Արտաշես Մելքոնյանին դատապարտել են 2,5 տարվա ազատազրկման` առանց մեկ իսկ ապացույցի
ԱՂԱՎՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Խորհրդային Միության փլուզումից հետո շատերի համար մեքենայով անցումը Հայաստանից Ռուսաստան Վրաստանով եւ Հյուսիսային Կովկասով այնպիսի վտանգների առաջ կարող էր կանգնեցնել, որ կյանքի գնով անցումը պետք էր հավասարակշռել բոլոր հարցերի առնչությամբ: Ինչպես վրացիները, հատկապես ոստիկանները, այնպես էլ ինգուշները, կաբարդիններն ու Հյուսիսային Կովկասի մյուս ժողովուրդների ներկայացուցիչները թալանում էին այդ ճանապարհին հայտնվածներին, սպառնում, բռնություն կիրառում, վերցնում վերջին կոպեկն ու անգամ մեքենաները:
Այս հիշողությունները բնավ էլ անցյալի կատեգորիա չեն, քանի որ մերօրյա իրականությունը եւս այդ ճանապարհի թալանչիների որոշ օրինակներ է ներկայացնում, ու չհիշել այդ հանցագործ իրողություններն ու վայրենու կերպարով ներկայացող թալանչիներին հնարավոր չէ:
Հայաստանի քաղաքացի Արտաշես Մելքոնյանի պարագայում վրացական իշխանությունները հարցին մոտեցել են այնպիսի կեցվածքով, որ արդարադատության մասին հայաստանյան տխուր պատկերացումները դրախտին մոտ իրավիճակ են թվում: 36-ամյա երիտասարդը, Ռուսաստանում ապրող եւ աշխատող Հայաստանի շատ այլ քաղաքացիների նման, վրացական սահմանը Վերին Լարսում հատելուց հետո ձերբակալվել է:
Ձերբակալվել ու արդարադատությանը որեւէ առնչություն չունեցող վրացական դատական ատյանի կողմից դատապարտվել է 2,5 տարվա ազատազրկման մի բանի համար, որ չի արել: Ընդ որում, դատավճիռ է կայացվել առանց մի փաստի, հանգամանքի, վկայի, որ հնարավոր կլիներ դնել Արտաշեսի նկատմամբ ներկայացված մեղադրանքի հիմքում:
2009 թվականի մայիսին Պյատիգորսկում ապրող եւ աշխատող Արտաշես Մելքոնյանը, իր շատ հայրենակիցների նման, ռուսաստանյան գրանցումը կրկին իրականացնելու համար Ադլերի անցակետով հատել է ռուսական սահմանը, սակայն այդպես էլ Աբխազիա չի մտել: Հայտնվելով չեզոք գոտում` Արտաշեսը չի անցել աբխազական կողմ, հետեւաբար չկա եւ ոչ մի կնիք, չկա վկայություն, որ նա մտել է Աբխազիա: Կարեւոր է, որ ռուսաստանյան միգրացիոն ծառայությունը բավարարվում է երկրից ելքի եւ մուտքի կնիքներով` առանց կարեւորելու այլ երկիր մուտքի մասին վկայող կնիքները:
Խնդիրն այն է, որ, ինչպես բազմիցս նշել է «Ազգ» օրաթերթը, Ադլերից Աբխազիա սահմանը վրացական կողմը դիտարկում է որպես «վրացական սահման, բայց որտեղ չկան վրացի սահմանապահներ եւ անցակետ»: Արդյունքում բոլոր նրանք, ովքեր հատել են այդ հատվածը եւ անձնագրում ստացել աբխազական կողմի կնիքը, վրացական օրենսդրության համաձայն, համարվում են «վրացական պետական սահմանը խախտողներ», որոնց Վրաստան այցելության դեպքում սպառնում է ազատազրկում կամ զգալի չափերի հասնող տուգանք:
Արտաշեսի պարագայում էլ 2010-ի սեպտեմբերին Վերին Լարսով Ռուսաստանից տուն վերադառնալու փորձն այդպես էլ հնարավորություն չտվեց հասնելու Հայաստան: Հենց սահմանին ձերբակալված հայաստանցուն վրացական իշխանությունները մեղադրանք ներկայացրին, թե Արտաշեսը մտել է Աբխազիա, ինչով հենց «խախտել է օկուպացված տարածք մուտքի կարգը»:
Շատ հետաքրքրական է, որ Արտաշեսին ներկայացված մեղադրանքի մասին փաստաթղթում նշվում է, թե նրա ձերբակալությունն իրականացվել է «բավարար ապացույցների հիման վրա», երբ Արտաշեսի անձնագրում աբխազական կողմի կնիք չկա: Որպես ապացույց մեղադրանքի հիմքում դրվել է Վերին Լարսի անցակետում Արտաշեսի անձնագիրը ստուգած սահմանապահի ցուցմունքը. ա՜յ քեզ արդարադատություն: Ավելին, քննիչի մեղադրանքի առնչությամբ փաստաթղթում անընդհատ նշվում է, թե կան փաստեր եւ ապացույցներ, բայց դրանցից ոչ մեկը որպես օրինակ անգամ չի նշվում:
Ինչեւէ, արդեն հոկտեմբերի 25-ին մեկ դատական նիստով Թբիլիսիի առաջին ատյանի դատարանը «գործը լսում ու դատապարտում է» Արտաշեսին 2,5 տարվա ազատազրկման: «Ազգի» տեղեկություններով, դատական նիստի ընթացքում դատախազն Արտաշեսին առաջարկել է ազատազրկումը փոխարինել 20000 լարի (մոտ 11 հազար ԱՄՆ դոլար) տուգանքով: Միայն երեւակայել է պետք, թե ինչ ախորժակ ունի վրաց դատական իշխանությունը, երբ նման տուգանք է ներկայացնում մարդու, որը հենց էժանության համար է նախընտրել անցնել թերեւս շատերի համար անիծյալ Վերին Լարսի անցակետով, այլ ոչ թե ընտրել առավել ապահով` օդային ուղին:
Հստակ է, որ նման տուգանքով ազատազրկումը փոխարինելու առաջարկն ուղղակի ձեւական բնույթ է կրել թեկուզ այն պարզաբանմամբ, որ նմանատիպ իրավիճակներում նախկինում վրացական իշխանությունները բավարարվում էին 2-3 հազար դոլարի չափով տուգանքներ նշանակելով: Արտաշեսի դեպքում ստացվում է, որ ընդհանրապես ոչ մի բանի համար դատապարտվելու փոխարեն նման ծանր տուգանքն ուղղակի անհեթեթություն է:
Անհեթեթությունների բաժնից է եղել նաեւ դատական նիստը, որ անցկացվել է մեկ օրում, արագ տեմպերով եւ խախտումների այն հիմնական փաթեթով, որ հայերի նկատմամբ կիրառվում են վրացական դատարաններում: Թե թարգմանության անորակության, դատավորի կամայականությունների, դատախազի անհիմն հայտարարությունների ինչ դրսեւորումներ կարող են լինել վրացական դատարանում, «Ազգը» ներկայացրել է ջավախահայ քաղաքական ակտիվիստ Վահագն Չախալյանի դատավարության ողջ ընթացքում:
Ամեն դեպքում, Արտաշես Մելքոնյանին վրացական իշխանությունները դատապարտել են 2,5 տարվա ազատազրկման, ինչի՞ համար` ոչ մի բանի` խախտելով ոչ միայն մի շարք միջազգային կոնվենցիաներ, այլեւ մարդու իրավունքների ամենահիմնարար դրույթներ` անմեղության կանխավարկածից մինչեւ ապօրինի ազատազրկում: Եթե այլ պարագաներում կան անձնագրերում աբխազական կնիքներով դատական գործերի օրինակներ, ապա այս դեպքում վրացական իշխանությունները ապօրինություն են դրսեւորում` մարդու դատելով առանց որեւէ հիմքի:
Արդեն իսկ երեկ Արտաշես Մելքոնյանի գործով վերաքննիչ դատարան բողոք է ներկայացվել: Ու թեեւ պետք է հուսալ, որ վրացական վերաքննիչ դատարանում ուղղակի կհասկանան մեղադրանքի անհիմն լինելը, առանձնակի լավատեսություն այս հարցում ունենալու հիմք չկա: Թերեւս կարելի է հույսեր կապել Եվրոպական դատարանի հետ, որտեղ արդեն որեւէ մեկը չի կարողանա պնդել, թե Մելքոնյանը խախտել է վրացական «օկուպացված տարածքներ մուտքի կարգին» վերաբերող օրենսդրությունը: