Կարեւորելով այդ ապրանքի «սոցիալական նշանակությունը»
Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը երեկ կրկին անդրադարձավ պանրի գների բարձրացմանը եւ այդ շուկայում ստեղծված իրավիճակին, սակայն ոչ թե հակամրցակցային համաձայնության առկայության հավանականության կասկածանքով, որը նրան հնարավորություն է տալիս օրենքը, այլ «նկատի ունենալով այս ապրանքի սոցիալական նշանակությունը»: Այդ մասին իր խոսքում ասաց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
Հանձնաժողովի նախագահն ասաց նաեւ, որ այս շուկայում բարձր կենտրոնացվածություն չկա, եւ գործում են 78 ընկերություններ, որոնց թիվը ժամանակի ընթացքում ավելանում է: Մինչդեռ, Արտակ Շաբոյանի խոսքերով, հանձնաժողովը մրցակցությունը սահմանափակող երեւույթների առկայությունը ստուգում է միայն բարձր կենտրոնացվածություն ունեցող շուկայում, այսինքն, որտեղ կան խոշոր ընկերություններ, որոնք գերիշխող դիրք ունեն:
Իսկ պանրի շուկայում տեղի ունեցած գների բարձրացումը հանձնաժողովը որոշեց ուսումնասիրելՙ նկատի ունենալով դրա սոցիալական նշանակությունը, ինչպես նաեւ «պարզելու համար գների բարձրացման իրական պատճառները» եւ 3 օր ժամկետում այս ոլորտում գործող տնտեսվարողներից պահանջեց տրամադրել անցյալ տարվա հուլիս-դեկտեմբեր եւ այս տարվա հունվար-հոկտեմբեր ժամանակահատվածներում պանրի իրացման մասին տվյալները:
Հիշեցնենք, որ պանիր արտադրողները գների բարձրացումը պատճառաբանել են կաթի մթերման գների բարձրացմամբ, որը ոչ մի քննադատության չի դիմանում, քանի որ այդ դեպքում պանրի գները պետք է բարձրանային ընդամենը 300 դրամի չափովՙ 500-1000 դրամի փոխարեն: Մյուս կողմից, տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը, չգիտես ինչո՞ւ եւ ի՞նչ հիմնավորմամբ, չի ցանկանում անգամ ենթադրել, որ այս շուկայում տեղի է ունեցել հակամրցակցային համաձայնություն, դա հիմնավորելով, որ շուկայում շատ տնտեսվարողներ կան, եւ իրենք միայն բարձր կենտրոնացված շուկաներում են նման ուսումնասիրություն կատարում: Իսկ օրենքը ոչ մի կերպ չի սահմանափակում նաեւ մեծաթիվ ընկերություններ ունեցող շուկաներում նման ուսումնասիրություն կատարել: Մեկ անգամ եւս կրկնենք, որ պանրի գները բարձրացան միաժամանակ, մեկ օրվա ընթացքում, երկու եւ ավելի տնտեսվարողների կողմից, ինչը օրենքով հստակ սահմանում է որպես հակամրցակցային համաձայնություն: Հանձնաժողովին մնում է միայն փաստերը միմյանց կողքի դնել եւ արձանագրել տեղի ունեցածը, այլ ոչ թե սոցիալական նշանակությունը հիմք ընդունելով ուսումնասիրություն սկսել: Առավել եւս, որ օրենքը ոչինչ չի ասում հանձնաժողովի կողմից սոցիալական խնդիրներով զբաղվելու իրավասության մասին: Ինչեւէ: Մնում է միայն սպասել մի քանի օր եւ տեսնել, թե ի՞նչ կտան հանձնաժողովի ուսումնասիրությունները:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ