Սիլվա Տեր-Ստեփանյանի մանկավարժական մեթոդի հայաստանյան տեղայնացման առաջին փորձըՙ Օշականում, հաջողություն է արձանագրում:
Նյու Ջերսիում իր հիմնադրությամբ գործող Ամերիկայի Հայոց Արեւելյան թեմի Խրիմյան կիրակնօրյա ճեմարանի ուսումնական ծրագրերի բովանդակությունն ու ուղղվածությունը ազգապահպան գաղափարին է ծառայումՙ թե ինչպես է կարելի երկրի, հայրենիքի ներկայություն ներարկել երբեւէ Հայաստանում չեղած, օտարաբնակ, օտարախոս հային. հաջողության գրավականը անխոս, ոչ միայն հմուտ մանկավարժի իր ձիրքն է, այլեւ նվիրումը, կրքոտ սերըՙ մայրենի լեզվին, հայ եկեղեցուն ու մշակույթին: Կիրթ, բանիմաց անձնավորության դաստիարակության ընթացքը նա ամբողջական է համարում ազգային արժանապատվության ներարկմամբՙ օտարության մեջ ապրող հայ մարդու համար այդ զգացումը համարելով առանձնակի կարեւոր, ինչպես սիրում է նա հաճախ կրկնել, որպեսզի «գիտակից եւ հպարտ հայ քրիստոնյա դառնա»: Իսկ դրա նախապայմանը, իր համոզմունքով, ազգային արժեհամակարգի ճանաչումն է, իրազեկ լինելը հայ ժողովրդի պատմությանը, մշակույթին: Ինքը որոշակի ընտրությամբ էլ իր դասագրքերում ներառում է մեր անցյալի հերոսական դրվագներ, նշանավոր անհատներ:
Սիլվա եւ Իրմա Տեր-Ստեփանյան քույրերը իրենց ազգանվեր գործը շարունակում են նաեւ Հայաստանում, նրանք հիմնադիր-հովանավորն են Թեքեյան մշակութային միության «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակի երկու անվանակարգիՙ «Արա-Մարալ» եւ «Դավիթի պարսատիկեն»: Նրանց բարեհոգի նախաձեռնությամբ եւ աջակցությամբ Արագածոտնի թեմի Օշականի Սբ Մաշտոցի առաջնորդանիստ եկեղեցու հովանու ներքո չորս տարի առաջ սկսեց գործել «Խրիմյան» կրթօջախըՙ այն նույն սկզբունքով ու ոգով, ինչ Նյու Ջերսիի համանուն ճեմարանն է: Կրթօջախի 4 խմբերում սովորում են Օշական գյուղի 90 աշակերտՙ սկսած 9 տարեկանից: Անվճար ուսուցման հետ նրանց տրվում է համազգեստ եւ գրենական պիտույք: Կրթօջախի դասընթացների (բարոյագիտություն, կենցաղավարություն, ձեռարվեստ, հայ ժողովրդի եւ հայ եկեղեցու պատմություն եւ այլ առարկաներ), նաեւ մայրաքաղաքից հրավիրված տարբեր մասնագետների մասնակցությամբ հաճախակի կազմակերպվող բազմաբովանդակ ձեռնարկների շնորհիվ նրանց կրթությունը ավելի համակողմանի բնույթ է կրում, ընդհանուր զարգացման ավելի լայն հնարավորություններ ընձեռում:
Կրթօջախի առանձնահատկությունը եւ առաքելությունը փոքր տարիքից հայ երեխայի մեջ առաջնորդ լինելու ձգտման սերմանումն է: Դրան նպաստում է ուսումնական ծրագրերի ու դասագրքերի բովանդակությունըՙ դաստիարակել հայ պարմանի-պարմանուհուն ղեկավար-առաջնորդի ոգովՙ ձեւավորել եւ արթնացնել նրանց մեջ այդ զգացումը, զարգացնել անհատական հատկանիշներ այնպես, որ յուրաքանչյուրն իրեն կարողանա առաջնորդ պատկերացնել: Եվ պատահական չէ, որ դասավանդվող առարկաներից «Հայ ղեկավարը» կոչված է աշակերտին ճանաչելի դարձնել հայ ժողովրդի անցյալի ու ներկայի գիտության, մշակույթի, պետական-քաղաքական երեւելի գործիչներին, որից ընտրված մեկ անհատի կյանքն ու գործունեությունը ուսումնասիրվում է ողջ տարվա ընթացքում:
Ուշադրության կենտրոնում, իհարկե, հայ եկեղեցու պատմություն առարկան է նաեւ, հայ եկեղեցու սրբերի, ծեսերի, տոների ճանաչողությունը, իսկ 5 տաղավար տոների նշելը պարտադիր է: Կրթօջախի միջոցառումների շրջանակներում ներառված «Ազգադրոշմի» արարողությունը, որ կատարվեց սեպտեմբերի 24-ին, իր տեսակով նորամուծություն է Հայաստանում եւ Հայ առաքելական եկեղեցու արարողակարգում: (Նյու Ջերսիի «Խրիմյան» ճեմարանում տարիների ավանդույթ ունի):
Արարողությունն, իսկապես, առանձնահատուկ է իր բնույթով, եւ կարելի է բնորոշել, որպես նոր ձեւավորվող քաղաքացու, հայ մարդու պատասխանատվության առաջին քայլ: Միջոցառմանը մասնակցեցին կրթօջախի միայն «Նարնջագույն» դասարանի սաներըՙ ավագ դասարան փոխադրվելու եւ «Արարատ» անունը ստանալու համար: Արարողությունը կայացավ հանդիսավոր մթնոլորտում. հոգեվորականների եւ հյուրերի ներկայությամբ սաները երդման արարողություն կատարեցինՙ հայտնելով իրենց հավատարմության ուխտըՙ Հայ առաքելական եկեղեցուն, նրա դավանանքին, կանոններին, պատվիրաններին եւ ազգին ու հայրենիքին, որից հետո նրանք ստացան սրբազան հոր օրհնությունը եւ նրա կողմից հանձնված «Ազգադրոշմի» վկայագրերն ու «Ազգանշանները»: Արարողությունն ավարտվեց «Տերունական աղոթքով»:
Ապա ինչպես ընդունված սովորություն է, եղավ խրախճանքի անկաշկանդ, ուրախ ցերեկույթ:
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ