«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2010-11-16 | #211, 2010-11-17 | #212, 2010-11-18


ԻՆՉՊԵ՞Ս ԵՆՔ ՎԱՍՏԱԿԵԼՈՒ ԵՎ ԾԱԽՍԵԼՈՒ ԲՅՈՒՋԵԻ 1 ՏՐԻԼԻՈՆԸ

Երեկ Ազգային ժողովում ներկայացվում էր 2011 թվականի բյուջեի նախագիծը: Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանի ներկայացրած թվերով` 2011 թվականին Հայաստանի բյուջեն մոտենում է 1 տրիլիոն դրամի սահմնագծին, եւ մեծ հավանականություն կա, որ այդ սահմանագիծը կհատվի տարվա ընթացքում: Նախագծի ծախսային մասը կազմելու է 998, 6 միլիարդ դրամ, որի ամենախոշոր մասնաբաժինը սոցիալական ապահովության ծախսերն են լինելու, որոնք կազմելու են բյուջեի ծախսային մասի շուրջ 27 տոկոսը` 272 մլրդ դրամի չափով: Ընդհանրապես` բյուջեի ծախսային բաժինն ավելացել է ներկա բյուջեի համեմատ 63 մլրդ դրամի չափով, որի առյուծի բաժինը` 43 մլրդ դրամի չափով, ուղղվելու է սոցիալ մշակութային ծասերի մեծացմանը:

Առողջապահությանն ու կրթությանն ուղղվող ծախսերի ծավալը եւս մեծացել է` 108 մլրդ դրամ. կրթության ծախսերն 9 մլրդով ավելի են լինելու, առողջապահության ծախսը 62 մլրդ դրամ է նախատեսված: Մշակույթի ոլորտի աշխատողների աշխատավարձները կբարձրացվեն մոտ 15 տոկոսի շրջանակում, առողջապահության ոլորտում եւս աշխատավարձերը կավելանան: Լուրջ հատկացումներ են պաշտպանության ոլորտում` 140,6 մլրդ դրամի չափով, երկրի պաշտպանունակությունը պատշաճ ապահովելու համար: Բյուջեի եկամտային հատվածը 850 մլրդ դրամ է լինելու` կազմված հարկային եկամուտներից, սոցիալական պարտադիր վճարների գանձումից, վարկային միջոցներից, դրամաշնորհների մուտքերից: Հարկային եկամուտներն հաջորդ տարի ընդհանուր առմամբ 650 մրդ դրամի չափով են նախատեսված (այս տարի 570 մլրդ էր), տնտեսական աճի եւ վարչարարության բարելավման հաշվին ավելացումը պետք է լինի: Հարկեր-ՀՆԱ հարաբերակցությունը եկող տարի նույնպես ավելանալու է` 0,3-0,4 կետով: Նոր բյուջեի հիմնական ուղղվածությունը ներկայացնելով` վարչապետ Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ շարունակվելու է մակրոտնտեսական կայունությանը եւ տնտեսական աճի կայուն տեմպերի պահպանմանը նպաստող վերջին տարիներին վարվող հարկաբյուջետային քաղաքականությունը` բյուջետային դեֆիցիտի աստիճանական նվազեցում, պետական պարտքի աճի տեմպերի սահմանափակում, ողջամիտ` այսինքն տնտեսության զարգացման համար անվտանգ մակարդակ, լողացող փոխարժեքի ռեժիմ: Մասնավորապես, գնաճը 12-ամսյա թիրախով կանխատեսվում է 4.0 տոկոսի շրջանակներում` 1.5 տոկոսանոց միջանցքում, իսկ ծախսերի առումով նախատեսվում է իրականացնել բյուջետային դեֆիցիտի ծրագիր, որ դեֆիցիտը չգերազանցի 4 տոկոսը: Դեֆիցիտը հիմնականում կֆինանսավորվի փոխառու միջոցներով, ներքին եւ արտաքին ռեսուրսների հաշվին, ընդ որում` 86.8 տոկոսը բաժին կընկնի արտաքին պարտքին եւ 2011 թվականի վերջում կանխատեսում են ունենալ 4305.1 մլն ԱՄՆ դոլարի չափով արտաքին պարտք: Ըստ վարչապետի` արտաքին պետական պարտքի այսպիսի բեռը բնութագրվում է որպես նվազ կամ միջին հարկային բեռ, այն սպասարկման վտանգներ չի պարունակում:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4