«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#203, 2010-11-05 | #204, 2010-11-06 | #205, 2010-11-09


ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ «ԱՐՄՆՅՈՒԶԻ» ԵՎ «Ա1+»-Ի ՀԱՄԱՐ

Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի (ՀՌԱՀ) կապուղիների մրցույթի ժամանակ «Ա1+»-ը պետք է մրցի «Արմնյուզի» հետ, ներկայացված հեռուստաընկերություններից մեկը հնարավորություն կունենա կապուղի ստանալու եւ հաղորդումներ հեռարձակելու: «Ա1+»-ի հիմնադիր «Մելտեքս» ԱՊԸ-ի նախագահ Մեսրոպ Մովսիսյանը մրցույթից գոհ չէ, որովհետեւ հավասար պայմաններ չեն ստեղծվել երկու հեռուստաընկերությունների համար, իսկ «Արմնյուզի» ներկայացրած փաթեթը հեքիաթի ժանրից է:

«Բոլորն էլ գիտեն, թե «Արմնյուզն» ինչ է ներկայացնում, սակայն ոչ ոք չի բարձրաձայնում: Սա «Եվրոնյուզին» տրված վերահեռարձակման կապուղին է, որն ինչ-որ ժամերի հատկացնում է «Արմնյուզին», վերջինն էլ աշխատում է «Արմենիա» հեռուստաըկերության տեխնիկական բազայով եւ աշխատակազմով», «Ուրբաթ» ակումբում փաստեց Մեսրոպ Մովսիսյանը:

Նրան զարմացնում է, որ նման լուրջ խախտմանը Դավիթ Ամալյանի գլխավորած հանձնաժողովը ուշադրություն չի դարձնում եւ արձագանքում: Մեսրոպյանին անհանգստացնում է, որ կրկին կլինի քաղաքական որոշում «Ա1+»-ին կապուղի չտրամադրելու վերաբերյալ, ինչն էլ իր հերթին նշանակում է վերադարձ դատարան ու պատժամիջոցներին:

Մեսրոպյանի գնահատմամբՙ ՀՌԱՀ-ին չի հուզում խոսքի ազատության խնդիրը: «Նրանք հույսը դրել են անժխտելիության մթնոլորտի վրա: Բացի այդ, 2012 եւ 2013 թթ. շատ լուրջ իրադարձություններ են սպասվում, տեղի կունենան խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ, իսկ իշխանության թուլությունը հենց նրա մեջ է, որ միայն կոշտ եւ կոպիտ հրահանգներով կարող են անցկացնել այդ ընտրությունները», ասաց «Ա1+»-ի տնօրենը` հավելելով, որ մրցույթը լավ պատրվակ եւ հնարավորություն է` անցյալի կեղտից մաքրվելու համար:

«Ուրբաթ» ակումբում հրավիրել էր նաեւ «Արմնյուզի» տնօրենին, սակայն վերջինս չէր եկել` հրաժարվելով մասնակցել ասուլիսին:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4