«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


«ՀԱՅ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ ՄԻ ՕՐ ԿԱՅԱՆԱԼՈՒ Է»

Երեկ «Իրատես դե ֆակտո» ակումբի հյուրը քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանցն էր: Նա անդրադարձավ դեկտեմբերի 1-2-ին Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին, որն այս տարի, քաղաքագետի կարծիքով, առավել քան նախապատրաստված է լինելու: Ինչպես գիտենք, ԵԱՀԿ գագաթաժողովն ավարտվում է եզրափակիչ հռչակագրի ընդունումով: Ըստ Սուրեն Սուրենյանցի` կասկածից դուրս է, որ փաստաթուղթն անդրադառնալու է Լեռնային Ղարաբաղի հարցին. «Անկախ նրանիցՙ այն Հայաստանի համար ձեռնտու կլինի՞, թե՞ ոչ ,գրեթե վստահ եմ, որ Հայաստանն այլեւս ռեսուրս չունի փաստաթղթի վրա վետո դնելու համար, եւ Հայաստանի իշխանությունը փաստաթղթի բովանդակության վրա ազդել չի կարող»: Քաղաքագետի կարծիքով` ձեւակերպումները խիստ հայանպաստ կամ խիստ ադրբեջանանպաստ չեն լինի:

Անդրադառնալով «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ազատազրկման հարցին` Սուրեն Սուրենյանցը նշեց. «Ես մի քիչ ադեկվատ չեմ համարում այն պահանջը, թե ապահովեք Նիկոլ Փաշինյանի կամ մյուսների անվտանգությունը: Միակ պահանջը պետք է լինի հետեւյալը` ապահովեք այդ մարդկանց ազատության մեջ գտնվելու իրավունքը: Քանի դեռ մեր իշխանությունները չեն հասկացել, որ քաղկալանավոր ունենալով կորցնում են երկիր, Ղարաբաղ եւ բանակցային գործընթացում շատ կարեւոր դիրք` միշտ դատապարտված են լինելու ձախողումների»: Այս թեմայով առաջիկայում բանախոսը նամակ է հասցեագրելու հանրապետության նախագահին եւ հուսով է, որ նամակը որոշակի արձագանքներ կունենա:

Հայաստանում անցկացնե՞լ ադրբեջանական ֆիլմերի փառատոն, թե՞ ոչ: Վերջին օրերին հասարակության ու մամուլի մեջ այս թեման եւս քննարկվեց: Հիշեցնենք, որ փառատոնը կազմակերպելու էր «Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնը», որի ղեկավարը Գեորգի Վանյանն է: Սուրեն Սուրենյանցն այս մասին եւս խոսեց. «Գեորգի Վանյանի արածներից կամ ասածներից շատ բաներ ես չեմ ընդունում, բայց միաժամանակ ինձ համար խորթ ու տարօրինակ է այն հիստերիկ մթնոլորտը, որը ստեղծվել է այդ փառատոնի շուրջը»:

Սուրեն Սուրենյանցը բացասական ոչինչ չի տեսնում, եթե Հայաստանում ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպվի. «Ճիշտ կլիներՙ Բաքվում էլ հայկական կինոփառատոն կազմակերպվեր: Ընդհանրապես ճիշտ կլիներ, որ հասարակությունները երկխոսություն վարելու ձեւեր գտնեին: Ամաչում եմ, որ Հայաստանում որեւէ գործարար չեղավ, որը համարձակություն ունենար տարածք տրամադրելու այդ փառատոնի անցկացման համար»: Ինչ վերաբերում է ընտրված ադրբեջանական ֆիլմերի բովանդակությանը, բանախոսը կարծում է, որ ֆիլմերի ցանկը կարելի էր քննարկել եւ ասել, որ այնպիսի ֆիլմեր ներկայացվեն, որոնք չունեն քաղաքական ենթատեքստ: Քաղաքագետի խոսքով` ի վերջո, պետք է ընդունել, որ հայ-ադրբեջանական երկխոսությունը մի օր կայանալու է. «Աստված մեր ազգերին հարեւանություն է ընձեռել: Ուզենք թե չուզենքՙ պետք է հարաբերվենք: Ինչքան շուտ կարգավորվեն այդ հարաբերություններն, այնքան լավ»:

Ի. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4