանիշներով նույնպես Հայաստանը զիջում է տարածաշրջանի երկրներին, իսկ, օրինակ, ՏՏ ոլորտի արդյունաբերության ցուցանիշը, որը կազմում է ՀՆԱ 2 տոկոսը, նրա բնութագրմամբ վատ չէ: Այդուհանդերձ, Հայաստանի սահմանափակ բնական ռեսուրսները եւ տրանսպորտային հնարավորություննները նկատի ունենալով, հենց այս ոլորտում մեր երկիրը պետք է ձգտի առաջատար լինել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ աշխարհում:
Ասածին համաձայնեց Հովիկ Մուսայելյանը , ավելացնելով, որ մեր հարեւան երկրներում չնայած ՏՏ ոլորտը չի հռչակվում գերակայություն, բայց արվում են կոնկրետ քայլեր այն զարգացնելու ուղղությամբ: Ըստ նրա, ժամանակն է, որ դեկլարատիվ հայտարարություններից եւ հայեցակարգեր մշակելուց կառավարությունն անցնի ոլորտը խթանող կոնկրետ գործողությունների: Որպես նման գործողությունների օրինակ Հովիկ Մուսայելյանը նշեց կրթական ոլորտում ներդրումները հարկումից ազատելը կամ ՏՏ ոլորտի համար վարկային արտոնությունները: Նրա համոզմամբ, այս ոլորտում մեր առավելությունն այն է, որ հայ ինժեներական միտքը արագ է ընկալում նորարարությունները, ինչը մատնանշում են այստեղ գործող օտարերկրյա ընկերությունների ներկայացուցիչները: Ներկայացնելով ՏՏ զարգացման մի քանի ուղղություները, որոնցով գնացել են տարբեր երկրներ, Հովիկ Մուսայելյանն առավել ընդունելի եւ իրատեսական համարեց Հայաստանի համար իռլանդական կամ սինգապուրյան մոդելը, որը ենթադրում է խոշոր օտարերկրյա ընկերությունների մուտք Հայաստան, որոնք կխթանեն ոլորտի եւ տնտեսության զարգացմանն ընդհանրապես:
Հարցին, թե բերված ցուցանիշների համատեքստում ինչպե՞ս կարելի է բնութագրել հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցչի այն հայտարարությունը, որ Հայաստանում ինտերնետից օգտվելու մակարդակը 47 տոկոս է կամ 1,5 մլն մարդ, Հովիկ Մուսայելյանը պատասխանեց հայկական ռադիոյի անեկդոտ հիշելով: Ըստ այդ անեկդոտի, հայկական ռադիոյին հարցնում են, թե քանի՞ հոգի են ինտերնետից օգտվում ռադիոյով, պատասխան են ստանումՙ 100 տոկոսով:
Նույն հարցին պատասխանելիս Մանուկ Հերգնյանն ասաց, որ ինտերնետից օգտվողների թվի գնահատման խնդիր կա: Մինչեւ վերջերս համարվում էր, որ բնակչության 6 տոկոսն է օգտվում, բայց այդ տվյալները թարմացման անհրաժեշտություն ունեն: Այժմ, ըստ Մանուկ Հերգնյանի, այդ թիվն էապես բարձրացել է, եւ 47 տոկոսը կարող է ֆանտաստիկ չլինել, բայց դա ընդամենը բաց թողածի լրացում է: Այն դեպքում, երբ դեռ 2002-ին աշխարհում բջջային կապից օգտվողների թիվը գերազանցեց ֆիքսված կապից օգտվողների թվին, իսկ 2005-ին ինտերնետից օգտվողների թիվըՙ ֆիքսված կապից օգտվողներին, երբ նման հեղափոխական զարգացումները մեր կողքով են անցել, նման ցուցանիշը ընդամենը անհրաժեշտություն է, որը վաղուց պետք է լիներ: