«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրով
Երեկ կառավարության որոշմամբ փոփոխություններ կատարվեցին «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրում: Ներկայացնելով փոփոխությունների նախագիծը, ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանն ասաց, որ նախատեսվում է ակտիվացնել մարզերում ծրագրի իրականացման գործընթացը: Նա տեղեկացրեց, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում մինչ օրս տրամադրվել է 137 վարկ, 1,1 մլրդ դրամ ընդհանուր պայմանագրային գումարով: Այդ ծավալներից մոտ 99 տրամադրվել է Երեւանում, 38-ը` մարզերում: «Մեր գնահատականները ցույց են տալիս, որ հիմնական ծանրաբեռնվածությունը դեպի Երեւան է տեղափոխվել, իսկ մարզերում այդ ծրագրի ընդգրկվածությունը բավարար չէ», փաստեց նախարարը, ավելացնելով, որ ըստ առաջարկվող փոփոխությունների, մարզերում պետության կողմից սուբսիդավորման ընդհանուր չափը նախատեսվել է մինչեւ 4 տոկոս: Այդ դեպքում, մարզերում հիպոթեկային վարկավորման տոկոսադրույքը կկազմի 6,5-7 տոկոս:
Նախատեսվել է նաեւ մարզերի համար կանխավճարի չափը նվազեցնել` 30 տոկոսից հասցնելով 10 տոկոսի, որի արդյունքում այդ գործընթացը մարզերում էականորեն կհեշտանա: Որպես գրավի առարկա մարզերում կընդունվեն նաեւ խոշոր ընկերությունների տրամադրած երաշխավորագրերը: Մասնավորապես, խոսքը վերաբերում է առաջին 300 խոշոր հարկատուների ցանկում ներառված տրամադրվելիք երաշխիքներին, որոնք նույնպես կհամարվեն ապահովման միջոց: Տիգրան Դավթյանն ընդգծեց, որ այս փոփոխությունների հիմնական գաղափարախոսությունն այն է, որ մարզերի համար ավելի լավ եւ արտոնյալ պայմաններ ստեղծենք եւ չբացառեց, որ հետագայում եւս ճշգրտումներ կատարվեն ծրագրում:
Հարցին անդրադարձավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը , ասելով, որ հիպոթեկային վարկերը հիմնականում տրամադրվում են Երեւանում, քանի որ այստեղ ռիսկայնությունը առեւտրային բանկերի համար ավելի կառավարելի է, ինչը չի կարելի ասել մարզերի մասին: Մինչդեռ, ըստ վարչապետի, այս փոփոխություններով ավելի բարենպաստ պայմաններ են ստեղծվում հիպոթեկային վարկերն առաջին հերթին մարզերում հասանելի դարձնելու համար:
Ա. Մ.