«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2010-11-09 | #206, 2010-11-10 | #207, 2010-11-11


ՁՈՆ-ԵՐԵԿՈՙ ՄՏԱՎՈՐԱԿԱՆԻՆ, ՈՒՍՈՒՑՉԻՆ ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆ-100

Հիշողությունը ետ է բերում անցյալից բեկորներ: Այդ անցյալը կրող մեծերը որեւէՙ անգամ մեր այսչափ հուսահատեցնող-մանրացող ժամանակներում ունենում են իրենց հետեւորդները, թեկուզ եւՙ քիչ. կարեւորը, սակայն, շարունակությունն է: Հիշողություն - միայն այսկերպ է հնարավոր մեզ վերադարձնել նրանց:

Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան դահլիճը այն վայրն է, որտեղ կարող են հանդիպել մարդկայինՙ բարոյական, մշակութային ու հոգեւոր արժեքներն անսակարկ, անխառն համաձայնությամբ, որովհետեւ ապահովված են անմիջական հաղորդակցումը հանդիսականի հետ,նրա հոգեւոր վերընթացի պահերը. հոգ չէ, թե քամին դրսում որ ուղղությամբ կփչի... Այնպիսի սակավ երեկոներին, ինչպիսին նախորդ օրվա Ռուբեն Զարյանի հոբելյանականն էր, զգացողություն է առաջանում, թե այն, ինչի մասին ասվում եւ լսվում է այդտեղ, անհաղորդ է տիրող իրականությանը, ասես կտրված, օտարված: Սակայն միաժամանակ հուշում, որ փոշիացող արժեքների համատարած ամլություն մեզ չի սպառնում: Վկանՙ օրվա հանրությունը, ավագների կողքին երիտասարդների ներկայությունը:

Ուզում եմ սկսել երեկոյի ավարտական նոտայիցՙ Սվետլանա Նավասարդյանի, որքան հիշում եմ, ծրագրից դուրս վերջին կատարումիցՙ Գլյուկի «Մելոդիա»-ի, շատ ներդաշնակ օրվա խորհրդին, որտեղ ներկա են հուշի հուզականություն եւ անցյալի ափսոսանք, բայց նաեւՙ շարունակելիության հույս, որը հնչեց ու արձագանքվեց տաղանդավոր դաշնակահարուհու վարպետ կատարմամբ, եւ մեղեդին հոսեց, կանգ առավ- մնաց որպես օրվա լուսավոր հետք:

Հայ թատերական արվեստի, մշակույթի պատմության մեջ Ռուբեն Զարյանի վաստակը իր բեղուն գործունեությամբ, իր ապրած կյանքով, ստեղծագործությամբ հաստատված արժեք է. մեզ մնում է դա տեսնել, գնահատել, հիշել: Նրա գիտական գործունեության տեւական ընթացքը արժեքավոր հրատարակություններ է կազմելՙ «Աբովյանի կյանքը», «Ադամյան», «Թատերական դիմանկարներ», «Սիրանույշ», «Վահրամ Փափազյան», «Հուշապատում», հարյուրավոր հրապարակումներ, հոդվածներ: Մշակութային գործունեությունը մեծապես նպաստել է հայ արվեստի, թատրոնի զարգացմանը. աշխատանքային հարուստ կենսագրությունՙ գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ Հայպետհրատում, «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագիր, Գեղարվեստաթատերական ինստիտուտի թատրոնի պատմության ամբիոնի վարիչ, ԳԱ Արվեստի ինստիտուտի հիմնադիր-տնօրեն, իր նախաձեռնությամբ արվեստի ինստիտուտին կից ստեղծված Շեքսպիրագիտական գրադարան եւ Շեքսպիրագիտության հայկական կենտրոն, հայ շեքսպիրագիտության միջազգային ճանաչում: Եվ, այնուամենայնիվ, ամենակարեւորը իր գործի շարունակողներ պատրաստելն էրՙ ուսուցչությունը:

  «Մենք մեր ստեղծագործական կյանքի առավոտյան հանդիպեցինք Ռ. Զարյանին, որ երեկոյան չբաժանվենք: Ոչ միայն մեր լավագույն արվեստաբան քննադատներից շատերը, այլեւ Մհեր Մկրտչյանի նման ժողովրդական արտիստը կոչում է նրան ԻՄ ՈՒՍՈՒՑԻՉ :

  Ամենքի արվեստաբանը, ուսուցիչ եւ ուսուցչապետ: Այլ կերպ դժվար է նրան կոչել» :

  «Ի ծնե քննադատի ոգին է, որ սկզբից եղել է եւ կա Ռուբենի մեջ, որ շաղվել է նրա էությանը, որ նրա կոչումն է այսօր, ավելի քան կոչումըՙ նրա ամբողջական սիրելի անձը: Մեծ ու թանկարժեք կարեւորություն է սա: Ոսկեգրիչ բարեկամիս նման մարդկանց կյանքը չի չափվում ժամանակի թավալումով, այլ նրանց գործերի թվով: Որովհետեւ ստեղծագործողի տարիները աշուններ չունեն, եւ ծիծղուն գարունների մի ամբողջ շարան են մեր քննադատի ամբողջ ճանապարհին, եւ կուզենայի, որ նա չտեսներ հանգրվանն այդ գարունների» : Այստեղ մեջբերված խոսքերն ասել են թատերագետ Լեւոն Խալաթյանը եւ մեծանուն Վահրամ Փափազյանը: (Դարակումս հայ եւ օտարազգի նշանավոր հեղինակների ինչպիսի կարծիքներ, տպավորություններ կան նրա մասին` Ռուբեն Զարյանի դստեր ամուսնուՙ Զավեն Վարդանյանից տպագրության ինձ հանձնած. թերեւս առիթը կներկայանա դրանցով դիմանկար ստեղծելու ականավոր գիտնականի, հրաշալի մտավորականի եւ ուսուցչի):

Ռուբեն Զարյանի 100-ամյակին նվիրված երեկոյի խոսքասացները հիմնականում իր ուսանողներն էին, այսօր մեր մշակույթի անվանի դեմքերՙ թատերագետ, բեմադրիչ, արտիստ, կինոգետ: Երախտագիտություն, սեր, գնահատական, այսպես է հիշողությունը վերադառնում արժանավոր անցյալին: Քիչ են այդպիսիները, որ դասաժամը վերածում են տոնի, որ գիտելիք փոխանցողից բացի իրենց անհատական կուլտուրայով ստեղծում են տարածական-մագնիսականություն, ձգող, առինքնող մթնոլորտ, մի երկրորդ իրականություն: Այդպիսի ուսուցիչ եղել է Ռուբեն Զարյանը:

Մինչ ելույթները մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը արժեւորեց Ռուբեն Զարյանի վաստակն ու ներդրումը հայ արվեստի պատմության մեջ: Ելույթ ունեցողներըՙ Երվանդ Ղազանչյան, Վահե Շահվերդյան , Ռազմիկ Դավոյան, Լորենց Առուշանյան անդրադարձան Զարյան արվեստաբանի, ուսուցչի, մարդու կերպարին, վերհիշեցին համատեղ աշխատանքային ստեղծագործական դրվագներ: Ի մասնավորի, Վահե Շահվերդյանը նախարարի ուշադրությունը հրավիրեց Շեքսպիրագիտության կենտրոնի ներկայիս տխուր վիճակինՙ ակնկալելով աջակցություն:

Երեկոն պատշաճորեն հանդիսավարեց Ազատ Գասպարյանը` իր խոսքին զուգակցելով Վահան Տերյանի «Անդարձություն» բանաստեղծությունը եւ Եղիշե Չարենցի «Իմ լեռան աղոթքը»: Երաժշտական մասը նույնպես ճաշակավոր ընտրությամբ մատուցվեցՙ Կոմիտաս, Ն. Շնորհալի, Ալեքսանդր Հարությունյան, Գլյուկ (կատարողներՙ Ա. Ղուկասյան, Կ. Խաչատուրյան, Էթնո-վոկալ տրիոՙ Ա. Մայիլյան, Կ. Զաքարյան, Ս. Ավագյան, Սբ Գեղարդավանքի երգեցիկ խումբ, Սվետլանա Նավասարդյան): Նաեւ հոբելյարի լուսապատկերային ցուցադրություն եղավՙ Հայդնի երաժշտության ուղեկցությամբ:

Կարծում եմՙ Ռուբեն Զարյանի 100-ամյա հոբելյանական այս երեկոյին իր ուսանողներից արձակագիր-կինոգետ Դավիթ Մուրադյանը եւ թատերագետ Լեւոն Մութաֆյանը արվեստաբանի ներքին կերպարն այնքան ամբողջական, այնպես գեղեցիկ ներկայացրին, որ իրեն չիմացողներին անգամ նա դարձավ սիրելի:

Մարդ-մշակույթ. այսպես բնութագրեց Ռուբեն Զարյանին Դավիթ Մուրադյանը, վերհիշելով քաղաքի ժամանակի մտավորական կիրթ մթնոլորտը. «... Հավասարաչափ տաղանդավոր էր նա իր գրքերում եւ կյանքում եւ ի~նչ տաղանդ էր սփռել շուրջը, ինչպես էր իր տաղանդը զուգակցված այլոց տաղանդին: Այս իմաստով Ռ. Զարյանի թողած հետքը միայն գրավոր ժառանգությունները չեն: Ռ. Զարյանն ուներ մի հատկություն, որի մասին այսօր արժե հիշեցնելՙ ուրիշի տաղանդով ուրախանալու հատկություն: Նրա համար ուրիշ տաղանդ տեսնելը անձնական մեծ բերկրանք էր, գիտեր, որ իրենից չի պակասելու, գիտեր, որ այս աշխարհում տաղանդավոր յուրաքանչյուր մարդ իր հետ բերում է իր տեղը եւ իր հետ էլ տանում, գիտեր ու հրճվում էր յուրաքանչյուր նոր տաղանդավոր երեւույթով: Վկանՙ Պ. Սեւակի հայտնաբերումը, Գ. Էմինի հայտնաբերումը մեր գրականության համար: Փայլուն գիտնական եւ փայլուն էսսեիստ, ժանր, որ առանձնապես տարածված չէր այդ տարիներին, փայլուն թատերագետ եւ թատերական էսսեիստ, գիտնական եւ գեղագետ. այս երկուՙ կարծես միմյանց բացառող տարերքների միասնությունըՙ գեղագետի նուրբ արտիստիկ բնազդը եւ գիտնականի ակադեմիկ ռացիոնալիզմը միասին դառնում էին այն, ինչ կոչվում է Ռուբեն Զարյան» :

  Անդրադարձ «Հուշապատում»-ինՙ «Իր հրապարակման օրից ի վեր նրա իմաստը եւ նշանակությունը մեր կյանքում մեծանում է, շարունակեց Դ. Մուրադյանը: Իր սքանչելի նովելները, իր մտավոր եւ հոգեւոր տեսողությունը, հայ գրականության, թատրոնի եւ գիտության քրիստոմատեական դեմքերի զարյանական մեկնաբանությունը, բացահայտումը, իր թողած վկայությունները, գրված ոչ միայն զարմանալի վարպետությամբ, նաեւ հուշագրության հիմնական գայթակղությունից խուսափողՙ նրա համար միշտ առաջին պլանին է այն անհատականությունը, ում մասին գրում է, որովհետեւ ունի չափի այն կատարյալ զգացումը, առանց որի չկա ներդաշնակություն եւ առանց որի չկա արվեստ, որ ճարտարապետության մեջ կոչվում է ոսկե հատման օրենք. ոսկե հատման օրենքի միտք եւ ոսկե հատման օրենքի մարդ: Եվ վերջապեսՙ ի՜նչ լեզու, ի՜նչ հայերեն, ի՜նչ հռետորական ձիրք, հայոց լեզուն ինչպես էր ապրում իր մեջ եւ ինչպես էր փոխանցվում մեզՙ այնքան բնական, հանգիստ, շնչառության նման ամենօրյա: Այն լեզվաստեղծությունը, որն ուներ նա, երբ մոտենում էր ամբիոնին. միտք եւ լեզու: Ինչպես Ֆլոբերն էր ասումՙ չեն լինում գեղեցիկ մտքեր առանց գեղեցիկ լեզվի: Չկան: Եվ չի լինում գեղեցիկ լեզու առանց գեղեցիկ մտքի: Ահա ֆլոբերյան այս հրաշալի աքսիոմը ի դեմս Ռուբեն Զարյանի, գտել էր իր կենդանի ռեալ ներկայությունը մեր մարդկային եւ մտավոր կյանքում :

  Եվ վերջապես, որ կուզենայի ասել մտքի այդ արիստոկրատի վերաբերյալ. անհատի նշանակությունը եւ արժեքը. ի՞նչ է նշանակում անհատ, ո՞րն է նրա դերը, ինչպե՞ս կարող է այդ մեկ մարդը իր գիտելիքով, իր հոգեւոր ներուժով ստեղծել մի ամբողջ մշակութային եւ բարոյական տարածություն, որի մեջ աճում են իր նմանները կամ գոնե իրեն նմանվելու ձգտողներ: Իսկ դա արդեն վիթխարի գործ է: Որովհետեւ Ռ. Զարյանը պատկանում է այն անհատների թվին, ովքեր իրենց մագնիսական դաշտում կարողանում են եթե ոչ իրենց հավասար, ապա դեպի իր տեսակը ձգտող մարդ կերտել: Եվ այստեղ մենք հավաքվել ենք, ճիշտ ասաց Ազատ Գասպարյանը, նախ եւ առաջ մեզ համար, որովհետեւ մեզ այսօր անհրաժեշտ է շնորհակալություն հայտնել նրան: Որովհետեւ այս դահլիճում նստած երիտասարդներին եւ ուսանողներին անհրաժեշտ է գոնե մեր միջոցով (այս պահին մենք ենք կապող օղակը) հաղորդակցվել Ռուբեն Զարյանի հետ: Իսկ ամենակարեւորըՙ բացել նրա գրքերը: Ես ավարտում եմ այն խոսքով, որով սկսեցիՙ շնորհակալ եմ ինձ ընձեռած այս պատվի համար» :

ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4