«Իլյա Երկրորդի խնդրանքով»
Նոյեմբերի երկրորդ կեսին Ամենայն հայոց կաթողիկոսի Վրաստան կատարելիք հովվապետական այցի առնչությամբ Մայր աթոռից տեղեկացնում են, որ այցը հետաձգվում է: «Նկատի առնելով Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի արտասահմանում բուժումից հետո վերականգնողական շրջանի անհրաժեշտությունը եւ պատրիարքի ցանկությունը` ուղեկցելու հայոց կաթողիկոսին Թբիլիսի եւ Ջավախք միջեկեղեցական եւ հովվապետական այցելության ողջ ընթացքում` Վրաց եկեղեցին դիմել է Մայր աթոռ Սուր Էջմիածնինՙ վերանայելու Հայոց հայրապետի Վրաստան այցի թվականը», նշված է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովի մասին ներկայացնող հաղորդագրության մեջ:
Ըստ այդմ, Գերագույն հոգեւոր խորհուրդը նոյեմբերի 13-14-ին Էջմիածնում, կաթողիկոսի նախագահությամբ, «ընդառաջ խնդրանքին հետաձգել է Վեհափառի Վրաստան այցը` նկատի ունենալով հետաձգման վերաբերյալ նաեւ Վիրահայոց թեմի եւ Ջավախքի փոխառաջնորդության խնդրանքը»:
Այս էլ որերորդ անգամ է հետաձգվում Հայոց կաթողիկոսի այցը Վրաստան եւ Ջավախք` Խրիմյան Հայրիկիՙ 100-ամյակից ավելի առաջ այցելությունը այդպես էլ թողնելով միակը: Մեր տպավորությամբ, ծրագրված այցն այլեւս դժվար թե իրականանա վրացական կողմի խուսանավելու պատճառով:
Ա. Հ.