«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2010-11-03 | #202, 2010-11-04 | #203, 2010-11-05


ԱՐԱ ՔՈՉՈՒՆՅԱՆ. «ԴԱԴԱՐԸ ԵՐԿՈՒ ԿՈՂՄԻՆ ԷԼ ՊԵՏՔ ԷՐ»

Պոլսո «ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Քոչունյանը հոկտեմբերի կեսերին մասնակցեց Արցախում տեղի ունեցած լրագրողների համահայկական 5-րդ համաժողովին: Քանի որ մեկ տարի Հայաստանում չէր եղել, այցը մի քիչ էլ ձգեց` Երեւանում եւս մեկ շաբաթ գործընկերների հետ հանդիպելով: Առիթից օգտվելով` նրա հետ զրուցեցինք հայ-թուրքական գործընթացի ներկա պահի եւ մի քանի այլ հարցերի մասին:

Հայ-թուրքական արձանագրությունների գործընթացը քանի որ սառեցված է, ասում է Ա. Քոչունյանը, եւ հայկական կողմը հստակ ասել է, որ հաջորդ քայլն ակնկալում է հենց Անկարայից, հետեւաբար չի ակնկալվում, որ Հայաստանից այսօր նոր խոսք ասվի այդ ուղղությամբ:

Հիշեցրի, որ Թուրքիայում պաշտոնյաները հայ լրագրողներիս հետ հանդիպումների ժամանակ հայ-թուրքական հարաբերությունների հետագա ճակատագիրը բացահայտ կապում էին Ղարաբաղի հարցին, այդ դեպքում զանազան (ասենքՙ Կարսի նահանգապետի, ուրիշ այլոց) ստեպ-ստեպ ելույթները սահման բացելու մասին հակասության դրսեւորում չե՞ն. ըստ Քոչունյանի` թուրքական հասարակությունն էլ շերտավորյալ հասարակություն է, եւ քանի որ Թուրքիան այսօր համարվում է ժողովրդավարական ուղղություններով զարգացող երկիր (նայած ով է այդպես համարում-Մ.Խ.), պիտի տարբեր ձայներ, տարբեր մոտեցումներ լինեն` նորմալ է. «Այդ երեւույթը մեկ-մեկ Հայաստանում էլ կա, Թուրքիայում էլ կա, իրերի դրվածքն այն մասին է խոսում, որ այսօր Թուրքիան ԼՂ -ի խնդիրն է առնչակից դարձնում գործընթացին, Հայաստանն էլ դեմ է, որ Թուրքիան միջամուխ դառնա կարգավորման գործընթացին: Արցախի հակամարտության շուրջն արդեն հակադիր կեցվածքը երկկողմանի հարաբերությունները սառեցման հանգրվանի են հասցրած, ղարաբաղյան կարգավորման գործընթացը բավականին բարդ է», խորհում է Քոչունյանը` հանգելով այն մտքին, որ հայ-թուրքական ուղղությամբ պիտի սպասել երեւի, մինչեւ խնդիրը հասունանա: Ընդհանրապես, մտածում է խմբագիրը, հայ-թուրքական հարաբերությունների հետագան դժվար կանխատեսելի է, երկու մայրաքաղաքների կեցվածքները շատ հակադիր են, ընտրությունների հեռանկարը կա երկու երկրներում էլ, դրանք պետք է անցնեն, որ իշխանությունները վստահ զգան եւ արտաքին քաղաքականության մեջ տեղաշարժ ակնկալվի` դա հատկապես վերաբերում է թուրքական կողմին. երկար բանակցային պրոցես գնաց, հարցերը երկու հասարակություններում էլ բաց քննարկվեցին, եւ, ըստ երեւույթին, երկու կողմերին էլ դադարը պետք էր:

Այդ ընթացքում եւ դրանից հետո պոլսահայ համայնքի կյանքում ի՞նչ փոխվեց, եղածն ինչպե՞ս ազդեց համայնքի վրա: Մեր այս հարցին Քոչունյանը լավատեսական պատասխան տվեց. համայնքի կյանքում վերջին տարիներին փոփոխությունները միայն դրական են` համայնքի մեջ վախեր չկային, ասենք, Աղթամարի Ս. Խաչի պատարագին նախորդող եւ հաջորդած ժամանակում եւս` բարեփոխումների շրջան է Թուրքիայում, ակնկալություններ կան, որ համայնքի պրոբլեմները լուծվեն. «Չենք ասում` հարցեր չկան, բայց գոնե էդ հարցերու լուծման համար քաղաքական կամքի նախադրյալներ երեւում են: Համայնքի համար դրական շրջան է», նկատեց նա:

Ա. Քոչունյանը Աղթամարի Ս. Խաչին վերաբերող զարգացումները մի անգամ եւս գնահատելով, թե ինչու այդ ընթացքը եղավ, ինչո՞ւ պատարագին չդրվեց խաչն ի վերջո, հարցին ի պատասխան, խաչը ժամանակին չտեղադրելու տեխնիկական պատճառները դիտարկելով նկատեց, թե այդ տրամաբանությամբ կարելի էր ակնկալել, որ առաջին օրվանից էլՙ 2007 թվականից, երբ վերանորոգումը վերջացավ եւ բացվեց որպես թանգարան, առաջին օրվանից էլ կարելի էր ակնկալել, որ խաչը դրվեր եւ այս ամբողջ աղմուկը չլիներ: Բայց այդպես նախընտրեց Անկարայի ղեկավարությունը, որ մի լրացուցիչ փուլ մտցնի եւ մոտավորապես երեք տարի խաչը չդրվելու թեման հասարակության օրակարգը զբաղեցնի, արդյունքում թուրքական կողմը հասավ նրան, որ խաչի զետեղումով մի լրացուցիչ ժեստ արածի դիրքերից հանդես եկավ. «Դե պարզ է, որ հարաբերությունների սառեցման պայմաններում երկու երկրներն էլ ուզում են առավելագույն ժամանակ շահելու քայլեր անել, եւ Թուրքիայում գտնվող հայկական հուշարձանները թուրքական կողմին էդ իմաստով որոշ առավելություն են ընձեռում, դա տեսանք Աղթամարի օրինակով, որի վերաբերյալ ես կարծում եմ` Թուրքիան այնտեղ արած ներդրումի փոխարեն առավել չափով ստացավ»:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4