«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


«ԵՀՈՎԱՅԻ ՎԿԱՆԵՐԸ» ՀՐԱԺԱՐՎՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ՏԱԿԱՆՔԻՑ

Ձեռնպահության մի կոչ էլ արել է մարդու իրավունքների մեր «խրոխտ» պաշտպանը

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Սեւան քաղաքում «Եհովայի վկաներ» աղանդավորական կազմակերպության անդամ Արման Թորոսյանի կողմից իր ծնողների դաժան սպանությունը այս կազմակերպության թողած արյունոտ հետքերից առաջինն ու, ցավոք, վերջինը չէ: Կարելի է միայն ենթադրել, թե ուղեղների լվացման կամ ինչպես իրենք են ասումՙ «մշակման» ի՞նչ ճանապարհ են անցնում այդ կազմակերպությունում, որ պատրաստ են սպանել անգամ ծնողներին, եթե նրանք փորձեն հետ պահել իրենց զավակին կործանարար ճանապարհից: Տեղի ունեցածն իսկապես ահասարսուռ էր, եւ Հայաստանի ողջ բնակչությունը ցնցված էր: Ամբողջ բնակչությունը, բացառությամբ «Եհովայի վկաների» կազմակերպության ղեկավարների ու նրանց ցանցը ընկած զոմբիների, որոնք, ինչպես ակնկալում էին նրանց գործելակերպին մոտիկից ճանաչողները, անմիջապես հերքեցին տվյալ երիտասարդի պատկանելությունը «Եհովայի վկաներին»:

  «Ազգի» խմբագրությունը երեկ ստացավ Հայաստանում «Եհովայի վկաներ» կրոնական կազմակերպության հայտարարությունը: Նշելով, որ իրենք եւս ցնցված են այդ «սարսափելի» հանցագործությունից, վերոնշյալ կազմակերպությունը հերքում է Արման Թորոսյանի պատկանելությունը եւ անգամ որեւէ առնչությունը «Եհովայի վկաների» հետ, «բացարձակ անհիմն եւ սուտ տեղեկություններ տարածելու», «անպատասխանատու», «ոչ պրոֆեսիոնալ» մոտեցման մեջ մեղադրելով Հայաստանի լրատվամիջոցներին: Ինչը, ըստ նրանց, «արատավորում է ամբողջ աշխարհի «Եհովայի վկաների» բարի անունը, պատիվը եւ արժանապատվությունը»: Ըստ այդ հայտարարության, պարզվում է, որ «Եհովայի վկաները» հատնի են որպես ծնողների եւ մերձավորի նկատմամբ խոր հարգանք տածող մարդիկ, ովքեր կյանքը թանկ են գնահատում»:

Անհնար է խոսքեր գտնել այս հայտարարության մեջ խտացված ցինիզմն ու լկտիությունը մեկնաբանելու համար: Նախՙ լրատվամիջոցները հայտնել են այն, ինչ ասել են մարդասպան դարձած երիտասարդի հարեւանները, մտերիմներն ու ծանոթները: Ի տարբերություն «Եհովայի վկաների», նրանք բոլորը մեկ հրահանգով չեն կարող ստել: Հետեւաբար, եհովականների հայտարարության տեսքով «հարձակումը որպես լավագույն պաշտպանություն» տարբերակ այստեղ չի աշխատում: Արեւմուտքում մշակված ագրեսիվ քարոզչության մյուս գոհարըՙ սեփական մեղքերը վերագրել դիմացինին եւ իրականությանը կապ չունեցող երեւույթը ներկայացնել որպես հայտնի ճշմարտություն, եւս արդեն հնացել է: «Եհովայի վկաներն» այնքան «բարի անուն, պատիվ եւ արժանապատվություն» ունեն աշխարհում եւ Հայաստանում, որքան բորենիները բնության մեջ: Իսկ թե քանի՞ երեխա է զոհվել նրանցՙ «Եհովայի վկա» ծնողների կողմից արյան փոխներարկում թույլ չտալու պատճառով, «կյանքը գնահատող» կազմակերպությունը «մոռացել է» հավանաբար:

Այդուհանդերձ, հարց է ծագում, թե ինչո՞ւ այս կազմակերպությունը որոշեց հրապարակային հայտարարությամբ հրաժարվել ծնողներին սպանած սեփական տականքից: Պատասխանը պարզ էՙ «Եհովայի վկաներ» կազմակերպությունը կարող է իրավական պատասխանատվություն կրել որպես հանցագործության դրդիչ:

Այս ամենից հետո ուղղակի որպես զավեշտ է հնչում Հայաստանի մարդու իրավունքների «խրոխտ» պաշտպան Արմեն Հարությունյանի հայտարարությունըՙ քանի դեռ գործը քննվում է, մարդասպան երիտասարդին չանվանել «Եհովայի վկա»: Իսկ գուցե մարդու իրավունքների պաշտպանը կոչ անի նրան նաեւ մարդասպան չանվանել, իսկ գուցե ոչ ոք էլ չի՞ սպանվել, եւ արյուն ու դիակներ ոչ ոք չի՞ տեսել: Մարդու իրավունքների պաշտպանը գոնե մեկ անգամ փորձե՞լ է պաշտպանել այն ծնողների իրավունքները, որոնց զավակներն այլեւս իրենցը չեն, այլ լրացրել են «Եհովայի վկաների» գլխաքանակը եւ նույնը պարտադում են անել իրենց հարազատներին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4