«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2010-11-17 | #212, 2010-11-18 | #213, 2010-11-19


ՀԴՄ ԿՏՐՈՆՆԵՐՈՎ ՀԻՄԱ ԷԼ ԱՎՏՈՄԵՔԵՆԱ

Կառավարությունը երեկ հերթական անգամ փոփոխություններ է կատարել ՀԴՄ կտրոնների վիճակահանության եւ բոնուսների կարգում: Ավելի ճիշտ, վիճակահանության կարգը փոփոխել է, եւ ամբողջովին վերացել է չշահած կտրոնների դիմաց բոնուսների տրամադրումըՙ սկսած այս տարվա 4-րդ եռամսյակի կտրոններից: Մանրամասներն այդ մասին լրագրողներին ներկայացրեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Արմեն Ալավերդյանը :

Ինչպես տեղեկացրեց պետեկամուտների կոմիտեի փոխնախագահը, այսուհետեւ արդեն շահող են համարվելու նաեւ ՀԴՄ կտրոնի ութանիշ թվի առաջին եւ վերջին երկու համընկնող թվերը: Երկու թվի համընկման դեպքում շահումը կազմելու է 500 դրամ:

Հաջորդ նորույթն այն էր, որ խաղարկվելու են նաեւ ավտոմեքենաներՙ յուրաքանչյուր խաղարկման համար 10 ավտոմեքենա: Ընդ որում, ըստ Արմեն Ալավերդյանի, խաղարկությունը շարունակվելու է այնքան, մինչեւ այդ ավտոմեքենաները գտնեն իրենց շահողին: Այսինքնՙ 8 նիշ համընկնելու դեպքում շահումը լինելու է ավտոմեքենա եւ 1 մլն դրամ, 7 նիշ համընկելու դեպքումՙ ավտոմեքենա եւ 100 հազար դրամ, իսկ եթե դա տեղի չի ունենում, ապա ավտոմեքենա կարող են շահել 6 թվի համընկման դեպքում ամենամեծ գնումներ կատարած կտրոնները, եթե դա էլ չի լինումՙ 5 թվի համընկման դեպքում եւ այդպես մինչեւ լինի շահումը:

Եվ վերջապեսՙ բոնուսների մասին: Արմեն Ալավերդյանը հայտնեց, որ դրամական տեսքով բոնուսներն այլեւս չեն լինելու: Դրա փոխարեն այս տարվա վերջին 4-րդ եռամսյակում եւս խաղարկվելու են 10-ական ավտոմեքենաներՙ ընդհանուր թվով 30 ավտոմեքենա: Սակայն, թե այս խաղարկությունն ինչպես է լինելու, անհասկանալի մնաց:

Ա. Մ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4