Ամերիկաբնակ Միսաք Քելեշյանը չի ապրում Հայաստանում, բայց ամբողջ հոգով կապված է Հայաստանին, հայ ժողովրդին, նրա անցյալին ու ներկային: Նա ծնունդով Լիբանանից է, մասնագիտությամբ ինժեներ է: Մեր հայրենակիցն այսօր նվիրական աշխատանք է կատարում, նրա նպատակն է բացահայտել Հայոց ցեղասպանության անհայտ էջերը: Միսաք Քելեշյանը երեկ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում էր, նա հանդես եկավ հանրային ելույթով: Մինչեւ ելույթը թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը ներկայացրեց մեր հայրենակցին:
Ցեղասպանությունից հետո բազմաթիվ հայ երեխաներ որբացել են: Տեղահանված ու որբացած շատ մանուկներ հասել են Լիբանան: Միսաք Քելեշյանը նշեց, որ Բեյրութից ոչ հեռու գտնվող Այնթուրա փոքրիկ գյուղում հայ որբերին թուրքացնելու ծրագիր էր սպասվում. Ջեմալ փաշան Այնթուրայի ֆրանսիական քոլեջի շենքում հայ երեխաների համար որբանոց է բացել: Մ. Քելեշյանը հայտնաբերել է դավանափոխ անելու այդ ողջ կառույցն ու մեխանիզմը:
Միսաք Քելեշյանի մասին գրել են աշխարհի տարբեր թերթերում, նրա մասին նաեւ գրել է բրիտանացի հայտնի լրագրող Ռոբերտ Ֆիսքը: Մեր հայրենակցի նվիրական գործին մի քանի անգամ անդրադարձել է նաեւ «Ազգը»:
Ի. Պ.