«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#207, 2010-11-11 | #208, 2010-11-12 | #209, 2010-11-13


Հ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՎՐԴ. ՊԶՏԻԿՅԱՆԻ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԱՐՔԸ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ

Ինչպես Մոնրեալից են մեզ հաղորդում, ՀԲԸՄ «Մանուէլ Քէօսէեան» հայագիտական դասընթացների վերջին դասախոսությունների շարքն իրագործելու համար Փարիզից հատուկ հրավերով Մոնրեալ էր մեկնել Սամուել-Մուրատյան վարժարանի եւ Մշակութային կենտրոնի տնօրեն Հ. Հարություն վրդ. Պզտիկյանը , որը հոկտեմբերի 25-ից 28-ը հանդես եկավ հայ մշակույթին, հայ եկեղեցուն, Մխիթարյան միաբանությանը նվիրված հետաքրքրական բանախոսություններովՙ հանդիսականի համար ճանաչողական լայն նշանակությամբ: Բանախոսության յուրաքանչյուր թեման ներկայացվեց համապատասխան ֆիլմի ցուցադրությամբ: Առաջին օրվա նյութը «Մխիթարյան հայրերի նպաստը հայ մշակույթին» թեմայով, ուղեկցեց 30 րոպե տեւողությամբ տեսաֆիլմովՙ պատրաստված ֆրանսիական ազգային հեռուստատեսության պատվերով: Հ. վրդ. Պզտիկյանը ներկայացրեց հայ ժողովրդի համար դժվարին այդ ժամանակաշրջանը, հայ մտքի, մշակույթի ծանր վիճակը եւ այդ ֆոնինՙ Մխիթար Սեբաստացու սխրանքըՙ Վենետիկի Սբ Ղազար կղզում միաբանության հիմնադրումը, որը 3 հարյուրամյակ արդեն գիտակրթական-մշակութային բեղուն գործունեությամբ ահռելի ծառայություն է մատուցում հայ ժողովրդին ու նրա մշակույթին:

Հաջորդ օրվա բանախոսությանՙ «Միջնադարյան Հայաստանի վանքերն ու վարդապետները» թեման, նույնպես ուղեկցվեց հայ հոգեւոր ճարտարապետությանը նվիրված ֆիլմաշարի (այս անգամ հեղինակի միջոցներով նկարահանած) ցուցադրությամբ եւ մեկնաբանական տեքստով: Բովանդակությամբ եւ տեղեկություններով հարուստ էր նաեւ դրան հաջորդած մեկ այլ բանախոսությունՙ «Պատմություն հայկական տպագրության», որի մանրամասների մեջ, ինչպես եւ նախորդին հմուտ վարդապետ Պզտիկյանը, հանգամանորեն, առանձին շրջաններով անդրադարձավ հայ տպագրության արվեստինՙ սկսած Վենետիկում Հակոբ Մեղապարտի ջանքերով 1512-ին լույս տեսած «Ուրբաթագրքից» եւ դրա հետագա ընթացքից: Դասախոսությունների շարքը եզրափակվեց բռնի իսլամացած հայերի եւ առկա հանգամանքների մասին ուշագրավ տեղեկություններով հագեցված ելույթով: Վրդ. Պզտիկյանը այցելեց տեղի ամենօրյա երեք հայկական վարժարաններ եւ առաջնորդարաններ, որտեղ հանդիպումներ ունեցավ նաեւ իր նախկին սաների հետ:

Մ. Բ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4