Վրաստանի իշխանությունները որոշ մանրամասներ են հրապարակել 2010թ. մարտին Հայաստանից Վրաստան 18 գրամ հարստացված ուրանի անօրինական ներմուծման դեպքի առնչությամբ: «Սիվիլ Ջորջիա» կայքէջը տեղեկացնում է, որ այդ գաղտնի գործողության մասին տեղեկություններ են հրապարակել The Guardian-ը եւ The Association Press-ը: (Տեսՙ էջ 8)
Առաջին հայտարարությունը ուրանի մաքսանենգության մասին եղավ 2010թ. ապրիլին Վաշինգտոնումՙ միջուկային անվտանգության թեմայով գագաթաժողովում: Այն ժամանակ միայն տեղեկություն տարածվեց, թե կասեցվել է մաքսանենգ ճանապարհով հարստացված ուրանի մուտքը Վրաստան` այլ երկրի քաղաքացիների մասնակցությամբ: Ըստ հրապարակված նոր տեղեկություններիՙ 2010 թ. մարտին Հայաստանի երկու քաղաքացիներ` Սմբատ Տոնոյանը եւ Հրանտ Օհանյանը Վրաստանի տարածք են անցկացրել 89,4 տոկոսով հարստացված ուրան` 18 գրամ ծավալով, վաճառելու նպատակով: Ծխախոտի տուփի մեջ պահված ուրանը հայաստանցիները թաքցրել էին Երեւան-Թբիլիսի գնացքի վագոնների արանքում:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնի տեղեկացմամբ, Հայաստանի եւ Վրաստանի հատուկ ծառայությունների համագործակցությամբ 2010թ. ապրիլին ուրանի այս պատմությանն առնչություն ունենալու կասկածանքով ձերբակալվել է նաեւ Հայաստանի քաղաքացի Գարիկ Դադայանը, որի նկատմամբ հարուցված է գործ` ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության հատկանիշով:
Նախնական տեղեկությունների համաձայն, վրաց սահմանապահներին հաջողվել է հետեւել մաքսանենգությանը` Բաթումում գտնվող աղբյուրի միջոցով, որը նախկինում զբաղվել է նման անօրինական գործունեությամբ: Մասքանենգներին ձերբակալել են արդեն վրացական հյուրանոցներից մեկում` «գնորդի» հետ հանդիպման ժամանակ:
Ա. Հ.