«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2010-11-03 | #202, 2010-11-04 | #203, 2010-11-05


«ԸՆԴՀՈՒՊ ԿԱԴՐԱՅԻՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ»

Պահանջեց վարչապետըՙ նախարարներին նախագահի հանձնարարականների առնչությամբ

Մինչ կառավարության նիստի օրակարգին անցնելը երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձավ երկրի նախագահի մի քանի հանձնարարականներին եւ կարգադրեց համապատասխան նախարարներին «շատ արագ ի կատար ածել» այդ հանձնարարականները: Դրանիցից առաջինը վերաբերում էր միջսահմանային պետական գործառույթներին, տվյալ դեպքումՙ բուսասանիտարիայի խնդրին: Ըստ վարչապետի, դժգոհություններն այդտեղ բավական շատ են, եւ թունաքիմիկատների առեւտուրը պարունակում է լուրջ վտանգներ: Հակառակ մինչեւ 70 մլն դրամ շրջանառություն ունեցող օբյեկտներում գյուղատնտեսության նախարարության ստուգումներով ընդամենը մեկ խախտում արձանագրելուն, վարչապետի վերահսկողական ծառայությունը հայտնաբերել է խախտումներ ե՛ւ լիցենզավորման վարչությունում, ե՛ւ բուսասանիտարիայի վարչությունում: «Այլեւս հանդուրժելի չէ նման աշխատաոճը: Գյուղատնտեսության նախարարն արդեն իսկ աշխատանքից հեռացրել է լիցենզավորման վարչության պետին, եւ ես հանձնարարում եմ ձեզ, պարոն նախարար, որ այսօր լուծեք նաեւ բուսասանիտարիայի տեսչության պետի խնդիրը», հրահանգեց Տիգրան Սարգսյանը, ավելացնելով, որ պետք է նաեւ պարզեցնել բուսասանիտարիայի գործառույթները: Մասնավորապես հանձնարարվեց վարչապետի խորհրդականին գյուղատնտեսության նախարարի հետ համատեղ 10 օրվա ընթացքում ներկայացնել առաջարկություններ բուսասանիտարիայի գործառույթների պարզեցման ուղղությամբ, «անիմաստ գործառույթները» դուրս բերելով:

Երկրորդ հանձնարարականն այն էր, որ վարկային ռեսուրսները պետք է լինեն հասանելի սահմանամերձ շրջաններում: «Երկու տարի է` այդ գործառույթն իրականացվում է լրջագույն բացթողումներով», ասավ վարչապետը եւ հանձնարարեց ֆինանսների նախարարին 10 օրվա ընթացքում որոշում «կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու եւ կադրային լուծումներ տալու համար»: «Անթույլատրելի է, որ մենք ունենք հատկացված ֆինանսական միջոցներ, եւ այդ փողը չի հասնում գյուղացիներին», ընդգծեց Տիգրան Սարգսյանը:

Երրորդ հանձնարարականը, որին անդրադարձավ վարչապետը, վերաբերում էր կոռուպցիային, որի վերաբերյալ «վերլուծական նյութը տեղադրված է կառավարության կայքէջում»: Նա առանձնացրեց երկու ոլորտներ, որտեղ «վերջին շրջանում ահազանգող եւ վտանգավոր են դարձել» բողոքներըՙ կրթությունը եւ առողջապահությունը: Այս առթիվ կրթության եւ գիտության նախարարին հանձնարարվեց «10 օրվա ընթացքում ներկայացնել պարզ եւ հասկանալի գործողությունների ծրագիր, որպեսզի մենք այլեւս չհանդուրժենք կոռուպցիոն երեւույթները կրթական համակարգում, ընդհուպ կադրային փոփոխություններ»: Առողջապահության նախարարին էլ հանձնարարվեց դարձյալ 10 օրվա ընթացքում վարչապետին ներկայացնել առաջարկություններ ընդհուպ կադրային փոփոխություններ` սկսած աշխատակազմի ղեկավարից ավարտած նախարարի տեղակալներով, «որոնք այդ գործառույթներին մասնակցում են կամ բավարար չափով չեն պայքարում այս երեւույթների դեմ»:

«Հանրապետության նախագահի հանձնարարականները պետք է մեզ սթափեցնեն, որովհետեւ այս նեգատիվ երեւույթների դեմ մեր պայքարն արդյունավետ չէ, արդյունքներ չի տալիս: Սրանք առաջին քայլերն են այդ ուղղությամբ` կադրային փոփոխություններ. եթե իրավիճակը չշտկվի, մենք պետք է ավելի կտրուկ քայլերի դիմենք», եզրափակեց Տիգրան Սարգսյանը:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4