Տեխնիկական եւ ոչ միայն տեխնիկական թափթփվածության ուղեկցությամբ
Հայ-էմիրաթական գործարար համաժողովը երեկ բացվեց Երեւանում: Հայաստանի համար Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ համագործակցության կարեւորությունը կարելի է գնահատել թեկուզ այն փաստով, որ գործարար համաժողովին ներկա էր եւ ողջույնի խոսքով հանդես եկավ Հայաստանի վարչապետը:
Տիգրան Սարգսյանը մասնավորապես նշեց, որ ԱՄԷ-ի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը պարտավորեցնում է բարձրացնել նաեւ երկու երկրների տնտեսական համագործակցության մակարդակը: Այս համաժողովը, ըստ վարչապետի, հնարավորություն է տալիս զարգացնելու հարաբերությունները երկու երկրների գործարարների միջեւ, ներկայացնելու Հայաստանի ներդրումային գրավչությունը: Հայաստանին հատկապես հետաքրքրում է համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, միջուկային ֆիզիկայի, միջուկային բժշկության, զբոսաշրջության, գյուղմթերքների վերամշակման, շինանյութերի արտադրության, քաղցրահամ ջրի արտահանման ոլորտներում: Տիգրան Սարգսյանը արաբ գործարարների ուշադրությունը հրավիրեց «Զվարթնոց» օդանավակայանում ստեղծվող ազատ տնտեսական գոտուն: Նա նաեւ հույս հայտնեց, որ ԱՄԷ-ում կայանալիք հաջորդ գործարար համաժողովում ներկայացվեն Հայաստանի կոնկրետ ներդրումային առաջարկները:
ԱՄԷ-ի արտաքին առեւտրի նախարար Շեյխա Լուբնա ալ Քասիմին նույնպես կարեւորեց համագործակցությունը Հայաստանի հետ, ասելով, որ 90-ականներից հետո Հայաստանը կայուն զարգացում է արձանագրում եւ հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, ոսկերչության ոլորտները կարող են արագ զարգանալ, եթե աջակցություն ստանան:
Կցանկանայինք ավելացնել, որ հակառակ այս երկրի հետ կարեւորվող համագործակցությանը, հայ-էմիրաթական գործարար համաժողովը կազմակերպած Զարգացման հայկական գործակալության գործողությունները սովորականից ավելի թափթփված եւ անկազմակերպ էին: Մասնավորապես, վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթի ժամանակ թարգմանելու սարքավորումները չէին աշխատում, եւ նա ստիպված թարգմանչին հրավիրեց ամբիոնի մոտ: Սարքավորումների հարցը կարգավորելուց հետո գործակալության աշխատակիցները անհաջող փորձ կատարեցին թարգմանիչ սարքերը հետ վերցնելու լրագրողներից, հավանաբար դրանց անբավարար լինելու եւ այլ անձանց տրամադրելու համար: Նրանց երեւի ոչ ոք չէր ասել, որ եթե լրագրողները հրավիրված են լուսաբանելու որեւէ միջոցառում, նրանք ունեն նույն իրավունքները, ինչպես մյուս հյուրերը: Այնուհետեւ, պատրաստված փաստաթղթերը միայն արաբերեն եւ անգլերեն լեզուներով էին: Անհասկանալի մնաց, թե գործակալության համար Հայաստանի պետական լեզուն այդ երկուսից ո՞րն էր: Իսկ սահմանափակ թվով տպագրված (հավանաբար գործակալությունը թղթի խիստ պակաս ունի) եւ ոչ բոլոր լրագրողներին հասած մամուլի հաղորդագրություններից հղում չենք կատարում, քանի որ ԱՄԷ-ում Հայաստանի դեսպանը լրագրողներին ասաց, որ այդտեղ հրապարակված երկու երկրների ապրանքաշրջանառության թվերը իրականությանը չեն համապատասխանում: Այսքանը երեւի բավարար է, որ Էմիրությունների գործարարները պատկերացում կազմեն Հայաստանի ներդրումային գրավչության մասին:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ