Նոյեմբերի 8-14-ը Երեւանում անցկացվելու է «Մեկ քառակուսի մետր» թատերական ամենամյա 5-րդ փառատոնը: Ներկայացումները բեմադրվելու են ՆՓԱԿ թատրոնում: Փառատոնի հիմնադիր-նախագահ Գագիկ Ղազարէի խոսքով` ներկայացումները պետք է բեմադրվեն մեկ քառակուսի մետր տարածքում: Մյուս սահմանափակումն էլ այն է, որ ներկայացումները պետք է տեւեն մինչեւ 45 րոպե: Արվեստագետի առջեւ խնդիր է դրվելու հանդես գալ սահմանափակ տարածության մեջ: Երեկ «Արմատ» ակումբում Գագիկ Ղազարէն նշեց, որ փառատոնն ուրիշ սահմանափակումներ չունի: Մյուս բանախոսը` ՆՓԱԿ-ի համահիմնադիր Էդուարդ Պալասանյանը , խոսելով փառատոնի առանձնահատկությունների մասին, նշեց. «Երբ սահմանափակումներ ես դնում արվեստագետի առջեւ, նրա միտքը սկսում է աշխատել ելք եւ միջոցներ գտնելու ուղղությամբ: Այստեղ արվեստագետը հետաքրքրական լուծումներ է գտնում»: Ռեժիսոր, դերասան, գրող ԳարՍուն էլ հավելեց, որ մեկ քառակուսի մետր թվացյալ սահմանափակումը նոր դաշտի բացման հնարավորություններ է տալիս: «Մեկ քառակուսի մետրը» պրեմիերաների փառատոն է: Այս տարի 15 ներկայացումներ են բեմադրվելու: Մասնակիցները լինելու են Իրանից, Ֆրանսիայից, Լեհաստանից, Միացյալ Նահանգներից եւ Հայաստանից: Փառատոնը մի քանի մրցանակներ է նախատեսում: Գլխավոր մրցանակը կոչվում է «Հեղինակների ձայն», որին արժանանում է ամենից շատ ձայներ ստացած ներկայացման բեմադրիչը: Այս դեպքում քվեարկությանը մասնակցողները փառատոնին մասնակից բեմադրիչներն են, եւ ամեն մի քվեարկող իրավունք չունի քվեարկելու իր օգտին: Լինելու են նաեւ մրցանակներ «Լավագույն մեկ քառակուսի մետր ներկայացում», «Լավագույն գրական հիմք», «Լավագույն բեմադրիչ» եւ «Լավագույն դերասան» անվանակարգերով: «Մեկ քառակուսի մետրին» կարող են մասնակցել ե՛ւ փորձառու, ե՛ւ սկսնակ բեմադրիչները: Փառատոնի ֆինանսական ծախսերը հոգում է Նորարար-փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ):
Ի. Պ.