«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#204, 2010-11-06 | #205, 2010-11-09 | #206, 2010-11-10


ԱՐՄԵՆԱԿԱՆՆԵՐԸ` ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ

Արմենական-ՌԱԿ նոր ակումբ բացվեց Վանաձորում

Արմենական-Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) ակումբների թիվն ավելացավ եւս մեկով: Երկուշաբթի օրը Վանաձոր քաղաքում բացվեց Արմենական-ՌԱԿ նոր ակումբը, որը կոչվեց կուսակցության ռահվիրաներից Բարունակ Թովմասյանի անունով: Արմենական-ՌԱԿ հանրապետական վարչության եւ ՌԱԿ համաշխարհային խորհրդի անդամ Գայանե Մուրադյանն ասում է. «Մեր ակումբները սովորաբար կոչվում են կուսակցության երախտավորների անուններով: Բարունակ Թովմասյանը ՌԱԿ-ի մեծ ղեկավարներից է»:

Ակումբի բացմանն ու նորագիրների երդման արարողությանը ներկա էր նաեւ Արմենական-ՌԱԿ կենտրոնական վարչության համաատենապետ, Ֆիլադելֆիայի Թեքեյան մշակութային միության (ԹՄՄ) փոխատենապետ, բարերար Բաբկեն Մկրյանը, որը Հայաստան է եկել Ֆիլադելֆիայից: «Ուրախ եմ, որ այստեղ եմ ու ներկա եմ այս ակումբի կազմավորմանը», ասաց Բաբկեն Մկրյանը: Վերջերս պարոն Մկրյանը Մարտունի քաղաքում նույնպես ներկա է եղել Արմենական-ՌԱԿ հերթական ակումբի բացմանը եւ ընդունել նորագիրների երդման ուխտը:

Մինչեւ ակումբի բացումը Գայանե Մուրադյանը, Բաբկեն Մկրյանը եւ արդեն մի տարուց ավելի գործող «Վանաձոր» ակումբի ատենապետ, ՌԱԿ վարչության անդամ Սեյրան Ղարիբյանը հանդիպեցին համակիրների հետ: Գայանե Մուրադյանը հակիրճ ներկայացրեց կուսակցության պատմությունը, ներկաներին ծանոթացրեց Արմենական-ՌԱԿ ծրագրերին ու գործունեությանը. «Ունենք ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստան-Սփյուռք կապերի վերականգնմանը, նաեւ տնտեսության զարգացման հեռանկարային ծրագրեր ունենք»: Արմենական-ՌԱԿ-ը կողմնակից չէ հեղափոխականությանը: «Մենք բարեփոխումների կողմնակիցն ենք, եւ տարբեր ոլորտների առնչվող բարեփոխումների ծրագրեր ունենք», նշեց Գ. Մուրադյանը:

Ներկաներն իրենց հետաքրքրող հարցերով դիմեցին կուսակցության անդամներին եւ իրենց հարցերի պատասխանները ստանալուց հետո նոր-նոր որոշեցին ընդգրկվել կուսակցության շարքերը: Հետաքրքրական էր, որ հանդիպման էին եկել այնպիսի պահպանողական մարդիկ, որոնք երբեք կողմնակից չէին եղել որեւէ կուսակցության մեջ ընդգրկվելուն, սակայն Արմենական-ՌԱԿ անդամների հետ հանդիպումից հետո փոխեցին իրենց մտադրությունը եւ դարձան կուսակցության անդամներ: Բարունակ Թովմասյանի անունը կրող ակումբը կազմավորվեց: Ներկաներից 15 հոգի հենց տեղում ընդունվեցին կուսակցության շարքերն ու դարձան նորաբաց ակումբի նորագիրներ: Այնուհետեւ կատարվեց նորագիրների երդման արարողությունը: Ակումբի ատենապետ ընտրվեց մասնագիտությամբ ֆիզիկոս Արմինե Վանյանը: Պարոն Մկրյանն անձամբ մոտեցավ ու շնորհավորեց նորագիրներին, որոնք էլ իրենց հերթին շնորհավորեցին Բաբկեն Մկրյանին մի քանի օր առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ու անձնագիր ստանալու կապակցությամբ: «Ուրախ եմ, որ պատիվ ունեցա ընդունելու 15 նորագիր անդամների երդման ուխտը: Պատրաստ ենք օգնել, որպեսզի բարգավաճի այս ակումբը: Այս անգամ Հայաստան եմ եկել տիկնոջս` Անահիտ Մկրյանի հետ: Տարվա մեջ մի քանի անգամ կայցելենք Հայաստան, եւ վստահ եմ, որ ապագայում ավելի օգտակար կլինենք Մայր աթոռի, կուսակցության եւ մեր հայրենի իշխանության», ասաց պարոն Մկրյանը:

Բարունակ Թովմասյանի անվան ակումբը Վանաձորում Արմենական-ՌԱԿ-ի 3-րդ ակումբն է: Լոռու մարզում կուսակցությունը 4 ակումբ ունի` 3-ը Վանաձորում, մեկը` Ստեփանավանում: Գայանե Մուրադյանը տեղեկացրեց, որ նոյեմբերի վերջին Լոռու մարզի 4 ակումբները միասին կձեւավորեն Լոռու մարզի շրջանակը:

Երկուշաբթի օրը Բաբկեն Մկրյանն ու Արմենական-ՌԱԿ մյուս անդամները եղան նաեւ կուսակցության Լոռու մարզի շրջանային վարչության եւ Վանաձորի 3 ակումբների գրասենյակների համար նախատեսված տարածքներում: Ճիշտ է, տարբեր վայրերում, բայց երկու գրասենյակներն էլ տեղակայված են լինելու Վանաձորում, որտեղ հետզհետե ավելանում է Արմենական-ՌԱԿ անդամների թիվը: Սեյրան Ղարիբյանի փոխանցմամբ` միայն «Վանաձոր» ակումբը 50 անդամ ունի:

Հանդիպում Լոռու մարզպետի հետ

Նույն օրը Արմենական-ՌԱԿ ներկայացուցիչները մարզպետարանում հանդիպեցին Լոռու մարզպետ Արամ Քոչարյանին : Նրանք տարբեր հարցերի մասին խոսեցին: Բաբկեն Մկրյանին հատկապես հուզում էր հետեւյալ խնդիրը: 2001 թվականին պարոն Մկրյանը Վանաձորի Տիգրան Մեծի պողոտայի 8-րդ շենքում գրասենյակ է գնել ու նվիրել Հայաստանի Ռամկավար ազատական կուսակցությանը: Այս տարի նա ահազանգ է ստացել, որ ՀՌԱԿ-ի ատենապետ Հարություն Առաքելյանը պատրաստվում է օտարել իր նվիրատվությամբ գնված գրասենյակը: Բարերարը Լոռու մարզպետին նամակ է գրել, հայտնել իր անհանգստությունն ու խնդրել թույլ չտալ նման գործարքը: Ըստ երեւույթին նամակը տեղ չի հասել: Մարզպետ Արամ Քոչարյանը փորձեց հեռախոսազանգերով պարզել` ինչ է կատարվել. «Ո՞ւմ են վաճառել, Հարութն ա արել, դե փաստորեն անշնորհքություն են արել: Կուսակցության ընդհանուր գույքն ինչպե՞ս են մենակ տնօրինել»: Մի քանի հոգու զանգելուց հետո մարզպետը Բաբկեն Մկրյանին ասաց. «Այո՛, վաճառել են»: Մարզպետը խոստացավ հանձնարարականներ տալ. «Եթե ինձնից որեւէ բան կախված է, կաջակցեմ ձեզ: Ես ճշմարտության կողմնակիցն եմ: Եթե պարոն Մկրյանը գրասենյակը նվիրել է կուսակցությանը, առանձին մարդիկ իրավունք չունեին այն օտարելու կամ վաճառելու: Այդ գույքը կուսակցության ընդհանուր ունեցվածքն էր»:

Բաբկեն Մկրյանն ու Լոռու մարզպետը խոսեցին նաեւ այլ հարցերից: Արամ Քոչարյանը խոստացավ պարոն Մկրյանին ամփոփ տեղեկություն տալ մարզի տնտեսական վիճակի ու զարգացման հեռանկարային ծրագրերի մասին: Առաջիկայում Բաբկեն Մկրյանը Մոնրեալում պատգամավորական ժողովի է մասնակցելու, որին ներկա են լինելու նաեւ Ամերիկայի ու Կանադայի սփյուռքահայ գործարարները, որոնց պարոն Մկրյանը կներկայացնի Լոռու մարզի տնտեսական զարգացման ծրագրերը: Գուցե հենց այդ ժամանակ էլ ուրվագծվեն այն ոլորտները, որտեղ սփյուռքահայ գործարարները հնարավոր է, որ ներդրումներ կատարեն: Այս խոսակցության ընթացքում մարզպետը նշեց. «Պետք է երկարաժամկետ ներդրումներ արվեն, որպեսզի նոր աշխատատեղեր բացվեն, իսկ բարեգործական ծրագրերով տնտեսությունը չես զարգացնի»: Մարզպետի խոսքից հետո պարոն Մկրյանը շատ տեղին դիտարկում արեց. «Իմ գործի համար նախ ես պետք է վստահ լինեմ ու երաշխիքներ ունենամ»: Իրապես, եթե ուզում ենք, որ հայրենիք-սփյուռք կամուրջը լինի ամուր, ապա հայաստանցիները պետք է վստահելի գործընկերներ լինեն: Մարզպետը նաեւ նշեց. «Հանրապետության նախագահից մենք ցուցում ունենք ստեղծելու վստահելի ու ապահով միջավայր մեր հայրենակիցների համար, որպեսզի Սփյուռքից եկող մարդը հասկանա, որ իր ներդրումները վտանգված չեն: Իմ խնդիրը հենց այդ է. ես պետք է լինեմ այդ վստահելի միջավայրի երաշխավորը»:

Վանաձորում արմենականները հետաքրքրական այլ հանդիպումներ ունեցան: Բաբկեն Մկրյանը գոհունակությամբ խոսեց այցելությունների մասին, Վանաձոր քաղաքից նա լավ տպավորություններ ուներ:

Արմենականների այցելությունները մարզեր ուղղված են կուսակցության ամենակարեւոր նպատակին` միշտ լինել ժողովրդի ու նրա խնդիրների կողքին, ամրապնդել իրենց դիրքերը ժողովրդի մեջ:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ, Վանաձոր-Երեւան


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4