«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#208, 2010-11-12 | #209, 2010-11-13 | #210, 2010-11-16


ԳՈՐԱՆ ԲՐԵԳՈՎԻՉՆ ՈՒ ՆՐԱ ՀԱՐՍԱՆԵԿԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՆՎԱԳԱԽՈՒՄԲԸ

Երաժշտասեր հանրության համար երեկ իսկական տոն էր: Հանրահայտ երաժիշտ Գորան Բրեգովիչը եւ նրա Հարսանեկան եւ թաղման նվագախումբը երեկ «Alkohol»համերգային ծրագրով հանդես եկան Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Համերգը կազմակերպվել էր «Երեւանյան հեռանկարներ» 11-րդ երաժշտական միջազգային փառատոնի շրջանակներում: Չկա մի երկիր, որտեղ սիրված ու ճանաչված չէ Գորան Բրեգովիչը: Այս առումով Հայաստանը եւս բացառություն չէ. Գ. Բրեգովիչը սիրված է նաեւ Հայաստանում: Համերգից առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում երաժիշտը հանդիպեց լրագրողներին: Նա տեղեկացրեց, որ Հայաստանում ներկայացնելու են այն համերգային ծրագիրը, որը ներկայացրել են նաեւ Նյու Յորքում, Փարիզում եւ Լոնդոնում:

Գորան Բրեգովիչը ծնվել է Սարաեւոյում, նրա ծնողներից մայրն ազգությամբ սերբ է, իսկ հայրը` խորվաթ: Իր առաջին խումբը` «Սպիտակ կոճակը», Բրեգովիչը կազմել է 16 տարեկանում: Երգահան ու կիթառահար Գորան Բրեգովիչը ռոքնռոլի մեծ սիրահար է: Մի անգամ նա ասել է. «Ռոքը միակ ձեւն էր, որով կարող էինք լսելի դարձնել մեր ձայնն ու հրապարակայնորեն արտահայտել մեր դժգոհությունն առանց բանտարկվելու»: «Սպիտակ կոճակ» խմբի հետ Բրեգովիչը 15 տարի շարունակ մարաթոնյան շրջագայություններ է կատարել: Գորան Բրեգովիչը սիրված է նաեւ կինոսիրողների շրջանում. նա երգեր է գրել նաեւ ֆիլմերի համար: Երեկվա ասուլիսի ժամանակ խոսելով սերբ ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի եւ իր համագործակցության մասին` Գ. Բրեգովիչը նշեց. «Ես միայն ընկերության համար էր, որ սկսեցի ֆիլմերի երաժշտություն գրել»: Այսպես նա պատասխանեց նաեւ լրագրողներից մեկի այն հարցին` արդյոք երաժիշտը չի՞ ափսոսում, որ հեռացել է կինոյից: «Կյանքն այնքան երկար չէ, որ մարդն իրեն նվիրի միայն ֆիլմերի համար երաժշտություն գրելուն: Իմ տարքում արդեն մտածում եմ կոնկրետանալու մասին»: Իսկ ի՞նչ գիտի երաժիշտը հայկական երաժշտության մասին, այս հարցին Գորան Բրեգովիչը հետաքրքրական պատասխան տվեց. «Այստեղ գալուց առաջ հայկական ժողովրդական երաժշտություն եմ լսել»:

Գ. Բրեգովիչը բազմաթիվ շրջագայություններ է ունեցել: Համերգներով հանդես է եկել Եվրոպայում, Ռուսաստանում, Իսրայելում, Կորեայում, Սինգապուրում եւ այլն: 2004-ին Գորան Բրեգովիչը գրել է իր առաջին օպերան` «Բրեգովիչի Կարմենը երջանիկ ավարտով», որն առաջին անգամ 2004-ի ապրիլին ներկայացվել է Իտալիայում, իսկ դրանից հետո ներկայացվել է ավելի քան 100 անգամ: Ասուլիսի ժամանակ երաժիշտը նաեւ խոսեց իր Հարսանեկան ու թաղման նվագախմբվի մասին. «Սկզբում նրանց այսպես կոչեցի հումորով, մինչեւ ինձ միանալը նրանք նվագել էին թաղումների ու հարսանիքների ժամանակ»:

Երեւանից հետո Գորան Բրեգովիչը համերգ կտա Կիպրոսի գրավյալ թուրքական մասում:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4