«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


ՄԱՄԵԴՅԱՐՈՎԸ «ՇՐՋԱԴԱՐՁ» Է ԱԿՆԿԱԼՈՒՄ ԱՍՏԱՆԱՅՈՒՄ

Աֆղանստանի տարածաշրջանային տնտեսական համագործակցության 4-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Ստամբուլ ժամանած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը պատասխանել է լրագրողների հարցերին, որոնք վերաբերել են նաեւ ղարաբաղյան հիմնախնդրին: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը` մեջբերելով թուրքական Tumgazeteler լրատվական կայքը: Աղբյուրի համաձայն` Մամեդյարովը նշել է, որ առաջիկայում հանդիպելու է ՀՀ արտգործնախար Էդվարդ Նալբանդյանի հետ: Բայց նա դեռ վաղ է համարել նշել, թե հանդիպման ժամանակ ինչ հարցերի շուրջ են քննարկում ծավալելու: «Աստրախանում հագեցած բանակցություններ եղան: Երեք նախագահներն էլ արտգործնախարարներին հրահանգել են շարունակել բանակցությունները: Մոտ ժամանակներս աշխատելու ենք հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Այդ հանդիպումից հետո հանդես կգանք հայտարարությամբ, բայց վաղ է դեռ հանդիպումը չկայացած որեւէ հայտարարություն անել», ասել է Մամեդյարովը: Նա նաեւ նշել է, որ դեկտեմբերի 1-2-ին Ղազախստանում հրավիրվելիք ԵԱՀԿ-ի գագաթաժողովը «շրջադարձային նշանակություն կարող է ունենալ ղարաբաղյան խնդրի լուծման համար»: Ըստ Ադրբեջանի առաջին դիվանագետի` «պատրաստվել է Կովկասին երկարատեւ խաղաղություն բերող մի ճանապարհային քարտեզ»: Ավելորդ չենք համարում հավելել, որ Հայաստանում իշխող կուսակցությունից երեկ հնչեց կարծիք, որ «առանց Ղարաբաղի Հայաստանը որեւէ ճանապարհային քարտեզ չի ստորագրի Աստանայում»:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4