«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#200, 2010-11-02 | #201, 2010-11-03 | #202, 2010-11-04


«ՕՐԵՆՍԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՍԵՐՏԱՃԱԾ ԵՆ, ԱՅԼԵՎ ՀԱՆԴԵՍ ԵՆ ԳԱԼԻՍ ՆՈՒՅՆ ԴԵՄՔՈՎ»

Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանի խոսքով` ապրանքատեսակների թանկացումը մշտական երեւույթ է. «Եվ պարբերաբար հարվածում է սպառողների գլխին»: Արմեն Պողոսյանը ցավով նշում է, որ նորից գալու է ապրիլը, եւ նորից ունենալու ենք գազի սակագնի բարձրացում: Անդրադառնալով պանրի գնի անսպասելի բարձրացմանը` Արմեն Պողոսյանը նշեց, որ թանկացումը հիմնավորված չէ օբյեկտիվ պատճառներով. «Սա կամայական երեւույթ է»: Կաթնամթերքի կամ պանրի հումքի ու գնագոյացման մյուս տարրերի առնչությամբ էական փոփոխություններ չեն եղել:

Երեկ «Տեսակետ» ակումբում Սպառողների ասոցիացիայի նախագահը նշեց, որ ավելի շատ պետք է խոսենք տնտեսական քաղաքականության մասին, ինչը մեր երկրում արատավոր է: «Եթե նույն ապրանքատեսակի գինը միաժամանակ թռիչքաձեւ բարձրանում է տարբեր տեղերում եւ առանց օբյեկտիվ պատճառների, ապա դա պետք է դառնա հիմք, որ տվյալ ձեռնարկություններն ու արտադրատեսակների ֆինանսական հոսքերը ուսումնասիրման առարկա դառնան, բայց այս մոտեցումն առայժմ չի գործում», ասաց Արմեն Պողոսյանը, այնուհետեւ ընդծեց. «Չգիտե՞նք, որ մեր օրենսդիրներն ու գործարարները ոչ միայն սերտաճած են , այլեւ նույն դեմքով են հանդես գալիս»:

Անդրադառնալով շաքարավազի գնի բարձրացմանը` բանախոսն այստեղ եւս տրամաբանություն չգտավ: Ավելին` շաքարավազի թանկացումն ավելի քան պարադոքսալ է. շաքարավազի տեղական արտադրությունը դեռ մի բան էլ պետք է նպաստեր գնի էժանացմանը:

Արմեն Պողոսյանը խոսեց նաեւ այն նվազագույն գիտելիքների մասին, որոնց պետք է տիրապետեն սպառողները, օրինակ` ստուգեն սննդամթերքի ամսաթիվը, իրազեկ լինեն, թե ո՞ր խնդրի դեպքում ո՞ր պետական մարմնին կամ հասարակական կառույցին պետք է դիմել: Կարեւոր հանգամանք է նաեւ սպառողների արժանապատվությունը բարձրացնելը: Սպառողների ասոցիացիա դիմում են տարբեր հարցերով, թեեւ բոլոր հարցերի հիմքը մեկն է` սպառողների շահերը պաշտպանության կարիք ունեն: Բանախոսի փոխանցմամբ`«60-70 տոկոս դեպքերում մեզ հաջողվում է լուծել խնդիրը»:

Ասուլիսի վերջում բանախոսը թանկացումների վերաբերյալ վերջնական եզրահանգման եկավ. «Սա պատժելի արարք է, եթե, իհարկե, հիմնավորումները լինեն արժանահավատ»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4