Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արկադի Տեր-Թադեւոսյանը երեկ կայացած ասուլիսում հայ-ադրբեջանական պատերազմի վերսկսումը բացառող երաշխիքներ համարեց «մեր ազգն ու բանակը»: Կոմանդոսը, սակայն, նկատեց, որ ասյօր մեր հասարակությունը բաժանված է. «Պետք է միավորվե՛նք, կենտրոնանա՛նք, ձգտե՛նք մեր երկրի ներսում լինել միահամուռ, որպեսզի դա տեսնի միջազգային հանրությունը, տեսնի Ադրբեջանը: Մենք կարողացել ենք ապացուցել, որ քիչ լինելով կարողացել ենք դիմագրավել ադրբեջանական հսկայածավալ ուժերին: Մենք հաջողության հասած ազգ ենք ու պետք է հպարտանանք: Ես դեմ չեմ քրիստոնեական ուսմունքին, բայց դաժանությանը պետք է պատասխանել դաժանությամբ, պետք է պատասխանն ադեկվատ լինի: Հակառակորդը տարիներ շարունակ խախտում է հրադադարի ռեժիմը, գնդակոծում է մեր դիրքերը, իսկ մենք լռում ենք: Մարդկայնորեն դա ճիշտ է` մարդը չպետք է մարդ սպանի, բայց նման պայմաններում դա հնարավոր չէ: Մենք պետք է դիմենք համարժեք քայլերի, այլապես հնարավոր չէ կանգնեցնել հակառակորդին: Շփման գծում կրակում են, մերոնց ասում են` չկրակե՛ք: Մենք ունենք զենք, ունենք փամփուշտներ, բայց ադրբեջանական կողմից հնչող տասնյակ կրակոցներին մեկ կրակոցով ենք պատասխանում», ասաց արցախյան հերոսը` ընդգծելով, որ ինչպես հայ ժողովրդի, այնպես էլ հայկական բանակի բարոյական ոգին այսօր շատ բարձր է: Շուշին ազատագրած գործողությունների ղեկավարը նաեւ անդրադարձավ բանակում վերջին շրջանում տեղի ունեցող միջադեպերին: Գեներալը նկատեց, որ ամեն մի կոլեկտիվում, հասարակությունում ամեն ինչ չի կարող հարթ ընթանալ: «Բանակում տեղի են ունենում ավելի շատ լավ բաներ, քան վատ, բայց այդ վատը փակում է լավը, ինչն էլ առիթ է դառնում քննադատությունների», ասաց նա ու շարունակեց, որ մասամբ մեղավոր է նաեւ պաշտպանության նախարարությունը, որի կապը հասարակության հետ եղել է «շատ թույլ ու կիսափակ»:
Հ. Ա.