Այդ ատյանում բողոքներ ներկայացնելն ու հարցեր բարձրացնելը Ադրբեջանի համար ունի միայն ներքին սպառման նշանակություն
Հարցազրույց ՄԱԿ-ում Հայաստանի դեսպան Կարեն Նազարյանի հետ
- Պրն Նազարյան, օրերս ՄԱԿ-ում Ադրբեջանի դեսպանը նամակով դիմել էր Բան Կի Մունինՙ սփյուռքյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանդիպման առնչությամբ: Այս մասին տեղեկացնում էին ադրբեջանական կայքէջերը, որոնցում զետեղված էին նշված նամակի բովանդակությունը: Ի՞նչ նշանակություն կամ ազդեցություն կարող է ունենալ նման նամակների հրապարակումը:
- Ամենից առաջ օգտագործեմ առիթը ներկայացնելու մեր մոտեցումները, եւ առհասարակ, խոսելու, թե ինչպիսի վերաբերմունք կա ՄԱԿ-ում Ադրբեջանի դիվանագիտական ներկայացուցչության «լրատվական-տեղեկատվական» գործունեության վերաբերյալ, քանի որ սա առաջին դեպքը չէ, որ Ադրբեջանի քարոզչական մեքենան, օգտագործելով իր իսկ վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ները, մոլորության մեջ է դնում նախ իր հասարակությանը եւ հետո էլ փորձում է նույնը կատարել միջազգային հանրության հետ:
Երկար ժամանակ է, որ ադրբեջանական կողմը ՄԱԿ-ում իր գործունեությունը ծավալելիս առաջնորդվում է, կամ ավելի ճիշտՙ բավարարվում է, միայն ներքին գործածությանն ուղղված քայլերով: Սխալված չեմ լինի, եթե նշեմ, որ արդեն մի քանի տարի ադրբեջանական ԶԼՄ-ներում ամեն ամիս կամ պարբերաբար, պարտադիր լույս են տեսնում միջազգային կազմակերպություններում նրա ներկայացուցիչների տարածած նամակները: Դիվանագիտական պրակտիկայում գրեթե չենք կարող հանդիպել տարօրինակ այս գործելաոճին, երբ պետություններն իրենց տեղական մամուլում տպագրում, հրատարակում են իրենց իսկ գործող դեսպանների պաշտոնական գրագրությունը, բացառությամբ, երբ դա վերաբերում է պատմադիվանագիտական կամ, ասենք, առանձին արխիվային նյութերին:
- Արդյո՞ք ՄԱԿ-ին եւ այլ նմանատիպ կառույցների ղեկավարներին ուղղված նամակները կարող են ազդել ԼՂ գործընթացի վրա:
- Բաքվում արտադրված էժանագին նամակների տարածման միջոցով ադրբեջանական ԱԳՆ-ն եւ նրա ենթակայության տակ գործող մարմինները, այդ թվում` ՄԱԿ-ում այդ երկրի ներկայացուցչությունը, փորձում են վարկաբեկել Հայաստանը, Արցախը, ԼՂ խաղաղ կարգավորման գործընթացըՙ քաջ գիտակցելով, որ ոչ նամակները, ոչ էլ բանավոր ու գրավոր բողոքարկումները չեն կարող դրական ազդեցություն ունենալ ԼՂ խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացի վրա:
ՄԱԿ-ը չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմամբ, այս մասին բազմիցս հայտարարել է նաեւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, նշելով, որ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափով: Ավելին, այս նամակներն, ինչպես ՄԱԿ-ի ղեկավարության, այնպես էլ անդամ-երկրների շարքում առաջացնում են միայն տարակուսանք եւ հիասթափություն: Վստահ եմ, որ այս մասին տեղյակ են նաեւ Բաքվում, ուրեմն ի՞նչ է ստացվում այստեղ. ադրբեջանական կողմը այդ քարոզչական նամակները տարածում է եւ ծառայեցնում է ներքին գործածության համարՙ իր հասարակությանը ներկայացնելու, թե իբր «հսկայական եւ տպավորիչ» աշխատանք է տանում միջազգային կառույցներում:
Արձանագրվել է նաեւ փաստ, որ այդ երկրի դիվանագիտական ներկայացուցչությունը նախկինում փորձ էր կատարել կեղծել ՄԱԿ-ի քարտուղարությունից ստացված գրությունը, ու այն իր տեղական մամուլում ներկայացնել որպես ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշում: Այս գործելաոճը, մեղմ ասած, ինքնախաբեություն է:
- Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Ադրբեջանի բողոք-նամակը ՄԱԿ-ի վրա, ո՞րն է լինելու այդ կազմակերպության վերաբերմունքը կամ դիրքորոշումը, նրա ձեռնարկելիք քայլերը, եւ ինչպե՞ս է պատրաստվում այս ամենին հակազդել Հայաստանը:
- ՄԱԿ-ը բողոքելու կամ բողոքի ատյան չէ, եւ սա, առաջին հերթին պետք է հասկանա ադրբեջանական կողմը, ՄԱԿ-ը, ինչպես հայտնի է, ունիվերսալ միջկառավարական կառույց է, որի անդամ-երկրները զբաղված են միջազգային համագործակցության եւ միջազգային օրակարգի հրատապ հարցերի ապահովմանն ու խրախուսմանն ուղղված քննարկումներով, որոնց մասին հղումներ կան կազմակերպության կանոնադրությամբ հռչակած կամ հաստատած նպատակներում ու սկզբունքներում: Ի դեպ, դրանցից մեկում նշվում է, որ ոչինչ չի կարող լիազորել ՄԱԿ-ին միջամտելու որեւէ պետության ներքին իրավասության հարցերին: Նախագահ Սարգսյանի հանդիպումը սփյուռքահայ լրագրողների հետ, այդ հանդիպմանը արտահայտած նրա մտքերը, ձեւակերպումները մեր ներքին հարցերն ենՙ եւ ոչ ՄԱԿ-ը, առավել եւսՙ ոչ էլ Ադրբեջանը այստեղ ասելիք կամ անելիք չեն կարող ունենալ:
Արդեն սովորական է դարձել Ադրբեջանի նաեւ այն գործելաոճը, որ ՄԱԿ-ում չկարողանալով հանդես գալ առարկայական ու կառուցողական ելույթներով, նրա ներկայացուցիչները շարունակաբար նախընտրում են կրկնվող եւ տվյալ հանդիպման կամ համաժողովի օրակարգին չհամապատասխանող հայտարարություններ կատարել կամ նամակներ տարածել, եւ հետո էլ դրանց մասին ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով «խմբագրականներ» կամ «հոդվածներ» գրել: Բնականաբար, Հայաստանը մշտապես արձագանքել է, եւ այսուհետեւ եւս արձագանքելու է նման անընդունելի բովանդակություն ունեցող գրություններին կամ ելույթներինՙ ներկայացնելով մեր դիրքորոշումները:
Նշեմ, որ ՄԱԿ-ում Հայաստանի պատվիրակությունը, բացի վերը նշված հարցից, մեծապես ներգրավված է ՄԱԿ-ի հիմնադրամների, ծրագրերի, մասնագիտացված գործակալությունների եւ ՀՀ կառավարության միջեւ համագործակցության ընդլայնմամբ, որոնց վերաբերյալ քաղաքական որոշումները կայացվում են Նյու Յորքում, ՄԱԿ-ի հիմնական եւ օժանդակ մարմինների կողմից: Զինաթափման, խաղաղապահության, խաղաղաշինության ՄԱԿ-ի առաքելությունների հետ մեկտեղ, որպես զարգացող երկիր, կարեւոր ենք համարում մեր ներգրավվածությունը սոցիալական ու կայուն զարգացման, տնտեսական ու հումանիտար ոլորտների առնչվող բազմակողմ դիվանագիտական գործընթացներում:
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ