Այն ժամանակ, երբ Արեւելյան գործընկերության հինգ երկրների գրեթե բացահայտորեն հասկացնում են, որ Եվրոմիությանն անդամակցության մասին առնվազն առաջիկա տասը տարիներին մտածել պետք չէ, Վրաստանի պարագայում, ստացվում է, Եվրոմիությունում բնավ էլ դեմ չեն, անգամ խորհուրդ են տալիս նման հայտ ներկայացնել:
Եվրոհանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզուն Բրյուսելում Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հետ համատեղ ասուլիսում, ըստ վրացական աղբյուրների, հայտարարել է, թե Վրաստանը պետք է Եվրոմիությանն անդամակցության պաշտոնական հայտ ներկայացնի, ինչը թույլ կտա խորացնել Վրաստան-ԵՄ հարաբերությունները: Միեւնույն ժամանակ դա, ըստ Բարոզուի, էներգետիկ հարցերին առնչվող ներդրումների առումով գրավիչ կդարձնի Վրաստանը:
Այս ամենը ներկայացվել է վրաց-ռուսական հարաբերությունների համատեքստում` Բարոզուի կողմից այդ հարաբերությունների առնչությամբ ԵՄ դիրքորոշման անփոփոխության հավաստմամբ: «Մենք սկզբունքորեն աջակցում ենք Վրաստանի եվրոինտեգրմանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Մենք բազմիցս նշել են, որ Վրաստանի տարածքի որեւէ մասի օկուպացիան մեզ համար ընդունելի չէ: Մենք այդ դիրքորոշումը կպահպանենք նաեւ ապագայում», հայտարարել է Բարոզուն, ավելացնելով, որ Արեւելյան գործընկերության քաղաքականության մեջ Վրաստանը ԵՄ կարեւոր գործընկերներից է:
Եվրոպայի խորհրդի նախագահ Հերման վան Ռոմպեյն էլ, իր հերթին, ըստ ԵՄ պաշտոնական հաղորդագրության, Սաակաշվիլու հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե Վրաստանի հետ ԵՄ համաձայնությունները վիզային ռեժիմի առնչությամբ պետք է շուտով մտնեն ուժի մեջ: Նրա խոսքերով եւ գնահատականով, Վրաստանը զգալի առաջընթաց է գրանցել Արեւելյան գործընկերության հիմնական` արժեքների ներդրման առումով: Ռոմպեյը բրյուսելյան հանդիպմանը ԵՄ անունից Վրաստանի նախագահին վստահեցրել է «շարունակել մասնակցությունը հակամարտությունների լուծման ջանքերին»:
Ինչ վերաբերում է էներգետիկ հարցերին, ապա այդ առնչությամբ ԵԽ նախագահը նախ հիշեցրել է, որ ԵՄ-ն հաջորդ տարի զգալի միջոցառումներ ու եռանդ է ներդնելու այս հարցի լուծմանը: Նա նաեւ ընդգծել է Վրաստանի դերը էներգետիկ տարանցման ուղիների զարգացման հարցում:
Այսպիսի գեղեցիկ խոսքերի կողքին Վրաստանի նախագահը չէր կարող առավել շռայլ չգտնվել, հատկապես որ Սաակաշվիլու պարագայում սիրաշահելը կարող է նաեւ արտահայտվել «Ադրբեջանի հետ համադաշնություն» ստեղծելու անհեթեթ ցանկության արտահայտմամբ: Ինչեւէ, Վրաստանի նախագահն իր բրյուսելյան հանդիպումներում ընդգծել է, որ ԵՄ-ը մեծապես կարեւոր է Վրաստանի համար` հույսով, որ մի օր ԵՄ-ն Վրաստանի համար կդառնա ոչ անցագրային ռեժիմ կիրառող տարածք:
Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ