«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


«ՂԱՐԱԲԱՂՈՒՄ» ՏԱՔ Է...

Չնայած այն հրապարակումներին, որ Ադրբեջանը կբողոքի ու կփորձի ձախողել Լեռնային Ղարաբաղի մասնակցությունը Լոնդոնում անցկացվող World Travel Market զբոսաշրջային միջազգային հեղինակավոր ցուցահանդեսին, այնուամենայնիվ Ղարաբաղը, ինչպես տեղեկացնում է Panorama.am-ը, մասնակցում է եւ ունի իր առանձին տաղավարը հենց Հայաստանի տաղավարի կողքին: Նշենք, որ նախորդ տարի նոյեմբերի 11-12-ը Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մասնակցել են World Travel Market-ին առանձին տաղավարներով: Այս տարի, ինչպես հաղորդել էր թուրքական Cihan գործակալությունը, ադրբեջանցիները հարյուրավոր նամակներ են ուղարկել WTM-ի ներկայացուցիչներին, որոնցում նշում են, թե իբր «Լեռնային Ղարաբաղը օկուպացվել է հայկական ուժերի կողմից եւ մինչեւ օրս գտնվում է Հայաստանի վերահսկողության տակ»: Բացի այդ, ադրբեջանցիներն իրենց էլեկտրոնային նամակներում զգուշացրել են Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների քաղաքացիներինՙ չայցելել Լեռնային Ղարաբաղ»: Անգամ թուրք բլոգերներից մեկի զետեղված հրապարակման մեջ հեղինակը կարծիք է հայտնում, որ ղարաբաղյան տաղավարը լավ ձեւավորված է, գեղեցիկ, հարմարավետ, տաք ու ավելի հետաքրքրական է, քան հենց Հայաստանի ու Ադրբեջանի տաղավարները: Միակ բանը, որ դուր չի եկել հեղինակին, Karabakh բառի տառերի մեջ եղած փոքր խաչերն են եղել: «Ցուցահանդեսում Ղարաբաղի անկյունը մի տեղ է, որտեղ կարող ես մի բաժակ սուրճ, թեյ կամ գինի խմել ու ընկերական զրուցել: Այնտեղ իրոք տաք է, հարմարավետ ու հյուրընկալ: Հիասքանչ է. ահա այն առաջին զգացումը, որն ունեցա այն տեսնելուն պես», գրում է հեղինակը: Հայաստանի տաղավարում հեղինակին դուր է եկել պատվիրակության անդամների վերաբերմունքը` ընկերական են, օգնելու պատրաստակամ, ուրախ ու աշխույժ: Նա դժգոհում է, որ արդի Հայաստանից ոչինչ չկար տաղավարում, ամբողջը եկեղեցիներ են ու ազգային բաներ: Ադրբեջանի տաղավարը նա գնահատում է որպես սովորական: Ադրբեջանի մեծ քարտեզ` որի վրա ադրբեջանցիները հիշել են «Հայաստանի կողմից օկուպացրած» տարածքների մասին: Հարավային Կովկասի երկրների տաղավարներից նրան դուր է եկել Վրաստանի տաղավարը, որտեղ նա տեսել է արդիականություն:

Հ. Ա.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4