Հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ «Ամերիաբանկը», շարունակելով 100 անակնկալների շարքը, երեկ ներկայացրեց դրանցից երկուսըՙ բանկային երկու նոր ծառայություն, «Ձեր գրավը Ձեր պայմանագիրն է» կարգախոսով: Դրանք ֆինանսավորման նոր գործիքներ ենՙ գնման պատվերի ֆինանսավորում (ԳՊՖ) եւ դասական ֆակտորինգ: Այս ծառայությունները ներկայացրեց երեկվա մամուլի ասուլիսի գլխավոր բանախոսըՙ «Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների տնօրեն Լեւոն Արեւշատյանը :
Գնման պատվերի ֆինասավորումը նախատեսված է բոլոր այն դեպքերի համար, երբ առկա է պատվերի իրականացման պայմանագիր, բայց ընկերությունը չունի ֆինանսական անհրաժեշտ միջոցներ տվյալ պատվերն իրականացնելու համար եւ անհրաժեշտ գրավՙ վարկ ստանալու համար: Այդ դեպքում բանկը առանց գրավի առաջարկում է վարկ այն ընկերությանը, որ գնել է ապրանք եւ ծառայություն չստացած գումարի 75 տոկոսի չափովՙ սկսած 16 տոկոս տարեկան դրույքաչափով: Սակայն, ինչպես գնորդ, այնպես էլ վճարող ընկերությունների վարկային պատմությունները պետք է լավ լինեն, ինչը պարտադիր հաշվի է առնում բանկը:
Հաջորդ ծառայությունը, որ ներկայացրեց Լեւոն Արեւշատյանը, դասական ֆակտորինգն է, որն, ի դեպ, իրականացվում է միայն ՀՀ դրամով: Այս ծառայության էությունն այն է, որ բանկը պատրաստ է ձեռք բերել իր հրապարակած ցանկում ընդգրկված ընկերությունների հանդեպ ունեցած դրամական պահանջները եւ վճարել այդ ընկերություններին իր ցանկում ընդգրկված ընկերությունների մատակարարած ապրանքի զեղչված արժեքըՙ սկսած 14 տոկոս տարեկան զեղչից: Այսինքն, երբ որեւէ ընկերություն ապրանք կամ ծառայություն է մատակարարել «Ամերիաբանկի» ցանկում գտնվող ընկերություններից որեւէ մեկին, եւ դրա դիմաց վերջինս պետք է վճարի, ենթադրենք, 30 օր, 60 օր կամ ավելի երկար ժամանակ հետո, բանկը վճարում է այդ գումարը ավելի շուտ: Այսինքնՙ մատակարարից գնում է այդ ֆինանսավորման պարտավորությունը եւ դառնում պարտատեր:
«Ամերիաբանկի» կորպորատիվ հաճախորդների տնօրենը հրապարակեց այն ընկերությունների ցանկը, որոնց մատակարարած ապրանքի կամ ծառայության դիմաց բանկը պատրաստ է վերցնել ֆինանսավորման պարտավորությունը: Դրանք Հայաստանի համակարգաստեղծ ընկերություններն ենՙ «Արմենիա միջազգային օդանավակայանները», «Արմենտելը», «Երեւանի կոնյակի գործարանը», «Երեւան ջուրը», «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը», «Հայռուսգազարդը», «Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Հարավկովկասյան երկաթուղին», «Ղ-Տելեկոմը», «Ռուսալ-Արմենալը»:
Բանկի ներկայացուցիչները վերջում ընդգծեցին, որ «Ամերիաբանկն» աչքի է ընկնում նորարարությամբ, եւ խոստացան շարունակել ներդնել նոր ծառայություններ:
Ա. Մ.