«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


ՍՅՈՒՆԵՑԻՆԵՐԸ ԿՊԱՅՔԱՐԵՆ «ՈՒՐԱՆԻ ՈՒՐՎԱԿԱՆԻ ԴԵՄ»

Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքում շարունակվում են ուրանի պաշարների որոնման աշխատանքներ: Բնապահպաններն այդ կապակցությամբ բազմիցս հայտարարել են, որ ուրանի հանքավայրի շահագործումը մահացու վտանգ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար:

Նրանք ներկայացրել են բազմաթիվ արձանագրություններ, որոնց համաձայն ուրանի հանքերին մոտակա բնակավայրերում մահացության եւ հիվանդության դեպքերը մի քանի անգամ գերազանցում են այլ բնակավայրերում անցկացված վիճակագրական տվյալներին: Սակայն այդ ահազանգերին իշխանությունները որեւէ կերպ չարձագանքեցին:

Բնակիչները փաստում են, որ ուրանի հանքի շահագործումը կստիպի սոցիալական ծանր վիճակում գտնվող սյունեցուն լքել բնակարանն ու առավել ապահով միջավայրում ապրել: «Իսկ մեր ուզածն ընդամենը առողջություն է: Ուզում ենք տեր կանգնել մեր հող ու ջրին, հող մշակել, երեխաներին մեծացնել: Բայց դրանից էլ են զրկում: Պետք է ապրենք վախը մեր սրտում, մտածենք, որ ամեն նոր ծնված կարող է լինել հիվանդ կամ հաշմանդամ: Թողեք մեր գլուխը կախ ապրենք», «Ազգ» -ին ասաց երեք անչափահաս երեխայի մայր տիկին Սուսաննան :

Վերջերս Կապանում անցկացված ստորագրահավաքին մասնակցել է 11.000 քաղաքացի. նրանց 99 տոկոսը դեմ է արտահայտվել Լեռնաձոր համայնքի տարածքում ուրանի հանքի հնարավոր շահագործմանը: Նրանք պահանջում են իշխանություններից մինչ որեւէ միջոցառում ձեռնարկելը հաշվի առնել իրենց դիրքորոշումը:

Երեկ Կապանում գործող 10 հասարակական կազմակերպություն` հիմք ընդունելով մարդու կյանքի եւ առողջության հիմնարար իրավունքներն ու ստորագրահավաքի արդյունքները, ինչպես նաեւ լարված մթնոլորտը, միասնական բաց նամակով դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով չեղյալ հայտարարել Սյունիքում ուրանի ծրագրի իրականացումն ու ընդունված իրավական ակտերը:

Իսկ այսօրՙ ժամը 17-ին Կապանի մշակույթի պալատի հարակից հրապարակում տեղի կունենա խաղաղ եւ արտոնված հանրահավաք տարածաշրջանում թափառող «ուրանի ուրվականի» վերաբերյալ:

Հ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4