«Ամերիաբանկի» հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ մեկնարկած 100 անակնկալների շարքը շարունակվում է: Հերթական անակնկալը «100 տարի, 100 ծառ» խորագրով միջոցառումն էր: «Ամերիա» խմբի աշխատակիցների մասնակցությամբ նոյեմբերի 13-ին ծառատունկ էր կազմակերպվել: Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու հարակից տարածքում մասնակիցները 100 թխկի տնկեցին: Ծառատունկին մասնակցում էին նաեւ «Ամերիա» խմբի ղեկավարությունն ու Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Մելիք Գասպարյանը :
Վարդան Ղազարյանը , որը բանկային համակարգում աշխատում է 1968 թվականից, իսկ ներկայումս աշխատում է «Ամերիաբանկում», նույնպես մասնակցում էր ծառատունկին: Խոսելով միջոցառման մասին` Վարդան Ղազարյանը նշեց, որ յուրաքանչյուր մարդու համար ծառատունկը կարեւոր խորհուրդ ունի. «Մարդն իր կյանքում պետք է երեխաներ ունենա, տուն կառուցի եւ ծառ տնկի»: «Ամերիաբանկի» մարդկային ռեսուրսների կառավարման բաժնի ղեկավար Արմինե Ղազարյանն էլ նշեց. «Մենք այստեղ ենք 100 ծառին 100 տարվա կյանք նվիրելու նպատակով»: Ա. Ղազարյանի խոսքով` «Ամերիաբանկի» անակնկալների շարքը շարունակական է լինելու:
«Ամերիա» խմբի աշխատակիցների շնորհիվ Ս. Սարգիս եկեղեցու հարակից տարածքը տարիներ հետո մաքուր ու գեղեցիկ վայր կդառնա: «ATP» («Հայաստան ծառատունկ ծրագիր») բարեգործական հիմնադրամի աշխատակից Նավասարդ Դադյանն ասաց. «Նախկինում այս տարածքն անտառապատ է եղել: Ցավոք, 90-ականներին ամբողջովին «անապատի» վերածվեց: Հիմա տարածքն ավելի լավ տեսքի բերելու հնարավորություն ունենք»: Հարցին, իսկ ծառատունկի հետ «ATP» հիմնադրամն ի՞նչ կապ ունի, Նավասարդ Դադյանը պատասխանեց. «Մենք համագործակցում ենք Նոր Նորք համայնքի կանաչապատման բաժնի հետ»:
Ծառատունկի մասնակիցներն իսկական եռուզեռի մեջ էին. բահերով փորում էին հողը, դույլերով ջուր տեղափոխում, ամեն մեկն իր աշխատանքը պատասխանատվությամբ էր կատարում` գիտակցելով, որ ամեն մի ծառ բնության ու մարդկանց համար կարեւոր նշանակություն ունի:
Ի. Պ.