ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը, երեկ հանդիպելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, մի շարք հետաքրքրական արտահայտություններ է արել: Նա ասել է, որ ղարաբաղյան կարգավորման ճանապարհային քարտեզ գոյություն չունի, դա Ադրբեջանի հնարածն է, իսկ Աստանայի ԵԱՀԿ գագաթաժողովին հայկական եւ ադրբեջանական կողմերը կկենտրոնանան երեք հիմնական սկզբունքի վրա, ու ամեն ինչ կսկսվի զրոյից` հայկական կողմի համար ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչումն ու ուժի չկիրառումը:
ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանի` ընտրություններին իր կուսակցության 99,99 տոկոս ձգտման մասին ասածին արձագանքեց այսպես. «Աստված չանի ԲՀԿ-ն այդքան ձայն հավաքի»` նշելով, որ դա կնշանակեր դիկտատուրա, ընդ որում, աշխարհի ոչ մի կուսակցություն այդքան ձայն հավաքել չի կարող: Նրա կանխատեսմամբ` ապագա խորհրդարանում կհայտնվեն ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՀԱԿ-ը, բնականաբար` ՀՀԿ-ի մեծամասնությամբ:
ՀԱԿ-ի հանրահավաքում Տեր-Պետրոսյանը նախագահ Սարգսյանի ելույթներից մեկն անվանել էր ռասիսմ. «Դա ռասիզմ չէ, այլ առողջ ազգայնական գաղափարախոսություն, որի շնորհիվ, ի դեպ, Նժդեհը ժամանակին փրկեց Լեռնահայաստանը: Դրա շնորհիվ է, որ այսօր ունենք Արցախ, Երեւան: Լեւոն Տեր-Պետրոսյանը դարձել է Ադրբեջանի խոսնակը: Նա իր ելույթում խոսել է այդ մասին, քանի որ դա ադրբեջանական մամուլում լայնորեն արծարծվել էր, որպեսզի մերում էլ արծարծվի, իսկ դրա համար խոսնակ էր պետք, ու այդ խոսնակի դերում հանդես եկավ հենց Լեւոն Տեր-Պետրոսյանը», ասաց Ռ. Զոհրաբյանը:
Մ. Խ.