Երեկ ասուլիս տված չարենցագետ Դավիթ Գասպարյանը , անդրադառնալով այն լուրերին, թե Կարսում թուրքերը վաճառքի են հանել Չարենցի տունը, ասել է, թե լուրջ չի ընդունում դա: Ըստ Գասպարյանի` շրջանառվում է տան հասցեի երկու տարբերակ, բայց պետք է գնալ, հետազոտել, զբաղվել, մինչդեռ այդ հարցը բարձիթողի վիճակում է: Ժամանակին Կարսի քաղաքապետի տեղակալը Չարենցի 108-ամյակին երբ ընդունել է հայ գրողների, վերջիններս երկու հասցեների տներն էլ այցելել են: Այս խնդրով պետք է զբաղվի Հայաստանի ԱԳՆ-ն, իսկ նրան պետք է դիմի Երեւանի Չարենցի տուն-թանգարանը:
Երեկ հայտնել էինք, որ գրականագետ-հրապարակախոս Հովիկ Չարխչյանը թուրքական մամուլում տարածված Չարենցի տան լուսանկարները կեղծիք էր համարել. այս թեման եւս երեկ զարգացում ապրեց: Չարխչյանը կայքերից մեկի հարցերին պատասխանելով` ասել էր, թե թյուրիմացությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ 15 տարի առաջ մի հայ վարորդ իր բեռնատարով Թուրքիա բեռներ փոխադրելիս զրուցել է թուրքերի հետ, այնտեղ մի բան լսել, հետո եկել, թերթերից մեկին ասել է, թե գտել է Չարենցի տունը Կարսում: Չարխչյանը Չարենցի ընտանիքի անդամների ասածները եւ Չարենցի դասընկերների հուշերը հիմք ընդունելով` ասում է, թե այդ վկայություններում այնպես լավ է նկարագրված Չարենցի տունը, որ էապես տարբերվում է թուրքերի վաճառքի հանած տնից, բացի այդ` Չարենցի տունը երկհարկանի է եղել. «Չարենցի ընտանիքը Կարսում 3-4 տուն է փոխել: Նրանք ապրել են եւ Ալեքսանդրիա եւ Լոռիս Մելիքովի փողոցներում գտնվող տներում եւ բերդի տակ: Բերդի տակի տունը համարվում է Չարենցի հայրական բնակարանը, այն տեղը, որտեղ ինքը ծնվել է: Եթե մենք կոնկրետ որոնում ենք հատկապես այն տունը, որտեղ ինքը ծնվել է, ապա դա գտնվում է բերդի տակ», ասում է գրականագետը:
Մ. Խ.