Եվրոմիությունը ասում է, թե Բալկանյան երկրները պատրաստ են ավելացնել ԵՄ-ին անդամակցելու իրենց ջանքերը, մինչդեռ նույն ԵՄ-ը զուշացնում է Թուրքիային, որ վերջինս առաջ շարժվի իր սահմանների վիճելի հարցերը լուծելու, նաեւ Կիպրոսի հետ հարաբերությունները նորմալացնելու ուղղությամբ:
«Եվրոմիությունը կշտամբում է Թուրքիային սահմանների հարցում» վերտառությամբ Wall Street Journal-ի վերջին հրապարակման մեջ նշվում է, որ Եվրոհանձնաժողովի նոյեմբերի 9-ին հրապարակված գնահատականի համաձայն, Խորվաթիայի անդամակցության բանակցությունները մտնում են «վերջնական փուլ» եւ որ Մոնտենեգրոն կարող է այսուհետեւ դիտարկվել որպես թեկնածու երկիր:
Այդուհանդերձ, Մոնտենեգրոյի հետ բանակցությունները չեն կարող սկսվել անմիջապես, քանի որ այդ երկրում իրավունքի գերակայության խնդիրներ կան: Իսկ Խորվաթիան էլ դեռեւս կարիք ունի իր դատական համակարգի անկախությունն ու արդյունավետությունը ապահովելու ուղղությամբ քայլեր իրականացնելու, նաեւ կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործության դեմ պայքարելու առումով:
Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա Եվրոհանձնաժողովը քննադատել է այդ երկրում խոսքի ազատության եւ կրոնի ազատության հարցերի ոչ բավարար իրավիճակը, նշելով, որ Թուրքիայի` ԵՄ-ին անդամակցության բանակցությունները ձգձգվում են դեռեւս 2005-ից: Մի կողմից, ԵՄ-ի պետություններից բավականին ազդեցիկները դեմ են արտահայտվում Թուրքիայի անդամակցությանը, մյուս կողմից էլ Թուրքիան է հայտարարում ու հասկացնում, թե բավարար համբերություն չունի ԵՄ անդանակցության համար երկար սպասելու համար, տարբեր առիթներով հայտարարելով, թե ԵՄ-ին անդամակցությունը Թուրքիայի համար կարող է պակաս կարեւոր դառնալ հենց ձգտումների պատճառով:
Առավել հետաքրքրական է, որ Եվրոհանձնաժողովի գնահատականով, Թուրքիան, ի շարս այլ հարցերի, պետք է նաեւ քայլեր ձեռնարկի լուծելու հարեւանների վեճերը, այդ թվում` Հայաստանի հետ: Կիպրոսի հարցում էլ Թուրքիան թեեւ ականջալուր է ԵՄ-ի պահանջներին, սակայն դրանք բավարար չի գնահատում, որպեսզի, իր իսկ ներկայացմամբ, միակողմանի զիջումների գնա:
WSJ-ը հետաքրքրական հարցման արդյունքներ է ներկայացնում, որի համաձայնՙ Թուրքիայում ԵՄ-ին անդամակցելուն 2004-ին կողմ արտահայտված 73 տոկոսի փոխարեն այդ տվյալն այսօր կազմում է 38 տոկոս:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ