«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


ՔԱՆԻ՞ ԵԿԵՂԵՑԻ ՊԻՏԻ ՎՐԱՑԱԿԱՆԱՑՎԻ, ՈՐ ՊԱՅՔԱՐԵՆՔ ՄՆԱՑՅԱԼԻ ՀԱՄԱՐ

Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին վրացիները ցանկանում են դարձնել վրաց կաթոլիկ կենտրոն, եւ այդ նպատակով եկեղեցում իրականացվում են բարեկարգման աշխատանքներ: Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հասարակական կազմակերպության նախագահ, հուշարձանագետ Սամվել Կարապետյանը մտահոգություն է հայտնում այս առնչությամբ:

Նրա հաստատմամբ, վերջին տարիներին վրաց պատրիարք Իլյա Երկրորդի հովանավորությամբ Ախալցխայի հայ կաթողիկե եկեղեցիների յուրացման փորձ է արվում: «Արմատ» ակումբում երեկ հրավիրված ասուլիսում արված հայտարարության համաձայն, Ախալցխայի շրջանում արդեն իսկ որպես վրացական են օծվել հայկական երկու եկեղեցի: Այսինքն` հայկական եկեղեցիներն օծելով վրացական` վրաց եկեղեցին յուրացնում է դրանք, խլում հայ համայնքից:

Այժմ էլ նույն քաղաքականությամբ եւ հոգեբանությամբ վրացական եկեղեցին փորձում է «լուծել» Ախալցխայի Երեւման Սուրբ Խաչ հայկական եկեղեցու հարցը` տարբերությամբ, որ հայկական այլ եկեղեցիները վրացական ուղղափառ դարձնելու փոխարեն որոշվել է Երեւման Ս. Խաչը թողնել կաթողիկե, բայց դարձնել վրացական: Կարապետյանի ներկայացմամբ, հենց այդ նպատակով էլ սկսվել են եկեղեցու ներսի մաքրման աշխատանքները, եւ արդեն արծարծվում են հայկական եկեղեցին վրաց կաթողիկե համայնքին հանձնելու լուրերը: Ողջ խնդիրն էլ այն է, որ վրացի կաթոլիկներ Ախալցխայում չկան, ուստի հայ կաթոլիկները ստիպված կարող են դառնալ վրացականացված եկեղեցու այցելուներ:

Որ այս առնչությամբ առանձնակի որեւէ մտահոգություն չի հնչել ոչ հայ առաքելական, ոչ կաթողիկե եկեղեցիների կողմից, նորություն չէ, եւ այս հարցին քանիցս անդրադարձել է նաեւ «Ազգ» օրաթերթը: Սամվել Կարապետյանի խոսքով, այս հարցով պետք է իր մտահոգությունը հայտներ նաեւ Հայ առաքելական եկեղեցին, քանի որ Երեւման Սուրբ Խաչ հայկական եկեղեցին դարեր շարունակ եղել է հայ առաքելական, միայն 18-րդ դարի սկզբին է փոխանցվել տեղի հայ կաթողիկե համայնքին:

«Մենք չենք կարող ձեռնպահ վիճակում տեր մնալ մեր արժեքներին: Ես չեմ իմանումՙ էլ քանի՞ եկեղեցի վրացիները պետք է զավթեն, յուրացնեն: Նրանք արդեն սողոսկել են Գուգարքի անտառները, որտեղ դարերով ամայի գյուղատեղիների եկեղեցիներն ու գերեզմանոցներ են վերացնում: Մեր տան միջից մեր հետքն են վերացնում», իր անհանգստությունն է հայտնում հուշարձանագետը:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4