«Հարավկովկասյան երկաթուղիներ» (ՀԿԵՈՒ) ընկերության տնօրեն Շեւքեթ Շայդուլինը երեկ հանդիպել է լրագրողներին: Ըստ news.am-ի` Շ. Շայդուլինն անդրադարձել է այն լուրերին, որոնց համաձայն` ՀԿԵՈՒ-ն ցանկանում է փակել Սանահինի լոկոմոտիվային դեպոն: Այս մասին հրապարակումներն ընկերության տնօրենը որակել է քաղաքական եւ նշել, որ առանձին քաղաքական գործիչներ այս հարցում ուզում են դիվիդենտներ քաղել: Նա ասել է, որ Սանահինում այնպիսի կառույց է ստեղծվում, որ աշխատատեղերը ոչ թե կրճատվելու, այլ ավելանալու են: Կապի եւ տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանն էլ ասել է, որ Սանահինի լոկոմոտիվային դեպոյում աշխատողներն ուզում են ՀԿԵՈՒ-ից երաշխավորագիր տեսնել: «Մենք քննարկեցինք այս հարցը պարոն Շայդուլինի հետ, եւ նա վստահեցրեց, որ բոլոր որակյալ աշխատողները կմնան իրենց աշխատանքին», հավելել է նախարարը:
News.am-ի թղթակցին Շ. Շայդուլինն ասել է, որ ՀԿԵՈՒ-ն հաջորդ տարի 13 միլիարդ 500 միլիոն դրամ ներդրում է անելու, եւ այդ գումարն առաջին հերթին ուղղվելու է Ֆիոլետովո-Վանաձոր երկաթգծի կառուցմանը, իսկ այս տարի ներդրումները կազմելու են 13,7 միլիարդ դրամ:
Ի. Պ.