«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


ԱՆՀԱՎԱՍԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ ՓՈՔՐ ԲԻԶՆԵՍԻ ՏԱՐԲԵՐ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՄԻՋԵՎ

Հաշվետվությունների պարզեցման եւ ավելորդ թղթաբանության վերացման հրատապ անհրաժեշտություն

Փոքր եւ միջին բիզնեսի համար հարկային ընթացակարգերը հեշտացնելու ուղղությամբ վերջին մեկ-երկու տարվա ընթացքում իսկապես կատարվել են զգալի փոփոխություններ: Հաշվապահական հաշվետվությունները պարզեցվեցին, որոշ հաշվետվություններ ամենամսյայից դարձան եռամսյակային կամ եռամսյակայինիցՙ տարեկան, անցյալ տարի ներդրվեց արտոնավճարների համակարգը գործունեության մի շարք տեսակների համար, որոնց իրացման ընդհանուր գումարը չի գերազանցում 2,5 մլն դրամը: Այս տարի որոշվեց, որ արտոնագրային վճարների դաշտ կարող են անցնել նաեւ նախորդ տարում 6 մլն դրամից ավելի շրջանառություն ունեցող եւ վարձու աշխատող չունեցող մի շարք այլ գործունեության տեսակներ եւս: Այս ամենն իսկապես ողջունելի է եւ ազատում է փոքր բիզնեսը ավելորդ քաշքշուկներից եւ ծախսերից: Սակայն, մյուս կողմից, դա արտոնավճարների համակարգի ներդրումը գործունեության որոշ տեսակների համար անհավասար պայմաններ ստեղծեց նրանց եւ նույն շրջանառությունն ունեցող այլ տնտեսվարողների միջեւ: Եվ եթե վերջիններիս համար նույն մոտեցումները հնարավոր չի կիրառել, ապա գոնե պետք է այլ քայլեր կատարել նրանց համար անիմաստ ծախսեր եւ սուբյեկտիվ միջամտության տեղիք տվող հնարավորությունների վերացման ուղղությամբ: Ինչի՞ մասին է խոսքը:

Նախՙ անհավասար հարկային դաշտի առնչությամբ: Անկախ հարկային դրույքաչափերի մեծություններից, արտոնագրային վճարներ վճարողները միանգամից հայտնվում են արտոնյալ վիճակում 6 մլրդ դրամից ցածր շրջանառություն ունեցող բիզնեսի այլ տեսակների նկատմամբ: Ի տարբերություն արտոնավճարներով գործողներիՙ փոքր բիզնեսի այլ ներկայացուցիչներ, որոնք գործում են պարզեցված շահութահարկի հարկման դաշտում, պարտադրված են լինում հարկային մարմնին ներկայացնելՙ եկամտահարկի, սոցվճարի եւ շահութահարկի հաշվետվություններ: Սա նշանակում է, որ նրանք կամ պետք է մշտական հաշվապահ պահեն, ինչը նման շրջանառություն ունեցողների համար իսկապես ճոխություն է, կամ եռամսյակից եռամսյակ վճարեն որեւէ հաշվապահիՙ հաշվետվություններ կազմելու համար, կամ խնդրեն որեւէ ծանոթ կամ ազգական հաշվապահի դա անել: Սակայն ամեն անգամ խնդրել հնարավոր չէ, եւ բացի այդ էլ, պարզաբանումը, թե «հաշվետվությունները կազմել է ազգականս», հաստատ հարկային աշխատակիցների համար արժանահավատ չի թվա, եւ կգործի «դե հիմա կտեսնենք» պատասխան-դատավճիռը: Իսկ ինչ-որ սխալ, ջնջում կամ այլ մանրուք որքան ուզես կարելի է գտնել դրամարկղային կամ առաքման գրքերում, որոնք նույնպես այլ տնտեսվարողները, ի տարբերություն արտոնավճարների դաշտում գործողների, պետք է պահեն: Ի՞նչ անել նման անհավասարությունը վերացնելու եւ փոքր բիզնեսի մյուս ներկայացուցիչներին ավելորդ թղթաբանությունից եւ անիմաստ տուգանվելու ռիսկերից փրկելու համար:

Ինչպես նշեցինք հրապարակման սկզբում, արտոնավճարների ներդրումը արդարացված քայլ էր: Սակայն չենք առաջարկում, որ փոքր շրջանառություն ունեցող գործունեության մյուս բոլոր տեսակները նույնպես ընդգրկվեն այդ դաշտում: Այդ դեպքում տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ պարզեցված հարկի ժամանակ, երբ բոլոր խոշոր տնտեսվարողներն սկսեցին նվազեցված շրջանառություն ցույց տալ եւ զանգվածաբար անցնել այդ հարկման դաշտ: Պարզապես հարկ է առաջ գնալ եւ շարունակել պարզեցված շահութահարկի դաշտում գործողների համար հարկային պարզեցումները եւ վերացնել ավելորդ ու մեկը մյուսին կրկնող գործառույթները:

Առաջինըՙ կարելի է եկամտահարկի եւ սոցվճարների մասով առանձին-առանձին հաշվետվությունները դարձնել միասնական հաշվետվություն: Նկատի ունենալով, որ մինչեւ 6 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող ընկերությունները կամ անհատ ձեռնարկատերերը 1 կամ 2 աշխատակից են ունենում, ապա հարկային վաչարարության առումով մեծ ռիսկեր չեն առաջանա, եթե եռամսյակայինի փոխարեն պահանջվի տարեկան հաշվետվություն:

Հաջորդ քայլը դրամարկղային գրքերին է վերաբերում, որոնցում արձանագրվում են տվյալ ընկերության կանխիկ գործառնությունները: Անհասկանալի է ընդհանրապես, եթե կանխիկ գործառնություններ ունեցող սուբյեկտներում տեղադրվում է հսկիչ-դրամարկղային մեքենա, որն արձանագրում է կանխիկ շրջանառությունը, եւ որի ցուցանիշները գտնվում են հարկային կառույցի մշտական վերահսկողության տակ, եթե կան հաշիվ-ապրանքագրեր եւ վճարման հանձնարարականներ, որոնք նույնպես վերահսկելի են հարկային մարմնի կողմից, ինչի՞ համար են անհրաժեշտ դրամարկղային գրքույկները: Նրա համար, որ ինչ-որ մի ջնջման կամ անփութության համար տուգանք նշանակվի՞: Ի վերջո, շրջանառությունը թաքցնողների համար այդ գրքերի առկայությունը կամ բացակայությունը ոչ մի էական նշանակություն չի ունենում:

Հաշվետվությունների միասնականացում եւ եռամսյակայինից տարեկանի անցում, դրամարկղային գրքերի պարտադրանքի վերացում: Սրանք այն կարեւոր քայլերն են, որ էապես կնվազեցնեն փոքր բիզնեսի այն ներկայացուցիչների ծախսերը, որոնք արտոնավճարների դաշտում չեն: Այդ դեպքում նրանք ստիպված չեն լինի հաշվապահներ պահել եւ եռամսյակը մեկ հարկային հաշվետվություններ կազմել, դրամարկղային գրքույկներ լրացնել: Իսկ հարկային վարչարարության տեսանկյունից ռիսկեր չառաջացնելու համար միանգամայն բավարար է ղեկավարվել շրջանառության եւ վճարած հարկերի ցուցանիշներով: Եթե այնտեղ ինչ-որ տարօրինակ եւ կտրուկ փոփոխություններ են լինում, ապա հարկային ծառայությունը բազում այլ գործիքներով եւ առկա փաստաթղթերով ու ՀԴՄ-ի ցուցումներով կարող է ստուգել, թե ինչ է տեղի ունենում տվյալ ընկերությունում: Փոքր բիզնեսի ներկայացուցիչների համար այս քայլերն ուղղակի կենսական անհրաժեշտություն ունեն, եւ դրանց իրագործումը միայն օգուտ կբերի բիզնես միջավայրինՙ առանց հարկային եկամուտների համար էական խնդիրներ առաջացնելու:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4