«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#210, 2010-11-16 | #211, 2010-11-17 | #212, 2010-11-18


ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԽՈՐՀՈՒՐԴՆԵՐԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ՈՒՍԱՆՈՂՈՒԹՅԱՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Նոյեմբերի 17-ն ուսանողության միջազգային օրն է: Երեկ «Արմատ» ակումբում կազմակերպված ասուլիսի թեման վերաբերում էր ուսանողությանն ու նրան հուզող խնդիրներին: Բանախոսները 4 բուհերի ուսխորհուրդների նախագահներն էին: Օգտվելով առիթից` նրանք շնորհավորեցին ուսանողներին տոնական օրվա կապակցությամբ: ԵՊՀ-ի ուսխորհրդի նախագահ Ցոլակ Հակոբյանը նշեց, որ նոյեմբերի 17-ը ոչ միայն ուսանողության, այլեւ երիտասարդության տոնական օր է համարում. «Այս տոնի հանդեպ մարդկանց հետաքրքրությունը մեծացնելն ուսխորհրդի նպատակներից մեկն է»: Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Էմին Թորոսյանն էլ ասաց, որ ուսանողների միջազգային օրվան նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվել, եւ դրանք դեռ շարունակվում են: Խոսելով օրվա խորհրդի մասին` Երեւանի պետական մանկավարժական համալսարանի ուսխորհրդի նախագահ Վոլոդյա Գասպարյանը նշեց. «Կարծում եմՙ ուսանողները գիտակցում են ուսանող լինելու կարեւորությունը, եւ իրենց գիտելիքները կօգտագործեն մեր երկրի զարգացման համար»: Անդրադառնալով հայ ուսանողի խնդիրներին` Էմին Թորոսյանն առանձնացրեց սոցիալական խնդիրը: Երիտասարդներն ընդունվում են բուհ, սակայն չկարողանալով վճարել ուսման վարձը` կրթությունը կիսատ են թողնում: Երեկ Ճարտարագիտական համալսարանում ուսանողներն ու ուսանողական կառույցների ղեկավարները հանդիպել էին հանրապետության վարչապետին եւ կրթության ու գիտության նախարարին: «Բարձրաձայնել ենք խնդիրներՙ սոցիալական սկսած մինչեւ կադրերի արտագաղթի մասին: Սոցիալական վիճակի վերաբերյալ վարչապետը պատասխանեց, որ առաջիկայում կգտնվեն միջոցներ, որպեսզի պետությունն այդ հոգսը որոշակի առումով իր վրա վերցնի», տեղեկացրեց Է. Թորոսյանը:

Ուսանողության ու կրթության խնդիրները բազմաթիվ են: ԵՊՀ-ի ուսխորհրդի նախագահն էլ խոսեց կոռուպցիայի մասին: Նրա խոսքով` մինչեւ տարեվերջ ԵՊՀ-ում պատրաստվում են հետազոտություն անցկացնել կոռուպցիայի օբյեկտիվ պատկերը ներկայացնելու նպատակով: Լրագրողներից մեկի հարցին, իսկ կոռուպցիայի գոյության համար ո՞վ է մեղավոր, Ցոլակ Հակոբյանը պատասխանեց, որ մեղավոր են ե՛ւ ուսանողը, ե՛ւ դասախոսը: Էմին Թորոսյանը հպարտորեն ավելացրեց, որ Թատրոնի ու կինոյի պետական ինստիտուտում որեւէ դասախոս ուսանողից գումար չի վերցնում քննության գնահատական նշանակելու համար. «Մեզ մոտ նման բան չկա, «բաց ճակատով» եմ ասում»: Ուսխորհրդի նախագահի խոսքերն այնքան վստահ էին հնչում, որ բոլորս սկսեցինք հավատալ, որ կոռուպցիան իսկապես շրջանցել է թատրոնի եւ կինոյի ինստիտուտը: Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահ Հասմիկ Ափյանը տեղին նշեց. «Կոռուպցիա կա բոլոր բուհերում», սակայն չուզենալով գցել իր բուհի հեղինակությունըՙ նա ավելացրեց. «Մեր բուհում գիտելիք ունեցողն իր արժանի գնահատականը ստանում է»: Ուսխորհուրդների նախագահները շտապելով նշեցին, որ սովորողն իրեն արժանի գնահատական ստանում է, բայց կան դասախոսներ, որոնք երկու ոտքը մտցնում են մի կոշկի մեջ եւ ուսանողին գնահատում անբավարար միայն այն պատճառով, որ ուսանողը կաշառք չի տվել, այս ու նմանատիպ խնդիրներից բանախոսները գերադասեցին չխոսել:

  «Ազգի» հարցին` ինչպիսի՞ն է բարձրագույն կրթության որակը, եւ բանախոսներն ինչպե՞ս են վերաբերվում սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Արսեն Քարամյանի` վերջերս արած հայտարարությանը, թե Հայաստանում կրթությունը պետք է լինի թանկ եւ որակյալ, բայց միաժամանակ մատչելի այն խավի համար, որը տաղանդ ունի, սակայն սոցիալապես խոցելի է, պատասխանեցին 4 բանախոսներն էլ: Ցոլակ Հակոբյանի խոսքով` ԵՊՀ-ում 18 հազար ուսանող է սովորում, բայց համալսարանն ի վիճակի է ապահովելու միայն 8-9 հազար ուսանողի կրթությունը: Նույնիսկ համալսարանի շենքային պայմանները բավարար չեն դասերն անցկացնելու համար: Օրինակ` միջազգային հարաբերությունների ֆակուլտետում դասերը հաճախ ընդհատվում են լսարան չլինելու պատճառով:« Այսինքն` 10 հազար ուսանողներ խոչընդոտում են կրթություն ստանալու նորմալ գործընթացին: Զուտ այս մասով համաձայն ենք պարոն Քարամյանի հայտարարությանը: Ամեն անգամ բարձրաձայնում ենք, որ ընդունելության քննությունները խիստ անցկացվեն», ասաց Ց. Հակոբյանը եւ ավելացրեց . «Ես կողմ եմ, որ «Էլիտար» ֆակուլտետներում` միջազգային հարաբերությունների կամ իրավագիտության բաժիններում, վարձավճարներն ավելանան, բայց դրանց հաշվին, օրինակ` բնագիտական ֆակուլտետում վարձավճարը պետք է իջեցվի, որտեղ դիմորդների թիվը տարեցտարի նվազում է»:

Ի տարբերություն Ց. Հակոբյանի Լեզվաբանական համալսարանի ուսխորհրդի նախագահը փոխնախարարի հայտարարությանը կողմնակից չէ. «Չեմ կարծում, որ ուսման վարձի բարձրացումը կարող է նպաստել ուսման որակի բարձրացմանը: Վարձավճարների ներկայիս գներն արդեն բավարար են, դեռ մի բան էլ ավելի են, իսկ բուհ պետք է ընդունվեն միայն այն դիմորդները, որոնք գիտելիքներ ունեն»: Հասմիկ Ափյանի խոսքը լրացրեց Էմին Թորոսյանը` ասելով, որ կրթության որակը պետք է բարձրացվի. «Բայց դա չի նշանակում, որ երբ բարձրացվեն վարձավճարները, որակյալ կրթություն կլինի»: Վոլոդյա Գասպարյանն էլ ասաց. «Եթե ամեն մեկս մեր գործով զբաղվենք, ամեն ինչ իր տեղում կլինի, կրթության ու գիտության որակն էլ կբարձրանա»:

ԻՆԳԱ ՊԵՏՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4