Կիրագործվեն Հայաստանում
Հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության աշխատանքային խմբի երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ԱՄՆ-ից Եվրոպայի ու Եվրասիայի օժանդակության ծրագրերի համակարգող Դանիել Ռոզենբլումը :
Ներսես Երիցյանը ներկայացրեց քննարկված հարցերի շրջանակըՙ Հայաստանի բիզնես եւ ներդրումային միջավայրի բարելավում, հարկային, մաքսային եւ առեւտրային ոլորտների բարեփոխումներ, արդար եւ հավասար մրցակցային դաշտի խնդիրներ, երկու երկրների միջեւ առեւտրային հարաբերությունների ընդլայնում, գյուղատնտեսության, ջրօգտագործման եւ էներգետիկայի ոլորտներում ծրագրերի իրականացում: Էկոնոմիկայի նախարարը կարեւորեց Հայաստանում գործող ամերիկյան կապիտալով ընկերությունների մասնակցությունը քննարկումներին եւ նրանց անմիջականորեն բարձրացրած հիմնահարցերը:
Դանիել Ռոզենբլումը եւս կարեւորեց 10 տարի շարունակվող երկկողմ հարցերի քննարկման այս հարթությունը եւ ողջունեց գործարար հատվածի հետ ունեցած հանդիպումը:
«Հազարամյակի մարտահրավեներ» ծրագրի շրջանակներում ճանապարհաշինության ոլորտում սառեցված ծրագրերի եւ Մրցունակ մասնավոր հատված Հայաստանումՙ (CAPS) ծրագրի փոխարեն ի՞նչ ծրագրեր են իրականացվելու» հարցի վերաբերյալ ԱՄՆ-ի ներկայացուցիչն ասաց, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը կշարունակվի եւ կավարտվի 2011-ին, իսկ կասեցված ճանապարհաշինական ծրագրերը Հայաստանի կառավարությունն իրականացնում է այլ աղբյուրների ֆինանսավորմամբ: Թեման շարունակելովՙ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը նշեց, թե որ ծրագրերով են շարունակվում ճանապարհաշինական ծրագրերը: Խոսելով CAPS-ի մասինՙ էկոնոմիկայի նախարարը հայտնեց, որ այդ ծրագիրն ավարտվում է, բայց Հայաստանի կառավարության եւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության միջեւ համաձայնություն է կնքվել նոր ծրագրի մասին, որը կարժենա տասնյակ միլիոնավոր դոլարներ: Այն ուղղված է լինելու ձեռնարկությունների աջակցությանն ու մրցակցության բաձրացմանը:
«Կմասնակցե՞ն ամերիկյան ընկերությունները նոր ատոմակայանի շինարարությանը» հարցի առնչությամբ Դանիել Ռոզենբլումն ասաց, որ իր երկիրը հետաքրքրված է, որ ամերիկյան ընկերությունները կարողանան մասնակցել այդ աշխատանքներին: Նա հիշեցրեց, որ երկար տարիներ ԱՄՆ-ն համագործակցել է ՀՀ կառավարության հետ միջուկային անվտանգության հարցում:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ