Վերահսկիչ պալատն օրեր առաջ լրագրողներին էր ներկայացրել իր ստուգումների արդյունքները «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ում: Այդ ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, թե ՎՊ-ն դուրս է եկել իր ստուգման թեմատիկայի շրջանակից` ստուգելով այնպիսի հարցեր, որոնք ընդհանրապես ընդերքօգտագործման հետ կապ չեն ունեցել: Ըստ հայտարարության` ՎՊ-ն իրավունք ունի ստուգելու միայն բյուջետային մուտքերի վերահսկողությունն իրականացնող ստուգող եւ վերահսկիչ մարմիններում, այլ ոչ թե ընկերությունում, չի կարող առաջադրել նրան պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կատարման պահանջ: Նշվում է նաեւ, որ «Գեոպրոմայնինդ Գոլդի» պայմանագիրը ՎՊ-ն ձեռք է բերել անօրինական ճանապարհով` ՍՊԸ-ն այդ պայմանագիրը ՎՊ-ին չի ներկայացրել: Ընկերությունն իր հայտարարության մեջ հատկապես ընդգծել է, որ Վերահսկիչ պալատն առաջադրում է ոչ ճիշտ տեղեկությունների եւ ոչ ճիշտ հաշվարկների վրա կառուցված ֆինանսական պարտավորություններ, իսկ ՍՊԸ-ն գիտի իր պարտավորությունները, կատարում է դրանք, եւ դրանք վերահսկելու համար Հայաստանում կան լիազորված մարմիններ:
Մ. Խ.