Ադրբեջանում գերեվարված հայ հովիվ Մանվել Սարիբեկյանի սպանության պատմությունն ու Ադրբեջանին պատասխանատվության կանչելու հարցը պետք է բարձրացնել միջազգային բոլոր ատյաններում` Մարդու իրավունքների միջազգային դատարանում, ՄԱԿ-ի «խոշտանգման դեմ» կոմիտեում: Դրա համար հարկավոր է, որ խնդիրը բարձրաձայնեն ոչ միայն հասարակական կազմակերպությունները, այլեւ պետական մարմինները:
Թեպետ սպանության կապակցությամբ ՀՀ դատախազությունը քրեական գործ է հարուցել, սակայն համարժեք արձագանքի եւ պատժելիության սկզբունքն իրականացնելու համար Հայաստանը պետք է դիմի Եվրոպական դատարան եւ մեղադրանք առաջադրի: Նման նախադեպեր Եվրոպական դատարանում գրանցվել են բազմիցս: Միջազգային դատարան պետք է դիմեն նաեւ Սարիբեկյանի ծնողները` պահանջելով որդու մահվան համար արդար դատաքննություն եւ պատիժ:
Մեկ ամիս առաջ խորհրդարանական 5 խմբակցություններ նամակ էին ուղարկել ՄԱԿ, ԵԱՀԿ, Եվրամիություն եւ Եվրոխորհուրդ` պահանջելով ուշադրություն Սարիբեկյանի գործի վերաբերյալ:
Սակայն մինչ օրս միջազգային կազմակերպությունները նամակին չեն արձագանքել: ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպան, «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Լարիսա Ալավերդյանի գնահատմամբՙ հիշյալ կազմակերպությունների համար նման նամակի բովանդակությունն աննախադեպ էր, քանի որ այդ կառույցները ընթացակարգ չունեն այդօրինակ նամակներին արձագանքելու համար:
Այժմ նոր նամակի նախագիծ է պատրաստվում, որով պետք է պահանջվի պատժել հայ հովվի սպանության մեղավորներին:
Հ. Հ.