Ազգային ժողովի նոր դահլիճի հետ կապված լրագրողական դժգոհությունների մի մասը երեկ ի չիք դարձավ, քանի որ ԱԺ ղեկավարության խոստման համաձայն, լրագրողական հատվածում համակարգիչներ էին տեղադրվել օթյակներին կից առանձին սենյակներում, նստարանների թիկնակներին էլ դինամիկներ կային` ավելի հանգիստ վիճակում ձայնագրելու համար: Սակայն դժգոհության գլխավոր առիթը` նիստերի դահլիճի հետ անմիջական շփումը, տեղի ունեցողին լրագրողաբա՛ր, գործող անձի կարգավիճակում տեսնել-լսելու պահանջն այդպես էլ օդում մնաց` այդպես էլ մնացինք ապակու հետեւում եւ մեր դիտակետից միայն դահլիճի կեսը կամ «մի աչքով» տեսնելու կարգավիճակում:
Նիստի սկզբում տեխնիկական խնդիրներ ունեին նաեւ պատգամավորները, նրանք պետք է համակարգիչ մուտքի հնարավորություն ստանային քարտով, քարտուղարության աշխատակիցներն օգնեցին նրանց սովորելու դա, չնայած Հ. Աբրահամյանը «կանխավ էր կանչել» պատգամավորներին` մի քիչ շուտ նիստի սկսվելուց, բայց մեր պատգամավորները ոչ կանխավ էին եկել, ոչ էլ շուտ սովորել, եւ ինչպես Հ. Աբրահամյանը նկատեց` բոլորը կոճակների հետ էին խաղում սկզբի տասը րոպեն` մինչեւ գրանցվեցին: Հարկ եղավ 20 րոպե ընդմիջում վերցնել վարման կարգի վերաբերյալ հնարավորությամբ, մինչեւ ամեն ինչ տեղն ընկավ:
ԱԺ «ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը միայն ասաց, որ իրենք դեմ են ընդհանրապես մեծ օրակարգին, քանի որ Ազգային ժողովի մեծ օրակարգում մնում է հայ-թուրքական արձանագրությունների մասին հարցը, մինչդեռ հայկական կողմը պետք է հետ վերցնի իր ստորագրությունն արձանագրությունների տակից: Նա հիշեցրեց, որ վերջերս Չեթմ Հաուսում մրցանակ տրվեց Թուրքիայի նախագահ Գյուլին որպես հայ-թուրքական արձանագրւթյունները նախաձեռնողի, դա գոնե պետք է հիշենք ու մեր ստորագրությունը հետ կանչենք: Բայց 6 դեմն օրակարգային որեւէ հարց երբեք չի լուծում:
Երեկ շարունակվում էր դեռ նախորդ քառօրյայում սկսված 2009 թվականի ընթացքում Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման տարեկան զեկույցի քննարկումը, որը նախորդ զեկույցները միշտ քննադատող, հարակից զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանը այս անգամ օբյեկտիվ գնահատեց` լավ էր տրամադրված, թե առաջին անգամ ՄԻՊ-ը քաղաքական գնահատականներ չի ներկայացրել: Դեռ հետո էլ, հարցերին պատասխանելիս տեղյակ պահեց, թե նրա անկախությունն ապահովելու համար լրացուցիչ 38 մլն դրամ է հատկացվելու նրա գրասենյակին, մարդու իրավունքների պաշտպանի աշխատավարձն էլ հավասարեցվում է Սահմանադրական դատարանի նախագահի աշխատավարձին: 5 մլն դրամի չափով էլ ամեն տարի ՄԻՊ-ը կարողանում է միջազգային դոնորներից ստանալ, մի խոսքովՙ ՄԻՊ-ի ֆինանսական անկախությունն ավելացնում են, որ նա կարողանա մեր իրավունքներն ավելի երաշխավորված ու անկախ պաշտպանել:
Իսկ երբ մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը նկատեց, թե ՄԻՊ-ը պարտավո՛ր է անդրադառնալ մարդու քաղաքական իրավունքներին, իսկ խոսքի ազատության, քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակի, պետական չինովնիկներին իրավունքի դաշտ բերելու առումով մեր երկիրն ավելի խոցելի է դարձել, մարտի 1-ի դեպքերի հետ կապված փաստահավաք խմբի աշխատանքը ՄԻՊ աշխատակազմի ղեկավարը չի կարողացել շարունակել, առհասարակ` 2009-ին ՄԻՊ-ը հետեւողական չի եղել մարդու իրավունքների պահպանման ուղղությամբ, սա մնաց որպես ընդդիմախոսություն: Ինչպես, ի դեպ, եւ մյուսների` Զարուհի Փոստանջյանի, Արծվիկ Մինասյանի, Էռնեստ Սողոմոնյանի հարցադրումները (մարդու իրավունքների վիճակը վատ է, ՄԻՊ լիազորություններն ընդլայնվում են եւ այլն): Մինչ մարդու իրավունքների պաշտպանը Բրյուսելում, Եվրոպական խորհրդարանում երեկ թե այսօր հանդես էր գալու «Քաղաքական համակարգի կապիտուլյացիան մարդու իրավունքների առջեւ» ելույթով, Հայաստանի խորհրդարանում օրենքով փորձում էին բարձրացնել նրա աշխատավարձը եւ լայնացնել նրա լիազորությունները` փարիզյան սկզբունքների հիման վրա, դա կատարվում էր օրվա վերջում արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանի ներկայացրած մի ուրիշ օրենսդրական փաթեթով` «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» եւ հարակից երկու օրենքների փոփոխություններով: Հիմնական զեկուցող Գեւորգ Դանիելյանն այս փոփոխությունները ծրագրային անվանեց` եվրոպական կառույցները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի որոշման հիման վրա են փոփոխություններն առաջարկվել, որոնցով նախ ՄԻՊ-ի աշխատավարձը ՍԴ նախագահի աշխատավարձին է հավասարեցվում, հավելավճարները սահմանվում են նույն չափով, ինչ ՍԴ նախագահի համար են սահմանվում: Աշխատավաձը 686 հազար դրամ է սահմանվելու, իսկ հավելավճարները մինչեւ միլիոն դրամ կձգեն երեւի: Հստակեցվում է նաեւ ՄԻՊ-ի կենսաթոշակի խնդիրը` ՍԴ նախագահի համար սահմանված ընթացակարգերն են գործելու նաեւ պաշտպանի թոշակի անցնելու դեպքում: Նրա աշխատակազմը հավասարեցվում է դատական ծառայությանը, դատական ծառայողների 3,6 գործակից վարձատրությամբ, ընդ որում ՄԻՊ-ն է որոշում նրանցից յուրաքանչյուրի աշխատավարձի չափը: ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյանը հետաքրքրվեց` ուրեմն մինչեւ հիմա բավարար չէի՞ն պաշտպանի անկախության երաշխիքները, ՀՅԴ-ական Արծվիկ Մինասյանին էլ հետաքրքրում էր, թե որքան ճիշտ է նախարարների ու պատգամավորների անտեսումը-ՄԻՊ-ի կարեւորումը: Արմեն Մարտիրոսյանը չծածկեց` ժամանակին Լարիսա Ալավերդյանին ապօրինի են ազատել ՄԻՊ-ի պաշտոնից, որքանո՞վ է ճիշտ միայն գործող ՄԻՊ-ի` 65 տարեկանից թոշակի անցնելը կարգավորելը: Եղած ընթացակարգերը թույլ են տալիս վիճարկել ապօրինի կամ օրինական ազատումը, այս վերջին հարցադրմանը պատասխանեց Գեւորգ Դանիելյանը:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ